Print this page

Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ ընդունել և ուղարկել է գերագույն դատարան

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 03, 2022

Այսօր Ազգային Ժողովը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է  ԱՀ նախագահի նախաձեռնությամբ խորհրդարան բերված՝ Սահմանադրության փոփոխությունների մասին օրինագիծը։ Նախօրեին գլխադասային հանձնաժողովի նիստում  օրենքի նախագիծը  դրական եզրակացության էր արժանացել։ Առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունումից հետո սահմանվել էր ժամկետ՝ համապատասխան առաջարկությունների առկայության դեպքում դրանք լիազոր մարմնին ներկայացնելու, քննարկելու և անհրաժեշտության դեպքում նախագծում ընդգրկելու համար։ Առաջարկներ չեն եղել և լիազոր մարմինը այն երկրորդ ընթերցման է ներկայացրել անփոփոխ։ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը տեղեկացրեց, որ հանրապետության նախագահի ներկայացուցիչը օրինագծում որևէ փոփոխություն չի կատարել։ Որևէ առաջարկ նախագծի վերաբերյալ ևս չի ստացվել՝ ասել է Լազարյանը։ Այսօրվա ԱԺ լիագումար նիստում ելույթ է ունեցել Խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը, նշելով, որ  արդեն ուրվագծվում են Սահմանադրական փոփոխությունների կողմ և դեմ կողմերը։ Եվ ժողովրդավարությունը հենց այն է, որ լինի տարակարծություն, լինի ազատ ընտրություն։ 

«Սա նորմալ պրոցես է հասարակության մեջ, և ժողովրդավարությունը դրա մասին է խոսում․ կլինի «այո»-ի շտաբ, կլինի «ոչ»-ի շտաբ, արդեն դա երևում է։ Այսօր, եթե երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Սահմանդրական փոփոխությունների օրինագիծը, դա դեռ վերջը չէ։ Այն ուղարկելու ենք Գերագույն դատարանին»։ 

Աժ նախագահը հիշեցրեց ընթացակարգը։ Սահմանդրական փոփոխությունների օրինագիծը կուղարկվի Գերագույն դատարան։ Գերագույն դատարանն օրենքով սահմանված ժամկետում քննարկելու է Ազգային ժողովի այդ դիմումը, և դրական եզրակացության դեպքում, եթե որոշվի, որ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, ետ է վերադարձվելու Ազգային ժողով՝ քվեարկության ներկայացնելու համար։ Եթե նախագիծը արժանանա Գերագույն դատարանի բացասական եզրակցությանը, այն օրակարգից հանվելու է։  Գերագույն դատարանի որոշումից է լինելու կախված օրինագծի հետագա ճակատագիրը։ Դրական եզրակցության դեպքում կնշանակվի հանրաքվեի անցկացման օր։ 

«Ցանկացած հանրաքվե Արցախի պետականաշինության առաջնային խնդիրներից մեկն է։Եվ եթե այս լեռնային երկրում մեզ հաջողվեց անցկացնել հանրաքվե, համապետական ընտրություն, նշանակում է այս աշխարհատարածքը որպես անկախ պետություն կայացել է։ Մեր ժողովրդին է տված՝ այդ լիազորությունը ու՞մ են տալու։ Եվ մենք հարգելու ենք մեր ժողովրդի քվեն»։   

Ազգային ժողովը քվեարկեց գերագույն դատարան ուղարկելու որոշումը․ 30 ներկա պատգամավորները կողմ քվեարկեցին։ Հարցի քննարկումն ընդահատվում է կանոնակարգի համաձայն, մինչև որոշման արձագանքը ստանալը։ Նիստի օրակարգով նախատեսված պատգամավորական հայտարարությունները չկային։

Artsakh Public Radio

Related items