Print this page

Սահմանազատում Սահմանադրությամբ և առանց դրա. Հայաստան-Արցախ միասնականության սահմանադրական հիմքը

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 16, 2023
Եվրախորհրդի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բրյուսելյան վերջին բանակցությունները երկու երկրների խորհրդային անարդար սահմանազատման և Արցախի ժողովրդի ազատ ու անվտանգ ապրելու խնդիրները կրկին դարձրին հանրային քննարկման առարկա: Իհարկե, Արցախի հարցում 1991 թվականից ի վեր հայաստանյան անխտիր բոլոր իշխանությունների անողնաշար և զիջողական քաղաքականությունը թույլ չտվեց ամրագրել հաղթանակած պետության ռազմական և քաղաքական ձեռքբերումները: Իսկ 44-օրյա պատերազմում պարտությունը և դրան հաջորդած բանակցային ձախողումները լիովին ամբողջացնում են Հայաստանի ավելի քան երեսնամյա զիջողականությունը: Այդուամենայնիվ, Արցախի և Մայր Հայաստանի միասնականության անքակտելիության դրույթն ամրագրված է Հայաստանի անկախության Հռչակագրում, որն էլ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմքն է: Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է Արցախի` Հայաստանի հետ վերամիավորումը, իսկ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ավելի վաղ ընդունած որոշումը նաև ամրագրում է Արցախի պաշտպանության գործառույթը. 
 
«Այն ամենը, ինչ նշված է Հայաստանի Անկախության հռչակագրում Հայաստանի պետականության գոյության նպատակն է և գործունեության հիմնական թիրախը: Անկախության հռչակագրում ելակետային հիմնարար դրույթներից մեկը նաև դրա նախաբանն է, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանի ժողովուրդը` միասնական կամք դրսևորելով և իրականացնելով, ու հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի` ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և Ազգային խորհրդի համատեղ որոշումների վրա, թվարկում է, թե ինչ է հռչակում Անկախության հռչակագրով: Եւ ՀՀ Սահմանադրությունը, թեկուզ և անուղղակի, բայց ճանաչել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդի համատեղ որոշումը վերամիավորման մասին: Բացի վերը նշվածը կա նաև 1992 թվականի հուլիսի 8-ի` ՀՀ ԳԽ-ի որոշումը ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին, որը, արդեն զարգացնելով Անկախության հռչակագիրը, քանի որ 1992 թվականին դեռևս Սահմանադրությունը չկար, նշում է, որ ՀՀ ԳԽ-ը որոշել է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: 
 
Գրիգորյանը համոզված է, որ եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար, ճնշումների կամ այլ պատճառներով, ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որով Հայաստանը կարող է հրաժարվել Արցախից, Սահմանադրական դատարանն այն պարզապես կճանաչի առ ոչինչ. 
 
«Տվյալ դեպքում, եթե տեղի է ունենում ստորագրում, դրանից հետո փաստաթուղթը պետք է գնա Սահմանադրական դատարան, որոշվի դրա սահմանադրականության հարցը, այնուհետև պետք է գնա ԱԺ` վավերացման: ՍԴ-ը, եթե անգամ մի պահ մոռանա իր ազգային պատկանելիությունը, և առաջնորդվի բացառապես իրավունքի գերակայության սկզբունքով, և Սահմանադրության` բարձրագույն իրավաբանական ուժ ունենալու սկզբունքով, ապա` նման ցանկացած պայմանագիր, որով Հայաստանը կհամաձայնի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, պետք է ճանաչվի ՀՀ Սահմանադրությանը հակասող, պայմանավորված Սահմանադրության նախաբանով, Անկախության հռչակագրով»: 
 
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Խզմալյանը նշում է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը կհակասի ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլ նաև` միջազգային իրավունքի շատ սկզբունքների. 
 
«Մի բան պետք է հասկանալ, որ Արցախը Հայաստանի Հանրապետության Վարչապետինը չի, որ նա կարողանա հրաժարվել Արցախի մասով պահանջներից, կամ` ընդունել Ադրբեջանի դիրքորոշումը և վերջ: Արցախի հիմնահարցը միջազգային իրավունքի հարթությունում է, ինքնորոշման իրավունքի հարթությունում է, և Ադրբեջանի կողմից այս պահին, ըստ էության, նախաձեռնած էթնիկ զտման համատեքստում է, և այդ համատեքստում որևէ պետություն չի կարող իրավաչափ ճանաչել այն վիճակը, որն ստեղծել է Ադրբեջանը: Որովհետև Ադրբեջանի գործողությունները կհակասեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, անիրավաչափ են, և դրանք չի կարելի իրավաչափ ճանաչել միջազգային իրավունքի տեսանկյունից: Այսինքն, պայմանականորեն Արցախը դիցուք ճանաչելով Ադրբեջանի կազմում Հայաստանի վարչապետը ոչ միայն Գերագույն խորհրդի 1992 թվականի որոշումն է խախտում, այլ նաև, ըստ էության, միջազգային իրավունքի սկզբունքների հակառակ է գնում, որոնց համաձայն չի կարելի իրավաչափ ճանաչել մի իրավիճակ, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին: Իսկ տվյալ դեպքում Ադրբեջանը կոպտորեն խախտում է ռասայական խտրականության վրա միջազգային իրավունքում դրված արգելքը, որի մասով, ի դեպ, Հայաստանը նաև դատական պահանջ ունի ներկայացրած Ադրբեջանի դեմ, և այդ համատեքստում դա ինձ հույս է տալիս, որ դիվանագիտական մակարդակում խուսանավելու տեղ դեռ կա»: 
 
Անդրադառնալով Բրյուսելում արծարծված Ստեփանակերտ-Բաքու ուղիղ և թափանցիկ երկխոսության հարցին, Արա Խզմալյանը նշում է, որ դրա ապահովման համար պետք է միջազգային երաշխավորների ներգրավում. 
 
«Միջամտության իրավասություն ունի Անվտանգության խորհուրդը, որից այս պահին ինչ-որ միջամտություն ակնկալել ես չեմ կարող: Դրա համար, նախնական փուլում գործուն մեխանիզմ կարող է լինել երրորդ պետությունների միջնորդությունը: Կարծես թե Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիան և ԱՄՆ-ը խմբի աշխատանքները չեն համարում սպառված, մյուս կողմից` Ռուսաստանը, կարծես թե, ամեն ձևով տորպեդահարում է դրա աշխատանքները, հետևաբար այս մեխանիզմը նույնպես կիսա-գործում է: Բայց նման ինչ-որ ձևաչափի մասին կարող ենք խոսել»:
 
 Թեև Արցախի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի վերջնական փաստաթուղթ դեռ չկա, և մոտակա ժամանակներում դժվար թե լինի, այդուամենայնիվ` թե՛ ամբողջ Հայաստանում, թե՛ հատկապես Արցախում պետք է հիշել երկու կարևոր ճշմարտություն. առաջինը`անհնար է զիջումներով խաղաղություն կորզել ամբողջատիրական որևէ պետությունից, և երկրորդը` չկա Արցախ առանց Հայաստանի, և չկա Հայաստան առանց Արցախի:
 
Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 17 Մայիսի 2023 04:56