Print this page

Երիտասարդների ու ավագ սերնդի հանդիպումը Ասկերանի շրջանի 45-ամյակին

By Լանա Համբարձումյան Մայիսի 17, 2023

Ասկերանի շրջանի կազմավորման 45-ամյակին նվիրված հանրային միջոցառումները շարունակվում են: Երեկ երեկոյան երիտասարդների նախաձեռնությամբ ավագ սերնդի հետ ուշագրավ քննարկում է կազմակերպվել Մայրաբերդ պատմական ամրոցում խարույկի շուրջ: Զրույցի թեման շրջանի ստեղծման ու կայացման պատմությունն էր, Արցախյան շարժման և ազգային-ազատագրական պայքարի, Ազատամարտի հերոսական տարեգրության ասկերանյան էջերը, 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները և Ադրբեջանի կողմից Արցախի ներկայիս շրջափակման պայմաններում դրանց վերացման ուղիներն ու միջոցները, հին ու նոր սերունդների համախմբվածության հրատապ անհրաժեշտությունն ի դեմ առկա մարտահրավերների: «Խարույկի շուրջ Ասկերանի այցեքարտ համարվող Մայրաբերդում առաջին անգամ է նման ձևաչափի՝ ավագ և երիտասարդ սերունդների միջև հանդիպում իրականացվում», ասում է միջոցառման կազմակերպիչներից Սնեժանա Թամրազյանը:

«Մասնակցել է մոտ 50 մարդ: Բավականին ջերմ և հետաքրքիր մթնոլորտ էր տիրում: Երիտասարդներն իրենց համար բացահայտում էին Ասկերանի պատմությունը, ավագ սերունդն էլ ոգևորում և իր խրատներով, խորհուրդներով հայրենասիրություն էր քարոզում: Կազմակերպել ենք նաև խաղեր օրն ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար»:

 Միջոցառմանը ներկա էր նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը: Իր խոսքում նա կարևորեց նման ներկայացուցչական միջոցառումները, նշելով, որ այսօրվա երիտասարդությունն ավագ սերնդից սովորելու շատ բան ունի: 

«Տպավորությունները շատ բարձր էր, մեծերը ներկայացրեցին Ասկերանի շրջանի կազմավորման պատմությունը, որին մենք ականատես չէինք և ականատես եղանք միայն ազատագրական պայքարի ընթացքում: Մեր երեխաները տեսան ինչպիսի դժվարություններով և պայքարի միջով անցանք Ասկերանի շրջանի կայացման համար»:

 Ասկերանցի երիտասարդ Հասմիկ Համբարձումյանն առաջին անգամ է մասնակցում նման ձևաչափի միջոցառման: Մեզ հետ զրույցում նա կիսեց իր տպավորությունները: 

«Միջոցառումը շատ մոտիվացնող էր: Հոգևոր սնունդ ստացանք: Կարծում եմ՝ մենք՝ այսօրվա երիտասարդներս, շատ ունենք հոգևոր սննդի կարիք: Զրույցը վերածվեց երգ ու պարի և վերջում միջոցառումը եզրափակվեց տերունական աղոթքով: Կարծում եմ՝ այսպիսի միջոցառման կարիք շատ կա, հուսով եմ շարունակական կլինի»։

 Հավաքի ավարտին կազմակերպիչները խոստացան Ասկերան համայնքի երիտասարդներին ու ավագ սերնդին առավել հաճախ և անհամեմատ լայն կազմով իրար շուրջ հավաքել ու շարունակել նման ձևաչափի հանրային քննարկումները:

Artsakh Public Radio