Print this page

Բաքվի պահանջներն օրեցօր ավելանում են․ ինչի՞ է ձգտում Ադրբեջանը

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 13, 2023

Ադրբեջանի քարոզչական պահոցում կան ավանդական թեզեր, որոնք նա շրջանառում է՝ ելնելով տվյալ իրավիճակի թելադրանքից։ Բայց այնտեղ պարբերաբար հայտնվում են նորերը՝ անհնարինության չափ անհեթեթ: 

Այս անգամ Ադրբեջանը թիրախավորել է ԿԽՄԿ արցախյան գրասենյակը. Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը դժգոհում է, թե ինչու ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը մինչև հիմա չի ենթարկվում Բաքվի գրասենյակին։  Ինչի մասին են խոսում Բաքվի անընդհատ աճող պահանջները։ Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծում է, որ նման ապակառուցողական քայլերին սովորաբար հաջորդում են սահմանային էսկալացիաները։ Կան մի քանի հանգամանքներ, որոնք կարող են դրդել Ադրբեջանին այդ քայլին գնալու համար։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը չհասավ իր նպատակներին և հիմա փորձում է հնարավոր բոլոր խողովակներն օգտագործելով բավարարել իր պահանջները կամ չեզոքացնել հնարավոր վտանգները։ Նոր էսկալացիայի գնալու դրդապատճառներից մեկը քաղաքագետը սա է համարում։

«Տեսնելով Հայաստանի մի կողմից թուլությունը՝ ռազմատեխնիկական, տնտեսական, դիվանագիտական հարթություններում, մյուս կողմից տեսնելով, որ Հայաստանի իշխանությունները վարում են, այսպես կոչված, խաղաղեցման կամ հանդարտեցման քաղաքականություն՝ զիջումներ, փափուկ մոտեցումներ․ սա ևս Ադրբեջանին ստիպում է մեծացնել ախորժակը։ Երրորդ կարևոր հանգամանքը կապված է ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ Ռուսաստանը, որը մեր տարածաշրջանի կարևոր դերակատարներից է, խրված է համակարգային պատերազմի մեջ, ինչը էականորեն թուլացել է նրա ազդեցությունը տարածաշրջանում։ Քանի որ չէր կարող լինել ուժի վաակում, այդ վաակումը լցրել է Թուրքիան և հենց ինքը Ադրբեջանը»։

 Քաղաքագետը Ստեփան Դանիելյանը էսկալացիան քիչ հավանական է համարում։ Նա ուշադրություն է հրավիրում մի շարք հանգամանքների վրա։


«Ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե մեր տարածաշրջանում և աշխարհում ինչ է կատարվում, որովհետև Բաքվի քայլերը շատ դեպքերում դրանով են պայմանավորված։ Հիշե՛նք, որ 2020թ պատերազմը միայն Բաքվի որոշումը չէր, կար համապատասխան միջազգային ֆոն և միջազգային կոալիցիա, որոնք Բաքվին դրդում էին այդ պատերազմին։ Եթե Ադրբեջանը գնա էսկալացիայի՝ դա հղի կլինի ավելի մեծ պատերազմով, նաև Իրանի մասնակցությամբ, նաև Թուրքիան ինչ-որ խնդիրների առաջ է հայտնվել։ Այս ֆոներո՛վ պետք է հասկանանք Ադրբեջանը էսկալացիանների կգնա, թե չէ՛։ Իմ կարծիքով Ադրբեջանն իր վրա մեծ պարտավորություններ է վերցրել, որի համար 2020 թ պատերազմում իրեն աջակցել են և այդ պարտավորությունները կարող են իրն վրա շատ թանկ նստել»։


Ստեղծված իրավիճակից Ադրբեջանը փորձում է քաղել առավելագույնը ոչ միայն Արցախի ու Հայաստանի հետ կապված իր նպատակներին հասնելու համար, այլ նաև տարածաշրջանում առաջատար պետություն դառնալու տեսանկյունից։ Արցախի հետ կապված իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանին «քիչ ժամանակ է մնացել»՝ վստահեցնում է Ստեփան Դանիելյանը։ «Ես կարծում եմ, որ շատ դժվար ժամանակ է, բայց եթե Արցախի բնակչությունը կես տարի, մեկ տարի դիմանա, Ադրբեջանի համար վատ ժամանակներ են սպասվում»,-ասում է դիվանագետը։ «Քիչ ժամանակ է մնացել» ասելով՝ քաղաքագետը նկատի ունի մի քանի գործոններ։


«Առաջինն Ուկրաինական պատերազմի հանգուցալուծումն է, կարծես թե գործընթացը գնում է դրան։ Ամռան կողմերը, գուցե սխալվում եմ, բայց ինչ-որ բան երևում է։ Երկրորդ փաստը, որը շատ կորևոր է, և մենք երևի դրան այդքան էլ շատ ուշադրություն չենք դարձնում, Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև կնքված պայմանավորածություններն են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Դա մեզ հետ ուղղակի կապ ունի, որովհետև դա ուժեղացնում է Իրանի դիրքերը և թուլացնում է Ադրբեջանի դիրքերը, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հիմնական հովանավորներից մեկը Իսրայելն է։ Սա նույնպես թուլացնում է Ադրբեջանի հնարավորությունները։ Գնալով նաև ճնշումն է ուժեղանալու Իրանի, հետագայում նաև Ռուսաստանի կողմից, որովհետև Ադրբեջանը կարմիր գծեր է հատել և Իրանի, և Ռուսաստանի հանդեպ»։


Եթե իրադարձությունները զարգանան քաղաքագետի նշած սցենարով, ապա հնարավոր է, որ Ադրբեջանն այդ «քիչ ժամանակի մեջ» տեղավորվելու համար առավել ինտենսիվ գործի։ Չբացառելով ոչինչ՝ Ստեփան Դանեիելյանը կարծում է, որ Բաքուն սահմանային էսկալացիաների չի գնա։


«Ադրբեջանը կարող է ահաբեկչական գործողությունների դիմել։ Առաջին հերթին հոգեբանական ազդեցություն գործել Արցախի ու Հայաստանի բնակչության վրա և ստիպել ինչ որ պայմաններ ընդունել։ Ադրբեջանն այս պահը պետք է օգտագործի և իր համար շատ կարևոր է, որ Արցախը ընդունի, որ ինքը Ադրբաջանի կազմում է, որպեսզի x պահին ասի, տեսե՛ք, Արցախի հետ հարաբերությունները մենք արդեն կարգավորել ենք։ Ես կարծում եմ ճնշումները կշատանան, բայց չեմ կարծում, որ լինի ռազմական էսկալացիա»։


Ադրբեջանի նշանակությունն արևմուտքի համար այսօր ավելի է մեծանում՝ կապված էներգետիկ և տրանսպորտային հարցերի հետ։ Այս է պատճառը, որ անգամ Ադրբեջանի բացահայտ կոպիտ գործողությունները հավաքական Արևմուտքի համապատասխան արձագանքին չեն արժանանում։ Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում հասնել իր կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակներին։


«Ամեն ինչ նպաստում է նրան, որ Ադրբեջանը փորձի իր երկարաժամկետ, միջնաժամկետ և նաև օպերատիվ խնդիրները լուծի ուժի միջոցով, այսինքն՝ սահմանային սրացումների։ Չգիտեմ՝ կաճի դա լայնամասշտաբ պատերազմի, թե՝ ո՛չ։ Դա կարող է, անգամ, աստիճանաբար վերածվել ավելի լայնամասշտաբ կոնֆլիկտի։ Տարածաշրջանային ու գլոբալ պրոցեսները շատ արագ են զարգանում։ Հստակ բան չենք կարող ասել, բայց այն, որ լարվածություն կա և դրա ֆոնը անընդհատ հագեցվում է՝ միանշանակ է»։


Քաղաքագետների կարծիքները հակադիր չեն, բայց չեն էլ համընկնում։ Կլինի՞ նոր էսկալացիա, կվերա՞ճի այն լայնամաստաբ պատերազմի թե՝ չէ՛, ցույց կտա ժամանակը։ Մի հարցում նրանց կարծիքները համընկնում են՝ ժամանակն աշխատում է ոչ հօգուտ Ադրբեջանի։

Արցախի հանրային ռադիո

Related items