Ապրիլի 25, 2024

Ստեփանակերտում դիմավորել են փոխչեմպիոն Տիգրան Գևորգյանին

By Անի Աբաղյան Նոյեմբերի 22, 2022
Նոյեմբերի 15-ից 20-ը Սլովենիայում տեղի է ունեցել ավանդական կարատեի աշխարհի 21-րդ առաջնությունը: 3 տարի ընդմիջումից հետո ավանդական կարատեի առաջնությանը մասնակցել է 25-30 պետություն, այդ թվում Հայաստանի հավաքականը. նրանց կազմում առաջնությանը մասնակցել է արցախցի մարզիկ Տիգրան Գևորգյանը։  
 
«Ունեցա ընդհանուր 5 մարտ, որից 4 մարտը անընդմեջ հաղթել եմ. առաջին մարտս Լեհաստանի ներկայացուցչի հետ էր, երկրորդը՝ Ռումինիայի, երրորդը՝ Բրազիլիայի: Կիսաեզրափակչում հաղթել եմ բրազիլիացի մարզիկին, բայց եզրափակչում, ցավոք, թե՛ սպորտային հաջողություն էր, թե՛ անհաջողություն գրավեցի 2-րդ հորիզոնականը»:
 
  Առաջնությանը մասնակցում էին կարատեի հարուստ ավանդույթներով երկրների հավաքականներ։  Փոխչեմպիոնը հպարտ է, որ այս մեծ ու հզոր երկրների կողքին կարողացել է Արցախը, Հայաստանը պատվով ներկայացնել: 
 
«Մրցաշարում ընդգրկված էին աշխարհի լավագույն, ուժեղ թիմերը, ինչպիսիք են Բրազիլիան, Եգիպտոսը, Իտալիան, Ռումինիան, այդ թվում Արցախից Տիգրանը՝ ես: Այսքանով մենք չենք եզրափակվելու, քանի որ արցախցին անկոտրում է: Մենք մարզվելու ենք, պատրաստվելու ենք գալիք տարվա Եվրոպայի առաջնությանը, որ վերացնենք թերություններն ու ցույց տանք մեր ողջ ուժը»:  
 
Տիգրան Գևորգյանի մարզիչն իր  հայրն է՝ Արամ Գևորգյանը: Ավանդական կարատեի աշխարհի 21-րդ առաջնությունում նվաճած հաղթանակը փոխչեմպիոնը զոհված ընկերներին է նվիրել: 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ