Print this page

Իրավիճակի ի՞նչ զարգացումների մասին է խոսել նախագահ Հարությունյանը, ի՞նչ սպասել թշնամուց

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 07, 2023
Իրավիճակի ի՞նչ զարգացումների մասին է խոսել  նախագահ Հարությունյանը, ի՞նչ սպասել թշնամուց David Ghahramanyan

Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների վերջին հանդիպումից հետո ադրբեջանական կողմն իր խողովակներով արցախյան կողմին է փոխանցել, որ մենք կա՛մ ընդունում ենք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ առկա խնդիրներին որևէ լուծում չի տրվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: Անվտանգության խորհրդի երեկ կայացած նիստում նախագահ Հարությունյանը շեշտել է, որ հայկական կողմը չի ընդունել, չի ընդունում և չի ընդունելու Ադրբեջանի առաջարկը։

«Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»։

Ի՞նչ է սա նշանակում։ Արդյոք, Արցախում կա երկրորդ կարծիք՝ Ադրբեջանին ինտեգրվելու թեմայով։ ԱԺ պատգամավոր, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանը կարծում է, որ Արցախում Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներն ընդունելու տրամադրություններ չկան։ Արցախահայությունը ընտրել և ընտրելու է պայքարի տարբերակը։

«Եթե կհայտնվեն այնպիսի հասարակական շրջանակներ, որոնք այդպիսի քարոզ կանեն, կհասկանանք։ Եթե հանրության մեջ որոշ շերտեր լինեն, որոնք որ համաձայն են դրան, կնշանակի, որ կան։ Իմ պատկերացմամբ՝ այս պահին բացարձակ մեծամասնությունը չէ, այլ կարելի է ասել ամբողջ արցախահայությունը համոզված է, որ եթե մեր առջև դրված լինի պայքար կամ ինտեգրացիա, ընտրելու ենք պայքարը իր հետևանքներով հանդերձ»։

Կա՞ն արդյոք Արցախում հասարակական, քաղաքական շրջանակներ, որոնք կողմ են ադրբեջանական ինտեգրացիոն քաղաքականությանը։ Խորհրդարանի ընդդիմադիր թևի՝ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն այս հարցին միանշանակ է պատասխանում։

«Իհարկե, ո՛չ։ Այսօր Արցախում չի կարող գտնվել մեկ անձ, որը կողմ կլինի Ադրբեջանին ինտեգրմանը»։

«Մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու,-ասել է նախագահը,- իսկ դա նշանակում է, որ առաջիկայում լինելու են տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք»: Ի՞նչ իրավիճակների ու զարգացումների մասին է խոսքը՝ սահմանային էսկալացիանների՞ , թե՞՝ այլ։ Արամայիս Աղաբեկյանը թերահավատ է ռազմական գործողությունների բռնկման հնարավորության հարցում։

«Չեմ կարծում, թե ռուս խաղաղապահների ներկայության պարագայում ադրբեջանական կողմն իրեն թույլ կտա խոշոր ռազմական գործողություններ, բայց առանձին սահմանային բախումների, սադրանքների, իհարկե, պետք է սպասել․․․․․․ »

Ալիևյան վարչակարգը արհամարհում է միջազգային արձագանքները, կոչերն ու հորդորները, անգամ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ադրբեջանից ցանկացած պահի կարող ենք սպասել ամեն ինչ՝ ասում է Մետաքսե Հակոբյանը։

«Ադրբեջանն ունի իր օրակարգը և շարժվում է իր օրակարգով, բնականաբար, նման թշնամի ունենալը տրամաբանությունից դուրս է, այսինքն նստել, խոսել, ելքեր փնտրել, գտնել․ չեմ կարծում, որ երկխոսության արդյունքում դա հնարավոր էր կամ որևէ կերպ հնարավոր է նման թշնամուն զսպել, որպեսզի ինքը չգնա հետագա զարգացումների կամ իր օրակարգից շեղվի»։

Նման զարգացումներից խուսափելու և Ադբեջանի ագրեսիվ քաղաքականության՝ Արցախի վրա ունեցած և ունեցող հետևանքները մեղմելու համար, Արամայիս Աղաբեկյանի կարծիքով, բանակցային ամբողջ գործիքակազմը պետք է ուղղել ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակը ավելացնելու հարցի առաջմղմանը։

Արցախի հանրային ռադիո

Related items