Print this page

ԱՀ տնտեսության հետպատերազմյան արդի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում՝ ԱրՊՀ-ում

By Ասպրամ Ավանեսյան Սեպտեմբերի 30, 2022
Հետապատերազմյան Արցախում բոլոր միջոցառումները մեկ րոպե լռությամբ են սկսվում՝ ի հիշատակ նահատակված քաջորդիների: Անկախ նրանից՝ միջոցառումը պատերազմին, կրթությանը, թե տնտեսությանն է վերաբերում: Յուրաքանչյուրն իր գործունեության ոլորտում պետք է կարողանա արժանի  լինել նահատակների թափած արյանը՝ համոզված են  Արցախի մայր բուհում։  Նախաձեռնելով  «ԱՀ հետպատերազմյան տնտեսության իրավիճակի արդի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկումը,  նախաձեռնողները նպատակ ունեն  նպաստել ոլորտի զարգացմանը։  Տնտեսապե՛ս պետք է զարգացնենք մեր երկիրը՝ ասում են: Պատերազմի հետևանքները չէին կարող չանդրադառնալ Արցախի տնտեսության վրա: Մինչև 2020 թ. Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակն ու միտումները բավականին հուսադրող էին՝ ասում են քննարկման մասնակիցները:     44-օրյա պատերազմից հետո ամեն ինչ փոխվել է․ պետության ընդհանուր տարածքի 75 տոկոսի կորուստը չէր կարող չազդել տնտեսության զարգացման վրա: Պատերազմի հետևանքները բազմաշերտ են՝ ասում է «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Յանա Բեգլարյանը՝ ներկայացնելով պատերազմից հետո Արցախում առկա ֆինանսատնտեսական իրավիճակը: 
 
«Պատերազմից հետո տնտեսության մեծ մասը կաթվածահար է եղել, ինչը համապատասխան կերպով արտացոլվել է մակրոտնտեսական տարեկան ցուցանիշներում: 2020թ. ՀՆԱ-ն կազմել է 270,9 մլդ դրամ, նախորդ տարվա՝ 342,5 մլդ դրամի դիմաց, հանգեցնելով 22,4 տոկոս տնտեսական անկման: 2021 թ. ՀՆԱ-ն կազմել է 249,4 մլդ դրամ, նախորդ տարվա համեմատ նվազելով 12,7 տոկոսով»:
 
 Պատերազմը զգալի ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության վրա: Կտրուկ անկում է ապրել գյուղատնտեսության համախառն արտադրանքը: Այժմ  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում Մարտունու, ապա Ասկերանի շրջաններին:
 
 «Նախքան ռազմական գործողությունները Արցախում ավելի քան 130 հազար հա վարելահող կար, որոնց շուրջ 75 տոկոսը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Կորցրել ենք շատ ենթակառուցվածքներ: Այգեգործության ճյուղում նույնպես  կորուստները բավականին մեծ են»:
 
 Պատերազմից հետո աշխատանքներ են տարվում նոր ենթակառուցվածքների ստեղծման, նախկինում չօգտագործվող հողատարածքները թփուտներից ազատելու և մշակելի դարձնելու համար: Դրանք  կհեշտացնեն գյուղատնտեսությամբ զբաղվելը՝ ասում է   Գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը: Ոլորտում առաջացած խնդիրները լուծելու համար գերատեսչությունը տասնյակ ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել: 
 
«Բուսաբուծության ոլորտում այդ ծրագրերի շարքին է դասվում ջերմոցային տնտեսությունների զարգացումը, որը երկակի էֆեկտիվություն ունի: Հողատարածքների, արոտավայրերի վարելահողերի բարելավման ծրագիր ենք իրականացնում: Եթե նախկինում շեշտը դրվում էր ավելի խոշոր հողատարածքների վրա, ապա հիմա օգտագործվում են նաև փոքր մակերեսով հողատարածքները»:
 
 ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ մինչև պատերազմը  Արցախում տնտեսությունը   զարգացման բավականին բարձր ցուցանիշներ ուներ: Պատերազմից հետո մեծաթիվ ռեսուրսներ ենք կորցրել։ 
 
«Եթե մինչև պատերազմը մենք էլեկտրաէներգիայով ինքնաբավ և արտահանող երկիր էինք, ապա այսօր դարձել ենք ներկրող: Նույնը կարելի է ասել մի շարք ապրանքատեսակների մասով»:   
 
Ներկայումս պետբյուջեի ծախսերի զգալի մասը կազմում են սոցիալական ծախսերն ու շինարարությունը՝ բռնատեղահանված բնակչությանը աջակցություն ցուցաբերելու և բնակարաններով ապահովելու նպատակով:  Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը միտված ծրագրեր նույնպես մշակվում են։ Ընդ որում,  կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։  
 
 
Artsakh Public Radio

Related items