Print this page

ԱՀ նախագահի այցը Մարտունու շրջան

By Էրիկ Հակոբյան Դեկտեմբերի 08, 2021

Անվտանգության խնդիրը մարտունեցիներին հուզող առաջին հարցն է, որ բարձրացվեց խորհրդակցության ժամանակ։ Վերջին մի քանի ամսիներին հաճախակիացել են ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրանքները հատկապես Մարտունու ուղղությամբ։ Դրանց հետևանքով նաև քաղաքացիական անձինք են զոհվել: Սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունն ապահովելը նաև իշխանությունների օրակարգի առաջնային հարցն է` ասում է Արայիկ Հարությունյանը։

 «Առաջիկայում մենք մտածելու ենք՝ ինչպես անել, որ սահմանամերձ գյուղերում, բացի մեր ուժային կառույցներից, նաև  վերահսկողական այլ մեխանիզմներ լինեն»:

 Անվտանգային միջավայրի բարելավմանն էր ուղղված նաև զենքի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Բայց մինչև բոլորին զենքով ապահովելը, նախագահը անհրաժեշտ է համարում համապատասխան մեխանիզմների մշակումը, որպեսզի օրենքը ծառայի իր նպատակին:

 «Երկրում կա մեծ թվով զենք: Մենք դեռ պետք է քննարկենք զենքի կրման և օգտագործման հետ կապված մի շարք  հարցեր: Այո, անվտանգային խնդիրներ կան, իհարկե ոչ լայնածավալ, այլ լոկալ: Օրինակ՝ ինչպես եղել է Մարտակերտում, Շուշիում, Ճարտարում երկու օր առաջ»:  

Հետպատերազմյան շրջանում Արցախի առջև բազում խնդիրներ են ծառացել: Ճգնաժամը հաղթահարելուն են ուղղված իրականացվող բոլոր ծրագրերը: Նախագահ Հարությունյանը ուրախությամբ է նշում, որ այսօր արդեն հնարավորություն ունեն նաև նոր դրական փոփոխություններ մտցնել արցախցիների կյանքում: Առաջինը՝ հունվարի 1-ից կգործի: 

«Հունվարի 1-ից մենք արդեն սկսում ենք աշխատավարձների, թոշակների և նպաստների փուլային բարձրացումը: Միջինը 20 տոկոս, բայց որոշ ուղղություններում՝ ավելի: Սոցիալական պետական ծրագրերը շարունակական բնույթ են կրելու»։  

Հաջորդ կարևոր հարցը՝ ժողովրդագրական ցուցանիշների բարելավումն է: Դրան են միտված տասնյակ սոցիալ-տնտեսական ծրագրեր: Երկրի ղեկավարի խոսքով՝ առաջիկա 3 տարում բնակարանաշինության գործընթացը ավելի արագ տեմպերով է իրականացվելու: Կարևոր է բոլորի մասնակցությունն այդ հարցում: Պետությունը պատրաստ է համագործակցել բոլոր նոր շինարարակական կազմակերպությունների հետ:

«3 տարվա ընթացքում մենք պետք է ավարտենք հերթագրված անձանց, մասնավորապես՝ տեղահանվածներին, սպայական անձնակազմին և սոցիալական այլ խմբերին բնակարանով ապահովելու գործընթացը: Իսկ 3 տարի հետո արդեն,  պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր ամուսնացող զույգ   հնարավորություն   ունենա  ամուսնության առաջին իսկ օրվանից սեփական բնակարանում ապրել: Վստահ եմ, որ կհաջողենք»:

 Խոսելով տնտեսության մասին՝ նախագահը նկատեց, որ Մարտունու շրջանը բարենպաստ է գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Ասում է՝ առաջիկայում էլ գյուղեր տանող բոլոր ճանապարհները կասֆալտապատվեն, իսկ առաջիկա 2-3 տարում ամբողջությամբ կասֆալտապատվի Մարտունի քաղաքը՝ վստահեցրեց երկրի ղեկավարը: 

«Պլանավորված է նաև զարգացնել գյուղատնտեսությունը, վերամշակումը: Բազմաթիվ ծրագրեր կան կապված Մարտունու շրջանի հետ: Պետք է լուծել ոռոգման խնդիրը, հիմնականում  արտիզան նոր ջրհորների կառուցման, հին ջրհորների օգտագործում, բացի դրանից, ուշադրություն ենք դարձնելու  նաև ջերմոցային տնտեսություններին»:

 Ինչ միջոցներով են իրականացվելու իրականացվելու հիշյալ ծրագրերը։ Կբավարարե՞ն, արդյոք, պետական միջոցներն այս լայնամասշտաբ ծրագրերի համար։ Նախագահը վստահեցնում է՝  ֆինանսական հոսքը թույլ է տալու բոլոր նախանշված ծրագրերը կյանքի կոչել: Մանրամասնում է․ 

«Սա հնարավոր է լինելու, քանի որ այս տարի հաստատելու ենք ավելի քան 200 միլիարդ դրամի բյուջե: Համեմատության համար ասեմ, որ նախկինում մեր բյուջեները կազմում էին ՝ 100, 125 միլիարդ դրամ»։

 Մարտունեցիների օրակարգում է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Մենք շարունակելու ենք պայքարել մեր ինքնորոշման իրավունքի համար: Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ չնայած աշխարհը չի ճանաչում մեզ՝ որպես պետություն, բայց և ուշադրությամբ հետևում է այստեղ կատարվող իրադարձություններին: Եվ լավ է, որ ճգնաժամի պայմաններում Արցախն իրեն դրսևորել է կայացած պետության նման: 

«Մենք շարունակելու ենք ինքնորոշման իրավունքի վրա հիմնված մեր ճանապարհը: Այսօր ապրում ենք անկախ հանրապետության կարգավիճակով, իհարկե՝ դեռ չճանաչված: Շարունակելու ենք նաև Մինսկի խմբի շրջանակներում մեր քաղաքական պայքարը՝ միջազգային հարթակում: Իհարկե,   մեզ երկար ճանապարհ է սպասվում, բայց մենք սովոր ենք երկարատև պայքարի»:  

Նախագահ Արայիկ Հարությունյանն ու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը պատասխանեցին ներկաների հարցերին: Մարտունեցիները նաև հանդես եկան առաջարկություններով, որոնցից մի քանիսին նախագահ Հարությունյանը դրական է արձագանքել: Հանդիպման ավարտից հետո Արայիկ Հարությունյանը շրջել է Մարտունի քաղաքում և ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին, ներկա գտնվել Մարտունու մերձակայքում նահատակված 7 մարտիկների հիշատակին խաչքարի բացմանը։ 

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 08 Դեկտեմբերի 2021 14:43

Related items