Ապրիլի 18, 2024

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունն Արցախի և Սյունիքի զարգացման  ծրագրեր է իրականացնում

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 25, 2023

Օգնել հայ ժողովրդին և նրան աջակցողներին, որպեսզի իրացնեն իրենց ներուժը՝ ապահովելու համար Արցախի, Սյունիքի և առհասարակ Հայաստանի անվտանգությունը և նպաստել  նրա սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացմանը․ «Մենք ենք մեր սարերը» տարածաշրջանային զարգացման գործակալության առաքելությունը Գրիգորի Մարտիրոսյանն այսպես է ձևակերպում։ Գործակալությունը հիմնադրել են գործարար, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։ Նվիրատուների աջակցությամբ գործակալությունն իրականացրել և իրականացնում է մի շարք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո գործակալության առաջնահերթությունները կապված են արցախցիների կենսական կարիքների բավարարման  հետ՝ ասում է Գրիգորի Մարտիրոսյանը։

«Գործակալության գործունեությունը ունի երկու հիմնական ուղղություն։ Առաջինը դա ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացումն է, երկրորդը՝ հանրային նշանակության նյութատեխնիկական ուղղվածության ծրագրերի իրականացումը։ Այս ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ, ավելի քան 4 մլն դոլարի գումար է հավաքվել, և ծրագրեր են իրականացվել այդ երկու ուղղություններով»։

Ռազմավարական ուղղվածությունը ներառում է տեղեկատվական, կոմունիկացիոն, կրթական ծրագրեր։ Ներկայումս պլանավորվում է իրականացնել կրթական մի քանի ծրագիր։ Նյութատեխնիկական ուղղվածության ծրագրերը իրականացվում են մի քանի ամսվա ընթացքում, դրանցից է պարենային ռեզերվի լրացմանն ուղղված ծրագիրը։ Գործակալությունը սերտ համագործակցում է Արցախի  և Հայաստանի կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ հաստատությունների հետ՝ ասում է զրուցակիցս։ Գործակալությունը վերջերս համապատասխան հուշագրեր է ստորագրել Արցախի պետական կառավարման համապատասխան մարմինների հետ, որի շրջանակում ավելի քան 260 տոննա պարենամթերք հանձնվել է համապատասխան մարմիններին՝ պետական պահուստի համալրման և բնակչության առանձին խավերին տրամադրելու համար։ Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացնում է նաև Արցախի էներգետիկ համակարգին ուղղված աջակցության ծրագրերը։

«Իրականացվել են տարբեր միջոցառումներ․ Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համար ձեռք են բերվել էլեկտրական գեներատորներ, որոնց շնորհիվ հովհարային անջատումների ժամանակ  քաղաքի ջրամատակարարումը շարունակվում է։ Տարբեր արևային գեներատորներ են ձեռք բերվել, մարտկոցներ։ Մեր գործակալության գործընկեր ընկերությունների շնորհիվ  Արցախի բնակչության համար ձեռք է բերվել և մատակարարվել փայտի վառարաններ, որոնք բաշխվել են բնակչությանը, կրթական ու առողջապահական հաստատություններին»։

Գործակալության ծրագրերի ցանկի կարևոր ու առաջնահերթ ծրագրերից Գրիգորի Մարտիրոսյանն առանձնացնում է առաջնային բուժօգնության մոբիլ բրիգադների ստեղծումը։ Ծրագիրը նպատակ ունի ապահովել առաջնային բուժօգնության շարժական ծառայությունների հասանելիություն Արցախի երեք շրջանների գյուղական համայնքերում բնակվող շուրջ 15.000 մարդու համար:

«Այդ ծրագրի իրականացման շնորհիվ մենք յուրաքանչյուր մարզում կունենանք առանձին մոբիլ, շարժական առողջապահական բրիգադ, որը կիրականացնի բնակչության առաջնահերթ սանիտարաբժշկական հետազոտությունը, և դա կանի շատ օպերատիվ։ Այդ շարժական բրիգադները  հագեցած կլինեն համապատասխան, ժամանակակից բժշկական տեխնիկայով։ Կստեղծվի այդպիսի առնվազն 3 բրիգադ՝ Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում։ Այս պահին մեկ բրիգադ գրեթե ձևավորված է»։

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը ծրագրեր է իրականացնում գրեթե բոլոր ոլորտներում։ Քաղաքաշինության նախարարության հետ իրականացվող ծրագերը պատերազմի ժամանակ հրետակոծությունից տուժած տների վերականգնման աջակցմանն են ուղղված։ Կարևոր և առաջնահերթ ծրագրերից մեկն էլ արևային ջրատաքացուցիչների տրամադրումն է։ Չգազաֆիկացված բնակավայրերում գտնվող շուրջ 3000 տնային տնտեսությունների համար նախատեսված այս ծրագիրը դեռևս չի մեկնարկել։

«Մենք ունենք ծրագրեր, որոնք ուղղված են գյուղատնտեսության ոլորտին, ունենք ծրագրեր, որոնք նախատեսում ենք իրականացնել էներգետիկայի ոլորտում։ Մեր գործակալության հիմնական շեշտադրումը՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության ապահովումն է։ Մեր բոլոր ծրագրերը իրականացնում ենք կառավարության հետ համատեղ»։

Գործակալության ծրագրերը ուղղված են Արցախի համաչափ զարգացմանը՝ ասում է Գրիգորի Մարտիրոսյանը։ Թե՛ էներգետիկ, թե՛ պարենային, թե՛ առողջապահական ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում նաև այս սկզբունքը։Տարածքային զարգացման գործակալությունը օգնում է ժողովրդին Արցախում և նրա սահմաններից դուրս՝ պաշտպանելով մարդկանց, որոնց կյանքը տուժել է հակամարտությունից՝ ընդգծում է Գրիգորի Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին ու աջակիցներին, որոնց շնորհիվ իրականացվում են ծրագրերը:

Արցախի հանրային ռադիո
Last modified on Շաբաթ, 25 Մարտի 2023 14:39
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ