Print this page

Արցախի շրջափակումը՝ ոչ միայն հումանիտար ճգնաժամ, այլև հոգեբանական տեռոր

By Սոֆյա Հակոբյան Հունվարի 23, 2023

Սննդի անվերջ հայթհայթումներ, դեղորայքի պակաս, էլեկտրաէներգիայի՝ գրաֆիկով, երբեմն էլ՝ անկանոն անջատումներ, տան ջեռուցման խնդիր, փակված մանկապարտեզներ ու դպրոցներ. առաջին հայացքից տոտալ շրջափակման մեջ հայտնված Արցախի խնդիրները զուտ հումանիտար բնույթ են կրում: Իրականում՝ ստեղծված իրավիճակը 120 000 արցախայությունը 40-ից ավելի օր եթարկում է Ադրբեջանի նաև հոգեբանական ահաբեկչությանը, որը ոչ պակաս լուրջ հետք է թողնում մարդկանց կյանքի վրա:Երբ նշում ենք, որ արցախցիների համար այժմ բավարար մակարդակի առողջապահության իրավունքն է խախտված, նկատի է առնվում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջությունը, «Արցախ» լրատվականի հետ զրույցում նշում է  Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ շեշտելով, որ շրջափակմանն առնչվող ՄԻՊ գրասենյակի զեկույցներում հարցը մշտապես բարձրացվում է: Ի վերջո՝ շրջափակման հետևանքով արցախցիներին զրկում են ոչ միայն բավարար կենցաղային պայմանների, կրթության և տեղաշարժի, այլև հոգեկան անձեռնմխելիության իրավունքից:

«Անընդհատ մեր հայտարարությունների մեջ մենք նշում ենք, որ հոգեբանական ահաբեկչություն է իրականացվում, ինչը ենթադրում է, որ այս գործողությունները մարդկանց կանգնեցնում են հոգեբանական ճնշման, հոգեբանական խնդիրների առաջ: Միանշանակ տարբեր անձանց կողմից անհատական բողոքներ կարող են ուղարկվել ՄԻԵԴ  այս հարցի վերաբերյալ»:

Ստեփանյանը նկատում է՝ Ադրբեջանը մշտապես Արցախի և ՀՀ դեմ իր գործողություններում ներառում է հոգեբանական ճնշման գործոնը՝ փորձելով հնարավորինս խուճապ, հուսալքություն և վախ տարածելու հայ բնակչության շրջանում: Սա նրանց գործելաոճի անքակտելի մաս է դարձել արդեն: 

«Միանշանակ, և դա իր հեռահար նպատակն է հետապնդում: Ընկճել, հուսալքության հասցնել մարդկանց և դրդել, որ այդ ընկճախտի մեջ որոշում կայացնեն լքել իրենց հայրենի տները: Բազմակողմ իրականացվող գործիքակազմ է, որ հստակ պարունակում է հենց ցեղասպանության հանցագործության տարրեր: Դա ընդգրկում է նաև հոգեբանական ահաբեկչությունը»:

Հոգեբան Կարինե Խուդաբախշյանը կարծում է, որ այս իրավիճակում, քանի դեռ խնդիրը չի ստացել որևէ հանգուցալուծում, բարդ է մարդկանց առաջարկել դիմելու հոգեբանի: Վերականգնման մասին կարևոր է մտածել իրավիճակի կարգավորումից հետո: 

«Այս պահին իրենք մտածում են միայն ու միայն առաջնային խնդիրները լուծելու մասին, որն է սննդի, դեղորայքի հայթհայթումը, հոսանքը, վառելիքը և այլն: Արդեն հետո, երբ ամեն ինչը կկարգավորվի, հետագա փուլում հասարակությունը պետք է հասկանա, որ եթե ունեն խնդիրներ, ինչը որ հաստատ կլինի, քանի որ չի կարող անհետևանք անցնել այս ամենը, ուրեմն իրենք պետք է դիմեն հոգեբանի և հոգեբանի խորհուրդներին հետևեն»:

 Ըստ հոգեբանի՝ տարբեր մարդկանց մոտ սթրեսակայունության տարբեր մակարդակ, հետևաբար՝ հոգեբանական հետագա խնդիրների տարբեր «պաշար» կարող է լինել: Հոգեբանական այն ապրումները, որոնց մի ամբողջ հանրություն ենթարկվում է արդեն ավելի քան մեկ ու կես ամիս, ոմանց հոգեկան առողջության վրա  տարիների հետևանքներ կարող են թողնել ընդամենը մի քանի ժամում։ Այս համատեքստում ամենախոցելի խումբը, բնականաբար, երեխաներն են՝ ասում է Կարինե Խուդաբախշյանը: 

«Հոգեբանական տրավման առավելապես փոքր տարիքի երեխաների մոտ կարող է նկատվել, որովհետև նրանք վախ ունեն կորցնելու հարազատներին: Նման իրավիճակներում երեխան չի մտածում հացը հայթհայթելու կամ հոսանքի խնդիրը լուծելու մասին, դա անում է ծնողը: Բայց այն ապրումները, որ ինքը ունի, որ ամեն րոպե իր մեջ ներքուստ ինքը մտածում է, որ վտանգ կա կորցնելու հարազատին, դա ավելի խորը հետք է թողնում նրա մոտ: Իհարկե, երեխաները կամ պատանիները կարող են չգիտակցել հայրենիքի, տարածքի կորստի, տան տեղափոխության մասին, նրանց խնդիրը հոգեբանորեն հարազատին կորցնելու ու մենակ մնալու վախն է»:

 Խուդաբախշյանը նույնպես նշում է՝ Արցախում և Հայաստանում հոգեբանի դիմելու մշակույթը տարածված չէ, ինչը, սակայն, է՛լ ավելի է բարդացնում առանց այդ էլ խիստ սթրեսային միջավայրում ապրող բնակչության հետագա հոգեբանական վերականգնումը: 

«Մեծահասակները, որոնք նույնպես զերծ չեն այդ հոգեբանական տրավմաներից, պետք է հասկանան, որ կարիք ունեն դիմելու հոգեբանի: Ինչը և՛Արցախում, և՛ Հայաստանում այդքան էլ զարգացած մշակույթ չէ և թողնում է իր խոր հետքը մարդու վրա: Հնարավոր տարբերակներով պետք է մարդկանց հուշել, որ լավ մասնագետը կարող է իր մի քանի ճիշտ խորհուրդներով հարթել վիճակը, օգնել, որ սթրեսը մարդու մեջից դուրս գա և ինքը կարողանա ապրել  այնպես, ինչպես ապրում էր մինչև այդ իրավիճակը, կարողանա նման ձևով շարունակել իր կյանքը»:

Հոգեբան Խուդաբախշյանը, ինչպես և իր բազմաթիվ գործընկերներ միաբերան նշում են՝ ցանկացած պահի պատրաստ են անշահախնդիր մասնագիտական օգնություն ցույց տալ ծանր հոգեկան ապրումներ ունեցող արցախցի հայրենակիցներին:

Artsakh Public Radio

Related items