Մարտի 29, 2024

Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ առկա է ավելի քան 150 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն

By Վիկտորյա Սարգսյան Ապրիլի 26, 2023

Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ ներկայումս առկա է ավելի քան 150 մլրդ դրամի պարտավորություն՝ խորհրդակցությանը հայտարարել է պետնախարարը։ Այդ պարտավորությունները անհրաժեշտ է վերադարձնել։

«Ներդրումային հիմնադրամի տնօրենին հիմա խնդրում եմ առաջիկա օրերին սկսել պարտավորություն ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցելու գործընթացը։ Տվեք նրանց ողջամիտ ժամկետ պարտավորությունները կատարելու համար, իսկ այդ ժամկետում վճարումներ չկատարվելու դեպքում նախապատրաստեք հայցեր՝ դատական կարգով հիմադրամին պատճառված վնասները բռնագանձելու համար։ Հասկանում եմ, որ աշխատանքի ծավալը մեծ է, բայց, եթե քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում առանձին սուբյեկտների մասով հնարավոր չլինի հասնել պարտավորության կատարման, ապա ամբողջությամբ ուսումնասիրեք նաև այդ գումարների նպատակային օգտագործման խնդիրը և հանցագործության մասին վկայող տվյալներ հայտնաբերելու դեպքում, նախապատրաստեք հանցագործության վերաբերյալ հաղորդումներ ու ներկայացրեք իրավապահ մարմիններին»։ 

Պետնախարարի խոսքով՝ Արցախն այսօր կանգնած է դժվարագույն մարտահրավերների առջև։ Արցախի հանրապետության քաղաքացիները ամեն օր ստիպված են հաղթահարել շրջափակման հետևանքով ստեղծված դժվարությունները։ Պետությունը փորձ է անում մեղմել այդ դժվարությունները, լինել քաղաքացիների կողքին, մինչդեռ այդ ամենի համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ՝ ասում է Գուրգեն Ներսիսյանը։

«Դժբախտաբար, մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ տարբեր շրջանակների մոտ տարբեր իրականություններ են։ Ունենք սոցիալական խնդիրների բեռի տակ ապրող հազարավոր տեղահանվածներ, ունենք իրականությունից կտրված քաղաքական գործընթացներով տարվածներ, ունենք երկրորդ բնակարանը պետությանը վաճառելու մրցավազքի մեջ մտածներ՝ այդ թվում նախկին և ներկա պաշտոնյաններ, ունենք Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ պարտավորություններ ունեցող բազմաթիվ ֆիզիկական ու իրավաբանական անձինք, որոնք Արցախի հանրապետությունը փրկելու մասին հայտարարություններ անելու փոխարեն, ընդամենը բավարար է, որ կատարեն իրենց գույքային պարտավորությունները և հիմնադրամին վերադարձնեն այն միջոցները, որոնք նրանք ժամանակին ստացել էին այս կամ այն գործունեության համար»։ 

Ներդրումային հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների մարման հետ կապված խնդիրներց զատ, կան այլ հարցեր, որոնք ավելի շատ ներքին բնույթի են՝ նշել է Գուրգեն Ներսիսյանը։ Հիմնադրամի տնօրենի ու հոգաբարձուների խորհրդի անդամների հետ այս հարցերը նույնպես քննարկվել են։

«Հիմնադրամի ենթակայությամբ և հիմնադրմամբ գործում են իրավաբանական անձինք, որոնց, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի անդամներին վճարվում են երբեմն միլիոնների հասնող աշխատավարձեր։ Սա այն դեպքում, երբ նույն ներդումային հիմնադրամը կամ նույն կազմակերպությունները գործում են պետության ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմամբ, իսկ շատ հաճախ մերժվում են քաղաքացիների այս կամ այն ծրագիրը ֆինանսավորելու խնդրանքնրը կամ հայտերը՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով»։

Հանդիպման վերջում պետնախարարը լսել է ներդրումային հիմնադրամի տնօրենի ու աշխատակազմի մտահոգություններն ու առաջարկությունները։ Որոշվել է առաջիկայում ավելի նեղ կազմով քննարկում նախաձեռնել՝ հիմնադրամի գործունեության հետ կապված այլ խնդիրներ քննարկելու համար:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ