Մարտի 29, 2024

Մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

By Մարգարիտա Ղուշունց Ապրիլի 19, 2022
Մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը Artsakhpress.am

«Արծվիկ» ռազմամարզական խաղերի մրցումների հանրապետական փուլը  մեկնարկեց  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրապարակում: Այն կազմակերպվել է ԿԳՄՍ-ի, ԱՀ Պաշտպանության նախարարության և ՆԳՆ ԱԻՊԾ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Հանրապետական փուլին մասնակցում են այն դպրոցականների թիմերը, որոնք հաղթել են շրջանային և քաղաքային փուլերում։ Միշտ էլ անհրաժեշտ ու կարևոր են եղել այսօրինակ մրցույթների կազմակերպումը։ Նման միջոցառումները համախմբվածության, հայրենասիրության ու պետականակերտման հիմքերն են: Այսօր, առավել քան երբևէ, պետք է կիրթ և մարտունակ սերունդ դաստիարակել՝ ողջույնի խոսքում ընդգծել  է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

«Մեր պետության համար այս ծանր պայմաններում մեր ժողովրդի կարևոր հաղթաթուղթն այնպիսի սերունդ դաստիարակելն ու կրթելն է, որն ի վիճակի է կերտելու ներկան ու ապահովագրելու մեր լուսավոր ապագան: Ազատությունը , անկախությունը, առավել ևս պետականությունը որպես նվեր չեն ստանում, այլ նվաճվում են: Մենք պետք է ունակ լինենք կերտելու այնպիսի սերունդ, որը պատրաստ է արժանապատիվ պատմություն ստեղծելու, ինչին էլ ուղղված են նաև «Արծվիկ» ռազմամարզական մրցումները»:

Նախազորակոչային տարիքի աշակերտների միջև «Արծվիկ» ռազմամարզական խաղերի անցկացումը սկսվել է դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին։ «Արծվիկ» ռազմամարզական խաղերն այս տարի նույնպես նախատեսված է անցկացնել երեք օր՝ շարային պատրաստություն, Կալաշնիկովի ինքնաձիգով հրաձգություն, պահեստատուփի լիցքավորում, քաղպաշտպանություն և ֆիզիկական պատրաստություն մրցաձևերում: Այս տարի «Արծվիկ» ռազմամարզական խաղերն ունեն այլ առանձնահատկություն ու խորհուրդ՝ ասում է  ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը:

«Նպատակն է պատանիներին պատրաստել պաշտպանության, Արցախն այն վիճակում է հիմա, որ պետք է բոլորը կարողանան զենք բռնել՝ երկիրը պաշտպանելու համար։ Պատմությունը ցույց է տվել, որ միայն զենքով կա հայրենիքի փրկություն»։

Այս տարի մրցումներին մասնակցում են Շուշիի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ջոկերը։  Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի աշակերտուհի Մերի Սարգսյանն, որն առաջին անգամ է մասնակցում խաղերին, վստահ է, որ Շուշիի ջոկն է հաղթելու․

«Շատ երկար ենք պատրաստվել․ հավաքվում էինք նույնիսկ կիրակի օրերին, որպեսզի կարողանանք լավ արդյունքներ գրանցել ու բարձր պահել Շուշիի անունը»։

Մեզ հետ զրույցում դպրոցի զինղեկ Վարուժան Ծատրյանը նշեց, որ բոլոր ջոկերն էլ լավ են  պատրաստվել: «Մրցակցությունը թեժ կլինի, սակայն վստահ եմ, որ Շուշիի ջոկը անպայման մրցանակային տեղ  կզբաղեցնի», -ասում է: «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մրցանակակիրները  կազմակերպիչների կողմից կարժանանան պատվոգրերի, դրամական խրախուսանքի և նվերների:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ