Print this page

Կյանքի տևողությունը հանրապետությունում կազմել է 77.7 տարի․ վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2022-ը

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 14, 2023

2022թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 79.3 տոկոս։ 
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2022թ. կազմել է 288.8 մլրդ դրամ` 2021թ. 249.4 մլրդ դրամի փոխարեն:
ՀՆԱ-ի արձանագրված 12.2 տոկոս հավելաճի տեմպի 9.6 տոկոսային կետը կազմում է արդյունաբերությունը, ներառյալ էներգետիկան, 2.7 տոկոսային կետը՝ առևտուր և ծառայությունները, 1.4 տոկոսային կետը՝ գյուղատնտեսությունը:

Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի 58%-ը բաժին է ընկնում հանքագործական արդյունաբերությանն ու բացահանքերի շահագործմանը, 21․5%-ը` մշակող արդյունաբերությանը, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը բաժին է ընկնում արդյունաբերական արտադրանքի 19․9%-ը, մնացած 0․6%-ը բաժին է ընկնում ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարմանը և վերամշակմանը։ Ստեփանակերտ քաղաքի արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 29.8 %-ը, իսկ շրջաններից ամենամեծ մասնաբաժինն ունի Մարտակերտի շրջանը` 59.2 %, որը պայմանավորված է հանքագործությամբ՝ ասում է վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը։


«Նախորդ տարվա համեմատ արդյունաբերությունում նվազել է արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը 6%-ով։ Ընդ որում բազմամիտումները բոլոր հատվածներում էլ առկա են, փոքր, բայց նկատելի նվազումը կա։ Նախորդ տարվա համեմատ աճել են հանքանյութի, շինանյութերի որոշ տեսակների, կաթնամթերքի, գորգերի արտադրության ծավալները»։


Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2022թ. կազմել է 41.2 մլրդ դրամ, որը 2021թ. համեմատությամբ աճել է 24.9 %-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 30.3%-ը բաժին է ընկել բուսաբուծության, մյուս մասը՝ անասնաբուծության ճյուղին: Նախորդ տարվա համեմատ 2022թ․ նվազել է հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները, բայց բերքատվության ցուցանիշի որոշակիորեն բարելավման համապատկերում համախառն բերքը աճել է։


«Ըստ գյուղատնտեսական արտադրանքի՝ հիմնական մասնաբաժինը Ասկերանի և Մարտունու շրջաններինն է։ Ըստ արտադրատեսակների՝ առաջատարը մսի արտադրությունն է, որին բաժին է ընկել գյուղատնտեսական արտադրանքի 50%-ից ավելին, երկրորդ տեղում հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերն են, երրորդ տեղում կաթի արտադրությունն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և թռչունների գլխաքանակը, 30%-ից ավելի աճել է խոզերի գլխաքանակը»։ 


Հանրապետությունում 2022 թ․-ին նախորդ տարվա համեմատ նվազել է շինարարության ծավալը։ Հաշվետու տարում հանրապետությունում իրականացվել է 63.7 մլրդ դրամի շինարարություն։ Շինարարության ծավալի գերակշռող մասնաբաժինը՝ 96,6%-ը, բաժին է ընկնում շինմոնտաժային աշխատանքներին։ Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 51.8%-ը կատարվել է պետական բյուջեի, 24.7%-ը՝ մարդասիրական օգնության, 18.7%-ը՝ կազմակերպությունների միջոցներով: 


«Ըստ տնտեսական գործունեության տեսակների՝ հանրապետությունում իրականացված շինարարության 43.6%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը։ Դա պայմանավորված է բնակարանաշինությամբ»։

Կապի ոլորտում բոլոր տեսակի ծառայություններից ստացած հասույթը կազմել է 5,7մլրդ դրամ, որը 2021թ. նկատմամբ նվազել է 15.1%-ով: Կապի ոլորտի հասույթի շուրջ 59.2 %-ը, ինչպես նախորդ տարիներին բաժին է ընկնում բջջային կապին՝ ասում է Մանուշ Մինասյանը։ Առևտրի շրջանառությունը 2022թ․ կազմել է 121.4 մլրդ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է։ Սա տնտեսվարող սուբյեկտների ակտիվության և դեկտեմբերին առևտրի ծավալների աճի հետևանք է։ 2022 թ աճել է նաև ծառայությունների ծավալը։


«2022թ. հանրապետությունում ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 79.9 մլրդ դրամ, 2021թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 3.5 տոկոսով: 2022թ. ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել ֆինանսական և ապահովագրական գործունեության, տրանսպորտի ծառայությունները, կացություն և հանրային սննդի կազմակերպման, համապատասխանաբար` 38.3, 13.5, 13.2 տոկոս»։


Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը 2022թ կազմել է շուրջ 260 հազ. դրամ, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 26,4%-ով։ Պետական հատվածում աշխատավարձի մակարդակը ավելի բարձր է 276.3հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում 219 հազար դրամ։ 2022թ ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը արձանագրվել է պետական կառավարման, պաշտպանության և սոցիալական ապահովության ոլորտներում։ Երկրորդ տեղում ֆինանսական կառավարման ծառայությունների, երրորդ տեղում՝ հանքագործության ոլորտն է։


«Նվազագույն աշխատավարձի և միջին ամսական անվանական աշխատավարձի հարաբերակցությունը 2022 թ կազմել է 26,2%։ Նվազագույն աշխատավարձի և նվազագույն սպառողական զամբյուղի հարաբերակցությունը կազմել է 95,6%, այսինքն նվազագույն ամսական աշխատավարձը ավելի փոքր է, քան նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշը։ Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը 3,6 անգամ գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը»։


Հանրապետության սպառողական շուկայում 2022թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է գնաճ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 351.4մլրդ դրամ, որից ապրանքների արտահանումը` 140.5մլրդ դրամ, իսկ ներմուծումը` 210.9 մլրդ դրամ: Առևտրային հաշվեկշիռը բացասական է՝ ասում է Մանուշ Մինասյանը, սակայն 2021թ. համեմատությամբ 2022թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 2.3 անգամ։ 2022թ․ կանանց աշխատավարձը կազմել է տղամարդկանց աշխատավարձի 52,4%-ը։ Այս խզումը հատկապես նկատելի է տրանսպորտի ոլորտում։ Առողջապահության և սոցիալական ոլորտներում, ընդհակառակը՝ կանանց աշխատավարձը գերազանցել է տղամարդկանց աշխատավարձը՝ ասում է Մանուշ Մինասյանը։ 


2023թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի, վարկերը կազմել են 49.7մլրդ դրամ և 2022թ. հունվարի 1-ի համեմատ նվազել են 20.2%-ով: Հանրապետությունում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացված փոխառությունները 2022թ. կազմել են 51.1 մլրդ դրամ։ Ժողովրդագրության ոլորտում միտումները 2022թ․ դրական էին։ Գրանցված ծնունդների և մահերի հարաբերակցությունը կազմել է 182.4%՝ նախորդ տարվա 114.7%-ի փոխարեն: 2022թ. բազմապտուղ ծնունդների դեպքերի թիվը 20 է, որից 19-ը երկվորյակներ են, մեկը՝ եռյակ։ Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ հանրապետությունում կազմել է 27.9, առաջնեկ ունեցող մոր միջին տարիքը` 24.6 տարեկան:


«Արցախցիների ճաշակը երեխաների անվանակոչման մեջ խիստ պահպանողական է։ Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, աղջիկների անվանակոչում են հիմնականում Մանե, Մարիա, Նարե անուններուվ։ Տղանների անունների մեջ գոնե առաջին 2-ը չի փոխվում՝ Դավիթ, Տիգրան, Դանիել և Մոնթե անուններն են գերակշռել։ Ազգանունների մեջ տարիներ շարունակ դոմինանտ են Գրիգորյան և Սարգսյան ազգանունները»։


2022թ․ մահացածությունների կեսից ավելին եղել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պաճառով, նորագոյացությունների պառճառով մահացել են մահացածների ընդհանուր թվի 12,3%, շնչառական հիվանդություններից մահվացության տեսակարար կշիռը 10,4%։ 2022թ. կյանքի տևողությունը հանրապետությունում կազմել 77.7 տարի, տղամարդկանց համար` 74.5 տարի, կանանց համար` 80.8 տարի:

Արցախի հանրային ռադիո
Last modified on Չորեքշաբթի, 15 Մարտի 2023 14:37

Related items