Print this page

«Մկանների ցուցադրությու՞ն», թե՞՝ ռազմական բախման նախերգանք

By Դավիթ Եղիազարյան Մարտի 15, 2023

Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները շարունակում են վատթարանալ: Երեկ Ադրբեջանում ձերբակալվել է 32 մարդ՝ հօգուտ Իրանի լրտեսության կասկածանքով: Դա հաջորդել է Ադրբեջանի այն հայտարարությանը, թե իրանական ռազմական օդանավերը թռիչք են իրականացրել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով: Իրանագետ Ժաննա Վարդանյանը կարծում է, որ թեև Ադրբեջանը փորձում է նման կերպով ապակայունացնել Իրանի հետ հարաբերությունները, սակայն Իրանը շատ զուսպ է անդրադառնում դրան.


«Իրանից դեռևս փորձում են մեղմ հայտարարություններ անել, հնարավորինս հանդարտեցնել իրավիճակը: Բայց դա որևէ ազդեցություն չի ունենում, որովհետև Ադրբեջանն արդեն իսկ հստակ որդեգրել է իր օրակարգը ու փորձում է նաև անընդհատ քարոզչությամբ, ճնշումների միջոցով հասնել նրան, որ, օրինակ, Իրանն իր դիրքորոշումների մեջ փոփոխություններ մտցնի: Նույն վերջին միջադեպը, որ հայտարարվեց ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ կապված, դա ևս ադրբեջանցիների հերթական փորձն էր իրադրությունը լարելու, որովհետև իրանական կողմը պնդում է, որ նմանատիպ թռիչքներ իրենք նախկինում էլ են արել, և առհասարակ Ադրբեջանի օդային սահմանը չեն էլ խախտել»։


Թեև Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էր հայ-ադրբեջանական հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական և ստանալ մահմեդական աշխարհի աջակցությունը, այդուամենայնիվ, Ադրբեջանը մեծապես խորացնում է հարաբերություններն Իսրայելի հետ: Ադրբեջանը մեծացնում է իսրայելական ներկայությունն Իրանի հետ սահմանի երկայնքով։ Դրա հետ մեկտեղ վերջին ժամանակներում հաճախակիացել են իսրայելական ռազմական պաշտոնյաների այցերն Ադրբեջան: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ Ադրբեջանը վերածվում է իսրայելական պլացդարմի.


«Ստացվող տվյալները, հարցազրույցները, հանրային խոսքերը, գալիս են փաստելու, որ բավականին մեծ ազդեցություն է ձեռք բերել Իսրայելը. ռազմական բնույթի ազդեցություն՝ ռազմական, հետախուզական, հենց Իրանի հետ սահմանի երկայնքով: Եվ 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից հետո, ի նշան նաև իր ստանձնած պարտավորությունների, երախտագիտության Իսրայելի հանդեպ, Ադրբեջանը փաստացի ծառայեցվում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների առումով որպես դաշտ: Թեև իրենք ժխտում են, վերջերս էլ Իսրայելում Ադրբեջանի դեսպանն էր նշել, որ իրենք երբևէ չեն դառնա պլացդարմ, բայց իրողություններն այլի մասին են փաստում.  Ադրբեջանը հենց այդ ճանապարհով էլ գնում է»։


Իրանը  մշակութային և քաղաքական մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում, ինչը որպես սպառնալիք է դիտարկվում Ադրբեջանում: Իրանագետ Ժաննա Վարդանյանը նշում է, որ Ադրբեջանը հետապնդում է ցանկացած մեկին, որ նույնիսկ մի փոքր կասկածվում է Իրանի հատուկ ծառայությունների հետ աշխատելու համար:


«Իսրայելական ներկայությունն Ադրբեջանում Իրանը հնարավորինս փորձել է չեզոքացնել տեղում շիա հավատացյալների միջոցով: Համենայն դեպս, առնվազն այնպես, որ այդ շիա հավատացյալները դժգոհություն հայտնեն Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների խորացման կապակցությամբ, օրինակ, ցույցեր կազմակերպեն և այլն, բայց խնդիրն այն է, որ այստեղ Իրանն այդքան էլ հաջողություն չի ունեցել, որովհետև այդ նույն շիա հավատացյալները շատ լուրջ հալածանքների են ենթարկվում Ադրբեջանում: Մանավանդ հիմա, երբ հարաբերությունները խիստ լարված են, Ադրբեջանում ամեն օր տասնյակ հավատացյալների են ձերբակալում, նրանց հայտարարում են Իրանի լրտեսներ, պետական դավաճանության մեջ են մեղադրում: Այսինքն՝ այս պահին Ադրբեջանում Իրանը լիովին թշնամի է ներկայացվում և բոլոր այն մարդիկ, ում համար Իրանը թշնամի չէ, ովքեր որևէ տեսակի համակրանք ունեն Իրանի նկատմամբ՝ նրանք արժանանաում են բանտարկության»։


Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները գերլարված են: Արդյոք այս փուլում հարաբերությունների վատթարացումը կսահմանափակվի «մկանների ցուցադրությամբ», թե կվերաճի ռազմական գործողությունների՝ փորձագետները դժվարանում են կանխատեսել։ Մի բան ակնհայտ է՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները պատմական նվազագույն կետին են հասնում: Դրա հետ մեկտեղ, իրանական թելեգրամյան ալիքները հայտնում են Ադրբեջանի հարավային շրջաններում ռազմական կուտակումների մասին, ինչն էլ ավելի կարող է սրել երկու երկրների հարաբերությունները:

Արցախի հանրային ռադիո

Related items