Print this page

Ինքնապաշտպանության իրավունքն ընդդեմ ահաբեկչության վարկածի

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 06, 2023

Երեք մարդու կյանք խլած դիվերսիան Ադրբեջանը որակում է որպես հակաահաբեկչական գործողություն։ Թշնամին պնդում է, թե իբր օպերատիվ տեղեկատվություն է ստացել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերքի ու անձնակազմի տեղափոխման մասին և իրականացրել է պատասխան՝ հակաահաբեկչական գործողություն։ Թե ինչպես կարող էր Ստեփանակերտից ուղևորված մեքենան զենք տեղափոխել նույն Ստեփանակերտ՝ ադրբեջանական քարոզչամեքենան չի մեկնաբանում։Սա Ադրբեջանի ստի ու զեղծարարության վրա հիմնված քաղաքականության ընդամենը մեկ ապացույցն է՝ պարզունակ ու անհիմն քայլ՝ ասում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ ՆԳՆ հրապարակած տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները մեքենան բացում, փաստաթղթեր դեն նետում՝ ըստ երևույթին փնտրելով զենք, մինչդեռ մեքենայում որևէ բեռ չկար։ Սա ոչ թե հակաահաբեկչական գործողություն, այլ հենց ահաբեկչություն էր, դեվերսիա

«Ապացույցները շատ պարզ են, որովհետև կան վկայություններ, տեսանյութեր, լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները, տվյալ դեպքում նույնիսկ կարող եմ հանգիտ ասել ահաբեկիչները, հարձակվում մեր ոստիկանության ծառայողների վրա մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհին, որը շփման գծից հեռու է մոտավոր 1 կմ դեպի ներս։ Ապացույցները նաև ռուս խաղաղապահները ունեն։ Նաև ադրբեջանական կորուստների մասին տեղեկությունները նրանք ունեն։ Մեր ունեցած տեսանյութերն ու լուսանկարներն էլ բոլորը համապատասխան ձևով հավաքագրվել ու համապատասխան մարմինների կողմից ներկայացվում են և ներկայացվելու են միջազգային հանրության տարբեր դերակատարների»։

Ադրբեջանի կողմից ուղղակի հարձակման դեպքում Արցախի Հանրապետության կողմից իրականացվող ինքնապաշտպանական գործողությունները լրիվությամբ համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ հռչակված ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքներին, որոնք նաև ինքապաշտպանության իրավունք են տալիս։ Իրենց կորուստներից դժգոհող Ադրբեջանի իշխանությունները միգուցե սխալմամբ մտածում էին, թե նման հարձակումն ու մեր քաղաքացիների սպանությունը համապատասխան արձագանք չի ստանա, բայց մենք մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից ու ցեղասպանական գործողություններից պաշտպանելու իրավունք ունենք։ Միջազգային իրավունքը բոլորին ինքնապաշտպանվելու իրավունք տալիս է՝ ասում է Արտակ Բեգլարյանը։

«Միջազգային իրավունքում տարբեր գործիքակազմեր կան, որ պետք է մեզ պաշտպանեն։  Ինքնապաշտպանվելու համար մենք օգտագործում ենք մեր ունեցած բոլոր գործիքները։ Եվ հենց սրանից է ադրբեջանական կողմն ամենաշատը գրգռվում։ Եվ իրենք միգուցե վախենում են, միգուցե շահարկում են սա և հնարավորինս ցանկանում են հրապարակային ներկայացնել, որ մենք նույնիսկ ինքնապաշտպանվելու, իրենց հանցագործություններին դիմակայելու իրավունք չունենք։ Եվ երկրորդը, փորձում են բոլոր հնարավոր ձևերով մեր ուժերը ջլատել, խանգարել մեզ, որ մենք երկարաժամկետ կտրվածքում չկարողանանք բավարար ձևով ինքնապաշտպանվել»։

Վերլուծելով ադրբեջանական լրատվամիջոցների ու սոցցանցերի գրառումները պարզ է դառնում, որ Ադրբեջանը ցանկանում է Լաչինի միջանցքում հսկիչ անցակետ դնել, պատրվակն էլ ՀՀ ՊՆ զորքի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը չթույլատրելն է։ Արցախի շրջափակման վերացման գլխավոր նախապայմաներից մեկը հենց այդ նույն անցակետի տեղադրումն են ներկայացնում։ Շրջափակմամբ չհասնելով իր նպատակին՝ Ադրբեջանը հնարավոր է ավելի կոշտ քայլերի է գնում։ Ո՞րն է լինելու Ադրբեջանի հաջորդ քայլը, ի՞նչ սպասել թշնամուց։ Հարցին ի պատասխան Բեգլարյանն ասում է՝ Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է, եթե այն ռազմական գործողություններ, պատերազմ վարելու հնարավորություն ունենա՝ անելու է դա։ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը զսպելու մեխանիզմները բազմաթիվ են, այդ թվում և մեր ինքնապաշտպանությունը, մեր ՊԲ կարողությունները, միջազգային տարբեր գործիքակազմեր, արձագանքներ, երկրների շահեր և այլն՝ ասում է զրուցակիցս։

«Ադրբեջանը բոլոր հնարավոր ձևերով, փոքր-փոքր քայլերով ստուգում է կարմիր գծերը, ստուգում է արձագանքելու ձևը, ուժգնությունը և՛ մեր կողմից, և՛ միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից, որպեսզի հասկանա, թե մինչև ուր կարող է գնալ։ Մենք Ադրբեջանից պետք է սպասենք, որ նրանք փորձելու են քաղաքական, ռազմական և բոլոր հնարավոր ձևերով մեզ ճնշած պահել, անընդհատ փորձել էթնիկ զտումն ամբողջապես իրականացնել»։

Մինչդեռ ադրբեջանական դիվերսիայի, զոհերի, վիրավորների և ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվությունը լայնորեն քննարկվում է Արցախում և Հայաստանում։ ՌԴ ՊՆ մարտի 5-ի տեղեկագրում դեպքի մասին որևէ կերպ չի նշվել։ Իսկ այսօր ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակվել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որով լուրջ մտահոգություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ «Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5-ին գրանցված զինված միջադեպի հետևանքով մարդկային կորուստներ ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը»,– նշել է Զախարովան։ ՌԴ–ն կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։

«Բոլորս՝ մեր ժողովուրդը, հասարակությունը Ռուսաստանից ակնկալում ենք, որ հնարավորինս ակտիվ, բոլոր հնարավոր գործիքակազմերը պետք է կիրառի՝ ստանձնած պարտավորությունները պաշտպանելու, պահպանելու համար, որովհետև այս քայլերն ուղղված են և՛ մեր դեմ, և՛ Ռուսաստանի շահերի դեմ»։

Ստեփանակերտի ու Բաքվի միջև տեղի ունեցած հանդիպումից օրեր անց տեղի ունեցած դիվերսիան, արդյո՞ք, խոսում է բանակցությունների տապալման մասին։ Արտակ Բեգլարյանն ասում է, որ չարժե դրանք իրար հետ կապել։ Ադրբեջանը և՛ բանակցություններում, և՛ հրապարակային շատ ավելի լուրջ պահանջներ է դնում, բայց արցախյան կողմը բանակցություններում թեման տանում է տեխնիկական հարցերի կարգավորման շրջանակ։ Մի բան ակնհայտ է՝ Ադրբեջանի ալիևյան բռնապետական ռեժիմը պետք է պատժվի միջազգային հանրության կողմից այս և նախորդ հանցագործությունների, այդ թվում՝ շրջափակման համար, այլապես նրանք ավելացնում են ագրեսիվության մակարդակը և պատրաստվում են նոր ու ավելի դաժան հանցագործություններ կատարել արցախցիների դեմ:

Արցախի հանրային ռադիո
Last modified on Երկուշաբթի, 06 Մարտի 2023 14:56

Related items