Print this page

Հայտնի են «Իմ հերոսը» էսսեների մրցույթի հաղթողները

By Մարգարիտա Ղուշունց Ապրիլի 23, 2022

«Իմ հերոսը» խորագրով Էսսեների մրցույթի առաջին տեղը զբաղեցրել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սցենարադրամատուրգիական արվեստի» բաժնի ուսանող Վովա Արզումանյանը: Երկրորդ տեղում բուհի ուսանողուհի Սառա Մարգարյան է, երրորդում՝  Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ  դասարանցի  Արինա Գրիգորյանը։  Գրելով հերոս ընկերոջ մասին՝ Սառա Մարգարյանը փորձել է հերոսին  ներկայացնել հանրությանը: Ասում է՝  նման միջոցառումները կարևոր են բոլոր հերոսների մասին խոսելու համար․ 

«Ոմանց մասին խոսում են հեռուստացույցով, ոմանց մասին՝ լռում են։ Իմ ցանկությունն էր խոսել Իմ հերոսի մասին»։

Էսսեների մրցույթին մասնակցել է տասնհինգ հոգի։ Սպասելիքներն ավելի մեծ էին՝ ասում է բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը․

«Մենք ավելի մեծ սպասելիքներ ունեինք, նախապես  ասել էինք  համապատասխան նյութերը: Եթե իրոք հետաքրքիր ստեղծագործական մոտեցումներով հանդես գան մասնակիցները, անշուշտ, նրանց ստեղծագորություններն ընդհանուր ժողովածուով լույս կտեսնեն։ Սակայն որակն այդքան էլ խրախուսիչ չէր: Ցանկալի կլիներ ավելի ստեղծագործաբար մոտենային մեր աշակերտներն ու ուսանողները»։

Չարենցի ստեղծագործությունները բոլոր ժամանակների համար են: Յուրաքանչյուր սերունդ բանաստեղծին ու նրա ստեղծագործությունները բացահայտում է նորովի, նոր լույսի ներքո, ասում է ասմունքի մրցույթի ժյուրիի անդամ, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը։ 

 «Այսօր այս ծանր ժամանակներում շատ կարևոր են նման միջոցառումների կազմակերպումը։ Եվ Չարենցի, Սահյանի գործերին հղում անելը ևս ապրեցնող է։  Հետաքրքիր է նաև, որ մրցույթին մասնակցել են  Արցախի տարբեր շրջաններից, այստեղ մասնակից ունենք  նաև հեռավոր Չլդրանից։ Հետաքրքիր է նաև, որ գրողի ստեղծագործությունները ներկայացվել են տարբեր լեզուներով»։

Ասմունքի մրցույթի տասնինը մասնակցից առաջին տեղը զբաղեցրել է մայրաքաղաքի 7-րդ դպրոցի աշակերտ Արսեն Պետրոսյանը, երկրորդ տեղը՝ 8-րդ դպրոցից Մարիամ Տոնյանը, երրորդ տեղում է նույն դպրոցի աշակերտուհի Սոֆի Հովսեփյանը։  Մասնակիցներից հինգ հոգի արժանացել են ռեկտորի հատուկ մրցանակին։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Շաբաթ, 23 Ապրիլի 2022 15:18

Related items