«Ամերիկացի» ֆիլմը, որով մեկնարկել էր «Ոսկե ծիրան-2022»-ը, օգոստոսի 19-ից հասանելի է հանրությանը: Այն մեծ էկրաններին է:
«Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը ասել է․ «Մեզ համար շատ պատասխանատու եւ ուրախալի էր, որ մեր ֆիլմով մեկնարկեց հայաստանյան կինոփառատոնը: Հասկանալի պատճառներով՝ շատերը չէին կարողացել դիտել այն: Այդ պատճառով էլ այս փուլում ֆիլմը սահմանափակ քանակով էկրաններ բարձրացնելու որոշում կայացրեցինք»։
Արման Նշանյանի խոսքով՝ իրենց թիմի համար առաջնային էր այն, որ ֆիլմի պրեմիերան կայանար հենց Հայաստանում, հայկական կինոփառատոնի շրջանակներում:
«Մենք պետք է աշխարհին ցույց տայինք, թե որտեղից է սկիզբ առնում այս պատմությունը՝ շեշտելով, որ այն 100%-ով հայկական ֆիլմ է, որի նկարահանումներն ամբողջությամբ տեղի են ունեցել հենց Հայաստանում»,-ասաց նա:
Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և գլխավոր դերակատարը «Էմմի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի արժանացած Մայքլ Գուրջյանն է։ Ֆիլմում նկարահանվել է նաև «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալից հայտնի Հովիկ Կեուչկերյանը: Դերասանական կազմում են նաև Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը և այլք։