Print this page

Ի՞նչ նպատակով է ականազերծվում հայ-թուրքական սահմանը

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 14, 2022
Երկու երկրների միջև սահմանն ականազերծվում է երկու դեպքում։ Առաջին՝ երբ բացվում է սահմանը, երկրորդ՝ երբ երկրներից մեկը  պատերազմ սկսելու մտադրություն ունի։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով  Թուրքիան ականազերծմամբ կատարում է միջազգային  կոնվենցիաներով իրեն վերապահված պարտավորությունները։ 
 
«Թուրքիայի ականազերծման աշխատանքները մի կապեք Հայաստանի հետ հարաբերությունների ենթադրյալ լավացման հետ։ Դա շատ մեծ փողերի լվացման գործընթաց է, որը տևում է արդեն 18 տարի․․․ Դա ավելի շատ կապված է  2003 թվականի սեպտեմբերին Թուրքիայի կողմից ստորագրված Օտտավայի կոնվենցիայի հետ, որը պահանջում է սահմանված ժամկետներում ոչնչացնել պահեստավորված ականները»։
 
 Հայ-թուրքական սահմանը, առայժմ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, բացելու մասին  պայմանվորվածությունը ձեռք է բերվել   երկու երկրների հատուկ ներկայացուցիչների   4-րդ հանդիպման արդյունքում։ Առաջին 3 հանդիպումներում բանագնացները  որևէ համաձայնության չեն եկել։  Սահմանի ականազերծման մասին տեղեկությունները  սկսել են տարածվել հանդիպումից գրեթե 2 շաբաթ անց։  Սա ամենաուղիղ կապը ունի   հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ՝ համոզված է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 
 
«Սահմանային ռեժիմը հարմարեցվում է հայ-թուրքական այս պահի և հնարավոր նոր պայմանավորվածություններին։ Երբ որ քաղաքական երկխոսության մեջ առաջընթաց կա, սահմանային ծառայությունները, երկու երկրների այլ ծառայությունները պետք է ադապտացվեն այդ գործընթացին։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա, թեկուզ փոքր գործընթացը իմպլեմիտացվում է կոնկրետ ոլորտներում, տվյալ դեպքում՝ սահմանային ծառայության ռեժիմում»։
 
 Տարբեր ժամանակաշրջաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տարբեր փորձեր են եղել։ Ամենահայտնին, թերևս, Սերժ Սարգսյանի՝   ֆուտբոլային դիվանագիտությունն էր, որը վերաճեց հայ-թուրքական արձանագրությունների, բայց  այդպես էլ մնաց թղթի վրա։ Որքանո՞վ է իրատեսական հարաբերությունների կարգավորումն այսօր։ Ոչ մի երաշխիք չկա, որ այս երկխոսությունը բերելու է լուծումների՝ ասում է քաղաքագետն ու    նշում՝ այժմ հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի շահեկան վիճակում է, քան երբևէ։ 
 
«Երկու խնդիր կառանձնացնեմ․ Առաջինը՝ այն ժամանակ  բանակցությունները վարում էր երկրի նոմինալ նախագահը՝ Գյուլը, որը իրական իշխանության կրողը չէր, երկրորդ՝ կար Ղարաբաղի խնդիր, այլ կոնֆիգուրացիայով, որը ավելի մեծ չափով էր Անկարային կաշկանդում։ Այսօր հայ-թուրքական երկխոսությանը զուգահեռ տեղի է ունենում նաև հայ-ադրբեջանական երկխոսություն։ Նրանք փոխկապակցված, փոքր քայլերով առաջ են գնում»։
 
 Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն Արցախում դեմ չեն։ Եթե, իհարկե, խոսքն առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին է։  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողավի նախագահ, Դաշնակցություն խմբկցության անդամ Վահրամ Բալայանը թերահավատ է գործընթացի հաջողության հարցում։ 
 
«Իհարկե, ցանկալի է, որ երկու հարևան երկրների միջև լինեն բարիդրացիական հարաբերություններ, այդ թվում նաև բաց սահմաններ, բայց քանի որ հարցը վերաբերում է մի երկրի, որը թշնամաբար է եղել ու շարունակում է մնալ Հայաստանի հետ, դրա մեջ որոշակի սպառնալիքներ կան»։
 
 Ի տարբերություն քաղաքագետի, արցախցի պատգամավորը մեծ սպասելիքներ չունի հայ-թուրքական հարբերությունների կարգավորման այս փորձից։ Արցախում այս գործընթացին այլ տեսանկյունից կնայեին պատերազմից առաջ առկա իրավիճակում, այսօր շատ բան այլ է։ Վահրամ Բալայանը նաև մտավախություն ունի, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է հայ ժողովրդի համար ձեռնտու չլինել։ 
 
«Ես միայն մի բան հստակ գիտեմ․ Թուրքիան կարգավորման գործընթացին կգնա միայն այն ժամանակ, երբ ստանա մաքսիմալը․․․․․․․․Ղարաբաղ, Կարսի պայմանագիր, ցեղասպանություն․․․» 
 
Առանց նախապայմանների սահմաններրի բացումն ու հարաբերությունների կարգավորումը և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար շահեկան են լինելու, այս հարցում զրուցակիցներս համակարծիք են։ Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարագավորվեն՝  Հայաստանի սուբյեկտայնությունը մեծանալու է՝   չեզոքացնելով  նոր պատերազմի ռիսկը՝ ասում է Սուրեն Սուրենյանցը։ Իսկ սա շատ կարևոր է թե Հայաստանի  և թե Արցախի համար։
 
 
Artsakh Public Radio