Ապրիլի 25, 2024

«Սպորտլանդիա»՝ մայրաքաղաքի դպրոցների աշակերտների համար

By Վիկտորյա Սարգսյան Ապրիլի 22, 2022

Բարձրացնել երեխաների հետաքրքրությունը դեպի ֆիզիկական կուլտուրան և սպորտը, բարելավել աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ամրապնդել առողջ կենսակերպը։ Այս նպատակներն է հետապնդում «Սպորտլանդիա» մրցույթը, որն արդեն բարի ավանդույթ է դարձել մարզասեր դպրոցականների համար:  Մրցույթին մասնակցում են Ստեփանակերտի բոլոր դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտները։ Ներդպրոցական փուլում աշակերտների միջև անցկացվել են առանձին մրցումներ, որոնց արդյունքում ձևավորվել են հավաքական թիմերը։ Գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանի խոսքով՝  յուրաքանչյուր դպրոցից մասնակցում է մեկական թիմ՝ 5 տղա, 5 աղջիկ կազմով։ 

«Հիմնականում խաղային մարզաձևեր են՝ փոխանցումավազքեր տարբեր ձևերի։ Մրցույթի հիմնական նպատակն է երեխաների մոտ զարգացնել արագաշարժությունը, ճարպկությունն ու ճկունությունը»։

Մեկնարկը տրված է։ Առաջին մասնակից երեխան մրցավարի հրահանգով վազքով մոտենում է ներքնակին, վերցնում օղակը, ոլորապտույտ վազքով արագ անցնում 5 կանգնակների միջով, օղակը գցում է կանգնակի վրա և արագ վերադառնում մեկնարկային գիծ։ Եվ այդպես շարունակ՝  մինչև վերջին մասնակիցը։ Յուրաքաչյուրը ձգտում է կատարել իր առջև դրված խնդիրը և օգնել թիմին։

«Առաջին անգամ եմ մասնակցում այս մրցույթին և շատ եմ ուզում հաղթել։ Նախապես պատրաստվել ենք։ Շատ եմ սիրում մասնակցել այսպիսի մրցույթներին, որովհետև հետաքրքիր է անցնում»։

Կարեն Մելքումյանի խոսքով՝ լավ արդյունքներ գրանցելու համար, թիմերը նախապես պատրաստվում են։ 1-3-րդ տեղերը զբաղեցրած դպրոցները կարժանանան հավաստագրերի և գավաթների։ Իսկ առաջին տեղը գրաված թիմը կմասնակցի ՀՀ-ում «Սպորտլանդիա» մրցույթի եզրափակիչ փուլին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ