Հունիսի 15-ից ի վեր Արցախ որևէ հումանիտար բեռ մուտք չի գործել։ Օրեցօր խորացող հումանիտար, էներգետիկ ճգնաժամը հանգեցնում է սոցիալ-տնտեսական և հոգեբանական բազմաթիվ խնդիրների։ Վերջին շրջանում ալյուրի սակավության վերաբերյալ տարածվող լուրերը հասարակության մեջ խուճապի մթնոլորտ ստեղծեցին: Արդյոք այդ լուրերը հիմք ունե՞ն, թե՞ դա պարզապես հերթական ասեկոսեն է: Լսենք Ասպրամ Ավանեսյանի ռեպորտաժը:
Ստեփանակերտի փողոցներում վաղ առավոտյան հանդիպեցինք մի քանի մեքենաների, որոնք հաց էին բաժանում խանութներին, իսկ մարդիկ անշտապ իրենց օրվա բաժին հացի հետևից էին գնում։ Թոնրից նոր դուրս եկած, տաք-տաք հացը հաճախ առանց տոպրակների են տուն տանում։ Տաք հացը տոպրակում կակղանում է, սակայն, առավել հաճախ, պարզապես տոպրակներ չկան․ պատճառները տարբեր են։ Բայց արդեն մի քանի օր է կարծես դեժավյու լինի․ շրջափակման սկզբնական շրջան ենք վերադառնում։ Մայրաքաղաքում նորից հերթեր են գոյանում, հիմնականում փռերի և հացի խանութների մոտ։ Ասում են՝ աչքը տեսածից է վախենում․ արցախցիները հիշում են 90-ականների սովը, երևի նաև դա է գոյացող հերթերի և հացի հնարավոր պակասի մասին մտածելիս խուճապի պատճառը։ Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն արձագանքելով խուճապային տրամադրություններին արձանագրել է․
«Խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման և մնացածի համար սղության առաջացման»։
Բայց միևնույն է՝ խանութների դիմաց չեն դադարում հերթեր գոյանալ։ «Մայակ-ֆուդ» հացի գործարանում քիչ, բայց հերթ կա գոյացած։ Քաղաքացու խոսքով՝ եկել են իրենց ամենօրյա կարիքին համապատասխան քանակով հաց գնելու համար։ Շատերը լսել են հացի պակասության մասին զրույցները։ Այդ խոսակցությունները բերանից բերան փոխանցվելով՝ իրականությունից հեռանում են՝ բոլոր բացասական հետևանքներով։ Ռիտա Մելքոնյանն ասում է՝․
«Այսօր ում հարցնում են ասում է հաց չկա, ես դեռ չեմ առել, բայց ում հարցնում ես ասում է հացի հերթ էր, ես ինքս չգիտեմ, դեռ խանութ չեմ մտել այս մի քանի օրն էլ կարիք չեմ ունեցել»։
Ի տարբերություն տիկին Ռիտայի, ինձ պատահած բոլոր մարդիկ ասում են, որ հացի խնդիր չկա, միևնույն ժամանակ նկատում՝ վերջին 3 օրվա ընթացքում հերթեր կան։
«Հաց կա։ Ուղղակի խուճապի են մատնվում, թե ով է ինչ խուճապ տարածում, հացը շատ են տանում, իմանալով, թե իրոք հացը վերջանում է, ալյուր չկա։ Բայց պարզվում է, որ ալյուր կա։ Ես իմ բաժինը օրվա համար առնում են՝ տանում տուն»։
«Մայակ-ֆուդ» հացի փռի տնօրենը, չցանկացավ խոսել հերթերի գոյացման մասին, դրանք անիմաստ համարելով, որովհետև ալյուրի խնդիր այս ընթացքում երբևէ չի եղել։ Նույնն է կրկնում նաև անհատ ձեռներեց Սասուն Համբարձումյանը։
«Մինչև այսօր չեմ հասկանում այդ խուճապի պատճառը, որովհետև չկա ալյուրի պակաս, թխում ենք այնպես, ինչպես մինչև այսօր էինք թխում։ Ինչպես իմ, այնպես էլ՝ հացի մնացած բոլոր փռերին ալյուր են տալիս, թխում են նույն ձևի։ Պակաս չկա, բայց հանելուկային է մի քիչ, թե ինչու՞ են հերթեր գոյանում, պետք է պակաս լինի, որ հերթեր գոյանան»։
Սասուն Համբարձումյանի հացի փուռն արդեն 5 տարի է, ինչ աշխատում է, չի դադարել աշխատել ինչպե՛ս պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ այսօր, շրջափակման պայմաններում։ Բայց Սասունը խոստովանում է, խուճապային տրամադրությունից հացի պահանջարկը մեծանում է։
«Բայց հասցնում ենք, հերթեր չէին գոյանում։ Վերջին շրջանում են սկսել հերթեր գոյանալ։ Պատճառը չգիտենք, որովհետև նույն քանակությամբ թխում էինք, հիմա էլ՝ ալյուրը տալիս են, թխում ենք։ Այսինքն՝ խուճապի մատնվելու պատճառ չկա»։
Հունիսի 15-ից հետո ալյուրի բավարար քանակի մասին խոսել է նաև պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Այս պահին ալյուրի և հացի խնդիր չկա․ «Արցախ» լրատվականի հետ զրույցում փաստեցին նաև մեր քաղաքացիներն ու հացի փռերի տնօրենները։ Սակայն կեղծ և խուճապ տարածող լուրերը շատերին ստիպում են գնել ավելի շատ պարեն, քան իրենց անհրաժեշտ է, իսկ դա կարող է արհեստական պակասորդ ստեղծել, և հանգեցնել պարենային շատ ավելի լուրջ ճգնաժամի։