Մարտի 28, 2024

Արցախի առաջին ոսկե մեդալը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

By Վիկտորյա Սարգսյան Հոկտեմբերի 08, 2022

Արցախն իր սպորտային պատմության մեջ առաջին անգամ բռնցաքամարտի Եվրոպայի չեմպիոն ունի։ Եվրոպայի առաջնությունում Էրիկի յուրաքանչյուր հաղթանակը հայրենիքում ուրախացնում ու ոգևորում էր յուրաքանչյուրիս։ 4 մենամարտ և 4 փայլուն հաղթանակ ունեցավ Էրիկը։ Նրա խոսքով՝ ամենադժվարը կիսաեզրափակչի և եզրափակչի մարտերն էին։ Բայց հաղթելու ցանկությունն ու հավատը շատ մեծ էր։ 

«Մինչև ռինգ դուրս գալը ես իմ ներսում արդեն հաղթած էի։ Կարողացա հաղթահարել վախն ու լարվածությունը։ Երևի իմ մրցակցից ավելի շատ էի ուզում հաղթել։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանի ու մեր ժողովրդի համար այս ծանր շրջանում կարողացա մի  փոքր ուրախություն բերել»։

 Առաջին մենամարտում Էրիկ Առստամյանը 52 կգ քաշային կարգում փայլուն հաղթանակ է տարել թուրք մարզիկի նկատմամբ: Երկրորդ մենամարտը Բուլղարիան ներկայացնող մարզիկի հետ էր, որը ևս ավարտեց 4-1 հաշվով հաղթանակով։ Հաղթելով Իռլանդիան ներկայացնող մարզիկին Էրիկը անցավ եզրափակիչ։ Սա 8 տարվա աշխատանքի արդյունք է՝ ասում է Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Նարեկ Աբրահամյանը։ 

«Սա ընդամենը հերթական փուլերից մեկն է։ Մենք այսքանով չենք սահմանափակվում և կանգ չենք առնում։ Մենք գիտեինք, որ կգա այս օրը, պարզպես հարցը ժամանակի  մեջ էր։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեր կողքին էին և հավատում էին այս հաղթանակին»։

 Եզրափակիչ մենամարտում Էրիկ Առստամյանը փայլուն  հաղթանակ տոնեց անգլիացի Սթիվեն Լինգտոնի նկատմամբ, ով առաջնության ֆավորիտներից էր: Առաջին ռաունդում անգլիացին տեխնիկապես ավելի գրագետ գործեց ու հնարամիտ գործողություններով շահեց։ Բայց Էրիկը չընկճվեց և 2-րդ ռաունդում նետվեց գրոհի ու առավելության հասավ։ Զգալով մրցակցի թույլ կողմերը արցախցի մարզիկը 3-րդ վճռորոշ ռաունդում կրկնապատկեց ջանքերն ու հաղթելով անգլիացուն՝ նվաճեց Հայաստանի հավաքականի 2-րդ ոսկե մեդալը։ 

«Ասում են ամենադժվարը եզրափակիչ հասնելն է, մեծ ջանքեր են գործադրվում դրա համար։ Եթե դու հասել ես եզրափակիչ, արդեն հաղթել ես։ Բայց եթե եզրափակչում նույնպես բարձրացնում են ձեռքդ, դու բացարձակ չեմպիոն ես։ Հենց այդպես Էրիկ Առստամյանը դարձավ Եվրոպայի առաջնության բացարձակ չեմպիոն»։

 Մոտ 10 տարի առաջ ոչ ոք չեր կարող պատկերացնել, որ արցախցի մարզիկները կարող են այսպիսի արդյունքներ գրանցել՝ ասում է Նարեկ Աբրահամյանը։ Սա իսկապես մեծ նվաճում է ոչ միայն Էրիկի և իր մարզիչի, ալյև Հայաստանի և Արցախի սպորտային աշխարհի համար։

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 08 Հոկտեմբերի 2022 18:32
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ