Մարտի 29, 2024

«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 20, 2023

««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է «էներգետիկայի մասին» օրենքի 50-րդ հոդվածում 2022 թվականը փոխարինել 2025 թվականով։ Փոփոխությունն ուղղված է հանրապետության նախագահի` 2020-2025 թթ. ծրագրի դրույթների կատարմանը, որի համաձայն էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը, անվտանգության բարձրացմանը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը՝ ասում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը։


«Սույն օրինագծի կատարումը ներկա իրավիճակում առավել քան արդիական է՝ կապված ԱՀ շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ ահաբեկչության պատճառով ստեղծված էներգետիկ իրավիճակը հաղթահարելու և էլեկտրաէներգետիկական համակարգի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու անհրաժեշտությամբ։ Օրինագիծն իր էությամբ հանդիսանում է վերականգնվող և էներգիայի խնայող համակարգերի զարգացման քաղաքականության ուղղված միջոցառում։ Օրինագծի ընդունմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը չի ենթարկվի կարգավորման տեղակայանքների կառուցման և արտադրման ժամանակահատվածում։ Արևային էներգիայի կիրառման ինքնավար էներգաարտադրողների հնարավարություն կընձեռվի սեփական կարիքները բավարարելու համար առանց լիցենզիայի կառուցել մինչև 500ԿՎ արևային տեղակայանք, մինչև 2025 թ դեկտեմբերի 31-ը»։


Օրինագիծն արժանացել է փորձագիտական ծառայության դրական եզրակացությանը։ Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր 4 անդամները կողմ են քվեարկել օրենքում առաջարկվող փոփոխություններին։ Հանձնաժողովի նիստի երկրորդ հարցը ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն էր։ Այն ներկայացրել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանը։ Գնահատման գործունեությունը հանրապետությունում կանոնակարգվում է քաղաքացիական օրենսգրքի՝ անշարժ գույքի գրանցման մասին օրենքի և գնահատման ստանդարտի հիման վրա, սակայն գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում մի շարք իրավահարաբերություններ՝ ասում է Արմինե Միրզոյանը։


«Կարգավորման առարկա է միայն անշարժ գույքը, սակայն ներկայումս շարժական գույքի գնահատումը զգալի մասնաբաժին է կազմում առկա իրավահարաբերություններում, մասնավորապես, վարկավորման և ապահովագրական ոլորտներում։ Օրեսդրությամբ նախատեսված գնահատման պարտադիր դեպքերը չեն ներառում բոլոր այն իրավահարաբերությունները, որտեղ գույքի իրական շուկայական արժեքի արտացոլման անհրաժեշտություն կա։ Գործող օրենսդրությունը լիազոր մարմնի համար որևէ գործիք կամ մեխանիզմ չի նախատեսում, որով հնարավոր լինի պարզել որակավորված անձանց կողմից կատարված գնահատությունները»։


Ներկայացվող նախագծով առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել Արցախի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության գնահատման գործունեության վրա։ Առաջարկվում է ոլորտում կիրառել միջազգային ստանդարտներ։


«Առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը՝ որպես գնահատման պարտադիր դեպքեր սահմանելով նաև պետական և համայնքային կարիքների համար գույք վարձակալելու և պետական ու համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերը, ինչպես նաև գույքի սեփականատիրոջը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սնանկ ճանաչելու և գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերը»։


Օրենքի նախագծով խմբագրվում է գրեթե ամբողջ օրենքը։ Հանձնաժողովի անդամների որոշմամբ՝ նախագիծը լիագումար նիստին կներկայացվի երկու ընթերցմամբ։

 

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ