Ապրիլի 14, 2024

Լաչինի միջանցքն արգելափակված է. Արցախում ավանդական ձևոով չեն դիմավորելու սամբոյի Եվրոպայի չեմպիոնին

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 26, 2023
Ձյուդոյի և Սամբոյի M20 չեմպիոն, Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր, Սամբոյի Եվրոպայի չեմպիոն: Սա Արման Ավանեսյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Արմանը ձյուդոիստ է, այս մարզաձևով սկսել է զբաղվել 8 տարեկանից ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանի մոտ, շարունակել՝ դպրոցական, ուսանողական նաև զինվորական ծառայության ժամանակ:
 
«Ծառայության ընթացքում նույնպես զբաղվում էի սպորտով: Պետության աջակցության շնորհիվ կարողանում էի ծառայության ընթացքում մասնակցել ուսումնական հավաքների, տարբեր առաջնությունների: Ծառայությունս ավարտելուց հետո հետաքրքրություն սկսեց առաջանալ հարվածային մարզաձևերի նկատմամբ: Ձյուդոյի հետ համատեղ որոշեցի զբաղվել նաև մարտական սամբոյով»։
 
Մեծահասակների առաջնություններում Եվրոպայի ոսկին Արմանի առաջին մեդալն է: NF::BOLDSTART«Կանեմ ամեն ինչ, որ չլինի վերջինը»: NF::BOLDEND Խոսելով առաջնության մասին Արման Ավանեսյանն ասում է՝ չնայած կային շատ խանգարող հանգամանքներ, բայց առաջնությունը բավականին հաջող անցավ: Հեռավորությունն անհանգստությունն ավելի է մեծացնում: Հայրենիքում տիրող իրավիճակը չէր կարող չանհանգստացնել:
 
«Բոլոր մրցումներին ես մասնակցում եմ առանց անձնական մարզչիս, հարազատներիցս ոչ ոք ևս ներկա չէր լինում: Այդ առումով այդքան շատ տարբերություն չեմ զգացել: Բայց հիմա գտնվում եմ Հայաստանում: Մոտակա ժամանակները հույս ունեմ կկարողանամ վերադառնալ Հայրենիք: Բայց ես միշտ գտնվում եմ կապի մեջ հարազատներիս հետ: Նրանք մեծ ներդրում ունեն իմ հաղթանակների մեջ»:
 
Եզրափակչում Արման Ավանեսյանը պետք է մրցեր Բելառուսի ներկայացուցչի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով չի ներկայացել մրցագորգ: Արդյունքում արցախցի մարզիկը հռչակվել է չեմպիոն: Կիսաեզրափակչում մարզիկը մրցել է մրցաձևում աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի մարզիկի հետ:
 
«Նա շատ փորձառու սպորտսմեն է, անցնելով նրան ես վստահ էի, որ մյուս մրցակցին ևս կանցնեմ: Դրա համար եզրափակչում մրցակցիս չներկայանալը ոչ մի ազդեցություն չունեցավ զգացողություններիս վրա»:
 
Անկախ հանգամանքներից այսօր Հին աշխարհամասի մարտական սամբոյի չեմպիոնը արցախցի Արման Ավանեսյանն է: Սա նրա երազանքն էր: Չեմպիոնը երազում էր նաև, որ նրան դիմավորեն Արցախում. «Մենք ենք մեր լեռները» հուշահամալիրի մոտ. հանդիսավոր արարողությամբ, դափնիներով և աղ ու հացով... Այս մի երազանքը դեռևս իրագործման է սպասում։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023 16:41
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ