Ապրիլի 25, 2024

Կանայք ընդդեմ հումանիտար ահաբեկչության

By Անի Աբաղյան Մարտի 24, 2022

  Այսօր արցախցի   մի խումբ կանայք իրենց երեխաների հետ հավաքվել են «Արևիկ» մանկական հիվանդանոցի դիմաց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Ադրբեջանիւ կողմից շարունակվող մարդասիրական ահաբեկչության դեմ: Արդեն շուրջ երեք շաբաթ Արցախը զրկված է գազամատակարարումից, տաք ջրից ու ջեռուցումից:  Եղանակային այս աննախադեպ պայմաններում սա հումանիտար աղետ է ստեղծել: 

«Մենք երեք լեզվով ելույթ ենք ունեցել և ուզում ենք՝ աշխարհը իմանա, որ Արցախում ապրում ենք մենք՝ հայերս, սա մեր տունն է: Մենք այստեղից բացի ուրիշ գնալու տեղ ու ցանկություն չունենք: Ուզում ենք՝ աշխարհը իմանա, որ միայն Ուկրաինայում չեն մարդիկ ու երեխաները պատերազմից տուժում»: «Ադրբեջանի հայատյաց իշխանությունն ամեն կերպ փորձում է հայաթափել Արցախը: Սա  սոսկ  հումանիտար աղետ չէ, այլ նոր ցեղասպանության ծրագիր: Եթե այսօր մենք լռենք, վաղը պատմության գրքերում նոր արյունալի էջեր են լինելու: Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք և մեր իրավունքները գերակա են»: 

Ցույցի վայրը պատահական չի ընտրվել. Արցախում ստեղծված իրավիճակից առավել տուժում են երեխաները՝ ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա ընդգծում է՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգն այսօր ամբողջությամբ թաղված է քաղաքական շահերի տակ և միջազգային կազմակերպությունները հիշում են մարդու իրավունքների մասին միայն այն ժամանակ, երբ  նրանց քաղաքական շահը դրված է տվյալ տարածաշրջանի սեղանին: Բայց հակառակ դրան մեր քաղաքացիներն ու սփյուռքը պետք է փոստատարի պես «թակեն» միջազգային կազմակերպությունների «դռներն» ու  իրենց իրավունքների պաշտպանություն պահանջեն: 

«Արցախում ապրում են 30 000 երեխաներ, որոնք զրկված են առողջապահական իրավունքից, կրթության իրավունքից, տաք ջրից ու ջեռուցումից: Ստեղծված իրավիճակը անընդունելի է: Միջազգային կազմակերպությունները պարտավոր են պատասխանել՝ ինչու՞ են այսքան անտարբեր»:

 Միջազգային կազմակերպություններին ուղղված ուղերձները համապատասխան արձագանք չեն ստանում նաև այն պատճառով, որ իրավիճակը լավ չէ ներկայացվում: Այս կարծիքին է ցույցի մասնակից Յանա Ավանեսյանը: 

«Ես կարծում եմ, որ վատ լսող չի լինում, վատ խոսող է լինում: Սա լավ իմանալով մենք պետք է շատ ու «բարձր» խոսենք մեզ անհանգստացնող խնդիրների մասին և եթե այս դեպքում արձագանք չլինի, կարող ենք ասել՝ մեզ լսող չկա: Մենք մեր իրավիճակը պետք է ճիշտ ներկայացնենք միջազգային կազմակերպություններին և ցույց տանք ՝ պայքարելու ուժ ունենք»:

 Արցախում ստեղծված իրավիճակին արձագանքել են Հայաստանի փոքրիկները «Տաքացրեք արցախցի երեխաներին», «Ճանաչեք Արցախը», «Անվտագության ճանաչում» գրությամբ ցուցապաստառներով նրանք հավաքվել են  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ նույն պահանջով:  Արցախում ապրում են արտակարգ իրավիճակում: Ադրբեջանը հոգեբանորեն ճնշում է բնակիչներին ամենօրյա կրակոցներով և հումանիտար աղետներով:   Քաղաքացիների ցույցերը դեր են կխաղան, թե ոչ՝ ցույցի մասնկակիցները չգիտեն: Բայց ձեռքները ծալած նստել էլ չեն ուզում: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ