Print this page

ՀԱՊԿ կա՞, թե՞ չկա. Հայ-ռուսական անմիաբան դաշինքի հնարավոր ապագան

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 25, 2023

Մայիսի 25-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդեցին Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համագործակցության, դրա արդյունավետության վերաբերյալ կոշտ հայտարարություններ Երևանից և Մոսկվայից: Թեև հապկ-ը ցույց է տվել Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում իր, թեկուզ և անվանական դաշնակցին, օգնելու իր անկարողությունը կամ չկամությունը, սակայն Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմական ներկայությունը շարունակում է ռազմաքաղաքական լուրջ գործոն մնալ: Ռուսաստանագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ չնայած Հայաստանի ղեկավարության կողմից հապկ հասցեին հնչեցվող քննադատությանը և կառույցից դժգոհությանը, այս պահին դեռ իրատեսական չէ կառույցը լքելու հնարավորությունը. «հապկ-ից դուրս գալու իրատեսական լինելու մասին վերլուծություններն այս պահին որևէ գիտական հիմք ունենալ չեն կարող, որովհետև Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն ձգձգում է այդ գործընթացը, և ձգձգում է արդեն բավականին երկար ժամանակ: Հավանաբար սեպտեմբերի 13-14-ից հետո արդեն պարզ էր, որ Հայաստանը հապկ-ում այլևս անելիք չունի: Այնուամենայնիվ, մինչ այժմ կոնկրետ գործողություններ չեն հետևել, ինչը նշանակում է, որ դեռևս կան Հայաստանի իշխանությանը խանգարող հանգամանքներ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ` տեղեկատվությունը դեռ քիչ է, բայց փաստն այն է, որ կան խանգարող հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանն սկսի հապկ-ից դուրս գալու գործընթացը: Բայց այդ հանգամանքները, ինչպես կարող են ցանկացած օր այլևս չլինել, այնպես էլ կարող են դեռ շատ երկար ժամանակ լինել, այնպես որ` գնահատել, թե ինչքանով է իրատեսական, կամ ` ո՞ր պահին Հայաստանը դուրս կգա հապկ-ից, շատ դժվար է ասել»: Ըստ քաղաքագետ Դավիթ Հարությունովի` հապկ վերաբերյալ Հայաստանի քաղաքականության հիմնական խնդիրը հստակ ձևակերպված օրակարգի բացակայությունն է. «Նախ և առաջ` անհասկանալի է քաղաքական, ռազմավարական այն խնդիրները, որոնք Երևանը կկարողանա լուծել հապկ-ը լքելով: Դա կարող էր տրամաբանական լինել երկու դեպքում: Առաջինը` եթե խոսքը գնար անվտանգային համակարգի լրիվ վերափոխման մասին, և դեպի Արևմուտք կողմնորոշման փոփոխության, այդ դեպքում հասկանալի կլիներ, որ հապկ-ից պետք է դուրս գալ և ինչ-որ կերպ ընդլայնել հարաբերություններն Արևմուտքի հետ: Բայց հիմա, առնվազն այս պահին, տեսնում ենք, որ նման խոսք չի գնում: Այսինքն` հենց Արևմուտքն առնվազը պատրաստ չէ նման երաշխիքներ տրամադրել Երևանին, և դրա մասին հենց հայկական կողմի ներկայացուցիչներն են ակնարկում: Այդ դեպքում Հայաստանը գործնականում լուրջ ոչ մի բան ձեռք չի բերի: Երկրորդ տարբերակը, կարելի է ենթադրել, որ պետք է լիներ Ռուսաստանից Հայաստանի ինչ-որ բան ստանալը, բայց հենց այդ է խնդիրը, որ եթե լքում է հապկ-ը, ապա` այդ դեպքում հենց կորցնում է ռուսական դիրքորոշման վրա ազդելու լծակը, իսկ ուկրաինական հակամարտության պայմաններում` այդ քայլը պարզապես կընկալվեր որպես հարված Ռուսաստանի դիրքերին»: Ռոբերտ Ղևոնդյանը չի կարծում, թե` ՀՀ ղեկավարության կողմից հապկ գործունեության քննադատությունը քաղաքական շանտաժ է, այլ, պարզապես, դրա կողմից իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ դժգոհություն. «Հայաստանը պարզապես փորձում է օգտագործել հապկ-ում գտնվելով ստացած իր իրավունքները, ինչը` հապկ մյուս անդամներին դուր չի գալիս, որովհետև հապկ-ն իր գրված գործառույթների իրականացման համար չէ, որ ստեղծվել է, այլ` իր ներսում գտնվող անկախ պետությունների ռազմական համակարգերը նույնականացնելու և դրանց միջոցով հետագայում հնարավոր պահին Ռուսաստանի շահերը հետխորհրդային տարածությունում առաջ տանելու համար: Եւ բնական է, որ այդ տարածությունում երկու միավորի միջև ռազմական խնդիր առաջանալու դեպքում Ռուսաստանը փորձում է ուղղակի չմիջամտել, և հապկ-ը նույնպես փորձում է չմիջամտել, ինչն էլ որևէ կերպ չի համապատասխանում Հայաստանի շահերին: Չեմ կարծում, թե Հայաստանը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, պարզապես` Հայաստանն այդ խաղաքարտը չունի»: Ըստ ռուսաստանագետի` Ռուսաստանը կգործադրի և՛ փափուկ, և կոշտ միջոցներ, որպեսզի խոչընդոտի Հայաստանի` հապկ-ից դուրս գալուն. «Ռուսաստանը, իր հնարավորությունների սահմանում և իր շահերից դուրս չգալով, կփորձի թե՛ ճնշում գործադրելու, թե՛ սիրաշահելու միջոցով Հայաստանին պահել հապկ սահմաններում, բայց խնդիրն այն է, որ այն, ինչն իրապես Հայաստանին կպահեր հապկ սահմաններում, այն է` հապկ կողմից գործուն քայլերը Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ, Ռուսաստանը և՛ չի կարողանում, և՛` չի ցանկանում իրականացնել: Այնպես, որ, կարծում եմ` Ռուսաստանի քայլերը մեծ արդյունավետություն ունենալ չեն կարող»: Ռոբերտ Ղևոնդյանը նշում է, որ հապկ-ում գտնվելը ոչ միայն չի նպաստում Հայաստանի անվտանգությանը, այլ նաև` Հայաստանին թույլ չի տալիս լիարժեք համագործակցել այլ ուժերի հետ` անվտանգային հարցերում. «հապկ-ն արգելակում է Հայաստանի անվտանգային համակարգի զարգացումը: Կան անվտանգային հնարավորություններ, որոնցից Հայաստանն օգտվել չի կարողացել և չի կարողանում հենց հապկ անդամ լինելու պատճառով: Հայաստանը միայն մեկ այլընտրանք ունի` այլ անվտանգային հնարավորություններ փնտրել, չփորձել այլ դաշինքներում ներգրավվել, այլ` սեփական զինված ուժերի հնարավորությունները քայլ առ քայլ բարելավել, շարունակաբար հզորացնել սեփական զինված ուժերը: Այդ գործընթացում օգտագործել ոչ միայն, օրինակ, Արևմուտքի կամ ՆԱՏՕ-յի հնարավորությունները, այլև, նույն Ռուսաստանի հնարավորությունները, որոնք կան, կամ կարող են առաջանալ, կամ այս պահին չկան, հետո կառաջանան, օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք կարելի է ձեռք բերել» Այդուամենայնիվ, Դավիթ Հարությունովը կարծում է, որ Հայաստանի ներկա դիրքորոշումը ոչ միայն չի նպաստում նոր դաշնակիցների ներգրավվմանը, այլև վնասում է Ռուսաստանի հետ հարաբերություններին. «Հայկական կողմը շարունակում է այն մարտավարությունը, որը մինչև հիմա կիրառել է. ինչ-որ կոշտ հայտարարություններ են հնչում հապկ հասցեին, փաստացի սառեցվել է Հայաստանի մասնակցությունը կառույցի գործունեությանը, բայց դրանից առավել քայլեր դեռ չեն ձեռնարկվում: Ես կարծում եմ, որ դա կապված է նրա հետ, որ այն, ինչ հայկական կողմն անում է հիմնականում երկու նպատակ է հետապնդում: Մեկը` ինչ-որ մեսիջ ուղարկել Արևմուտքին, որ Երևանը պատրաստ է անվտանգային ոլորտում ավելի լայնածավալ համագործակցության, երկրորդը` ինչ-որ ձևով Ռուսաստանի և հապկ անդամ երկրների դիրքորոշման վրա ազդելը` ավելի շատ աջակցություն ձեռք բերելու նպատակով: Այդ մարտավարության թույլ տեղն այն է, որ գործնականում ո՛չ այն հարցն է լուծվում, ո՛չ` մյուսը: Այսինքն` եթե Արևմուտքը պատրաստ լիներ ավելի լայն աջակցություն ցուցաբերել, առանց հապկ-ից դուրս գալու էլ դա ինչ-որ ձևով հնարավոր կլիներ քննարկել: Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն էլ. շատ օբյեկտիվ գործոններ կան, որոնք սահմանափակում են հնարավորությունը Հայաստանին տրամադրել ավելի ակտիվ ու լայնածավալ աջակցություն: Եւ այդ հայտարարությունների արդյունքում ոչինչ չի փոխվում»: Փորձագետները համակարծիք են այն հարցում, որ հապկ դեռ շուտ չի, որ դուրս կգա Հայաստանից: Միաժամանակ, Հայաստանի պաշտպանության հարցում դրանից լուրջ ներգրավում ևս չարժե սպասել:

Last modified on Երկուշաբթի, 05 Հունիսի 2023 12:51

Related items