Print this page

Հետադարձ հայացք, իրականություն և հեռանկարներ. շարժման 35-ամյակին նվիրված քննարկում է կազմակերպվել

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 21, 2023

Ամեն տարի փետրվարին ուսանողների  հանդիպումը  Արցախյան շարժման մասնակիցների հետ ավանդույթ է դարձել: Հանդիպումները  նպատակ ունեն վերաիմաստավորելու և վերաարժևորելու Շարժումը:   Այսօր էլ հերթական հանդիպման բանախոսները  1987թ․ աշնանը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ստեղծված «Արցախական միություն» կազմակերպության ուսանողական միության անդամներ Դավիթ Իշխանյանն ու Եղիշե Առուշանյանն էին: Ղարաբաղյան շարժումը որևէ քաղաքական նպատակ հետապնդող շարժում չէր, այն ազգային-ազատագրական շարժում էր՝ ընդգծում է Եղիշե Առուշանյանը: Եթե 1960-ական թթ․ սկիզբ առած շարժումը մտավորականության շարժում էր, ապա  80-ական թվականների շարժման շարժիչ ուժը երիտասարդներն էին, ուսանողները՝ ասում է Առուշանյանը: 

«Պատկերացում կա ստեղծված, որ Շարժման առաջնորդները տարիքով, մազ-միրուքի մեջ կորած մարդիկ են: Ո՛չ։ Շարժման ընդհատակյա խմբերի միջին տարիքը  երևի թե չանցներ 25-ը: Այնտեղ կային և՛ երիտասարդ հասարակական գործիչներ, և՛ կուսակցական գործիչներ, խմբերում կային նաև ուսանողներ՝ 18 տարեկան, 20 տարեկան: Եվ մենք պետք է առաջնորդեինք հասարակության որևէ խմբի»:

 1980-ական թթ․ կեսերից, երբ սկիզբ առավ Գորբաչովյան «ձնհալի» դարաշրջանը, խորհրդային  միության երկրներում սկսեցին ձևավորվել ոչ պետական երիտասարդական խմբեր: Խմբերում ներգրավված ուսանողներին  սովորաբար միավորում էր սպորտը, մշակույթը, կինոն, բայց ոչ երբեք քաղաքականությունը: Երևույթն Արցախում լրիվությամբ այլ ընթացք ստացավ: Արցախցի երիտասարդները ստեղծեցին ընդհատակյա խմբեր: Նրանք նպատակ ունեին պարզելու՝ ինչու՞ ԼՂԻՄ-ում իրավիճակը վատ է: Երիտասարդները գտան այս և բազմաթիվ այլ ինչուների պատասխանը: 

«Ընդհատակյա խմբերը սկսեցին աշխատել մարդկանց հետ։ Ինչպե՞ս կարող էր 18, 20, 25 տարեկան երիտասարդը համոզել կուսակցական փորձ ունեցող մարդուն: Մարդ, ով 20-25 տարի կոմունիստ է եղել, հավատացել է Մոսկվային: Միշտ էլ ավագ սերունդը երիտասարդներին թերահավատորեն է վերաբերվում: Մեր ժամանակ էլ այդ ամենը կար, բայց մենք ունեինք մի առանձնահատկություն: Մենք ունեինք հզոր դպրոց, այն   դաստիարակում էր   հայրենասեր, կարգապահ, կիրթ անձնավորություն:  Այստեղ կար նաև մեկ այլ կարևոր հանգամանք.   պետական, համընդհանուր գաղափարախոսության կողքին  առաջ եկավ նաև ազգայինը, իսկ դա խիստ վտանգավոր էր խորհրդային  երկրում: Մենք մտանք  վտանգավոր իրավիճակի մեջ»:

 Իրավիճակի վտանգավորության աստիճանը գիտակցում էին ընդհատակյա շարժման ակտիվիստները: Բայց կար գաղափար և այդ գաղափարին հավատացող բազում երիտասարդներ: 1980-ականներն սկիզբ առած պայքարը, որ երկար տարիների քաղաքական խմորումների հիմնավորումն էր, և 1920թ․ ընդհատված պայքարի շարունակությունը, այսօր էլ չի ավարտվել: Մեր պայքարի ավարտը դժվար է կանխատեսել՝ ասում է Դավիթ Իշխանյանն ու պատմում 20-րդ դարավերջին ծավալված գործողություններում արցախցի երիտասարդների դերի կարևորության մասին: 

«Մեզ վստահված էր և մեզ հետ աշխատում էին, որ յուրաքանչյուրս մեր գյուղերում, մեր համայնքներում ինքապաշտպանական ջակատներ ստեղծելու հնարավորությունը դիտարկենք: Մեզ վստահված էր աշխատանք տանել 1-ին, 2-րդ կուրսի ուսանողների հետ, հիմնականում տղաների: Այդ ժամանակաշրջանում մեզ վստահված էր նաև աշխատանքներ տանել Ստեփանակերտում գործող այլ  ուսումնական հաստատությունների հետ»: 

 Ժամանակակիցները պետք է գրի առնեն պատմությունը: Շատ արժանավորներ հեռացել են կյանքից՝  իրենց հետ   տանելով պատմական կարևոր իրադարձություններ: Այդ է պատճառը, որ սերունդների միջև կապը կտրված է՝ ասում է Դավիթ Իշխանյանը: Հանրապետության խորհրդարանի պատգամավորը մի քանի առանցքային կետեր է առանձնացնում, որոնք կարևոր էին և՛ այն ժամանակվա, և՛ ժամանակակից երիտասարդների համար: 

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդունի և խորը համոզմունք դարձնի իր մեջ, որ ինքը զինվոր է՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ  դիրքից:  Երկրորդը՝ մենք պետք է լինենք գազափարի զինվոր, գաղափարական պայքարը որևէ այլընտրանք չունի: Երրորդը՝ հավերժ պայքարն է, հարատև պայքարը: Դուք պետք է Ձեր մեջ արմատավորեք, որ հայ ժողովուրդը դատապարտված է հարատև պայքար մղելու: Այդ հարատև պայքարի մեջ յուրաքանչյուրը ունի իր տեղն ու դերը»:

  Արցախյան շարժումը, դրան հաջորդած ազգային ազատագական պայքարը, 44-օրյա պատերազմը և Արցախի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակը միևնույն հարթության վրա դիտարկելով՝  բանախոսները զուգահեռներ  անցկացրին անցյալի ու ներկայի միջև։  Այդ զուգահեռներում ամենակարևորը  երիտասարդության դերն է որպես շարժիչ ուժ՝ դեռևս   չավարտված ազգային-ազատագրական մեր  պայքարում:

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 25 Փետրվարի 2023 13:53

Related items