Print this page

Կտրոնային համակարգում փոփոխություններ կկատարվեն. ի՞նչ կտան դրանք

By Սրբուհի Վանյան Մարտի 14, 2023

Պետական նախարարի հանձնարարությամբ շրջանառության մեջ է դրվել կառավարության նոր որոշման նախագիծ, ըստ որի փոփոխություններ են կատարվելու կտրոնային համակարգում: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը: Երբվանի՞ց են այդ փոփոխություններն ուժի մեջ մտնում։ 

 

ԱՀ բնակարանային հարցերի  կոմիտեի ներկայացուցիչ Զինա Գասյանն ասում է, որ նախագծի համաձայն` ցանկում նշված ապրանքատեսակը վաճառվում է կտրոնում նշված չափով և ժամկետներում։ Բայց կան որոշ բացառություններ․ փետրվարի 18 -ից տրված  կտրոններում։

«Որոնցում նշված ապրանքատեսակը, անկախ կտրոնում նշված ժամկետների, կարող է վաճառվել մինչև 2023 թվականի ապրիլի 10-ը։ Որովհետև մինչ այդ տրամադրված կտրոններով ձեռք բերված ապրանքերի համար քաղաքացիները խնդրի առաջ չէին կանգնել»։

 Խոսքը, մասնավորապես,  միրգ-բանջարեղենի մատակարարումների  մասին է, որով էլ պայմանավորված՝  նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը: Փոփոխությունները, մասնագետի խոսքով, ուժի մեջ կմտնեն որոշման նախագիծը հաստատելուց հետո։  Խնդրին անդրադարձել էր  նաև  պետնախարար Գուրգեն Ներսիսյանը` նշելով, որ  առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին շարունակվում են տրամադրվել կտրոնային համակարգով, որոնք քաղաքացիներին բաժանվել էին դեռևս 2023թ. փետրվարին, առանց հաշվի առնելու գարնանացանի կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը:  Առաջնահերթությունը տրվել է գարնանացանին,  այդ պատճառով էլ երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր:

Արցախի Հանրապետությունում կտրոնային համակարգը գործում է հունվարի 20-ից:  Այն ներդրվել է շրջափակման հետևանքով  Արցախում առաջին անհրաժեշտության  ապրանքների դեֆիցիտի հետ կապված խնդիրները լուծելու նպատակով։ Զինա Գասյանն ասում է, որ   կտրոնային համակարգն  արդարացրել է  իրեն, նպաստելով առաջացած խնդիրների  կարգավորմանը։   

«Կտրոնային համակարգն արդարացրել է իրեն, առաջին փուլում  հաջողվել է կարգավորել առաջին անհրաժեշտության ապրանքերի վաճառքը, խուսափել հերթերից,  կանխվել են խուճապային տրամադրությունները»։

Կտրոնային համակարգը, սակայն, բավարար չափով շուկայում  առաջացած խնդիրները չէր լուծում․  տնտեսվարողները զարտուղի ճանապարհներով ապրանք էին ձեռք բերում վաճառքի համար,  ինչը դրանց դեֆիցիտի պայմաններում, առաջարկի-պահանջարկի սկզբունքով  անվերահսկելի էր դարձնում գնագոյացումը։ Կառավարությունը ստիպված եղավ  նախաձեռնել գնագոյացման վերահսկման  միջոցառումներ: Այն արդեն ուժի մեջ է մտել:   Երեկվանից  մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում, և արդեն տեսչական մարմնի կողմից հարուցվել է 5 վարչական վարույթ։ Այս մասին ծանուցել  է Արցախի տեղեկատվական շտաբը։  

 ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են, որ  վերահսկողական դիտարկումները կրելու են ամենօրյա բնույթ, իսկ խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են պատասխանատվության։ Ըստ  ընդունված  կարգի՝ գնագոյացման վերահսկողությունն իրականացվելու է պետական երեք մարմնի համագործակցությամբ, բողոքների դեպքում  անելիքները քննարկվելու և   պարզաբանվելու են՝ արդյունքների մասին տեղեցնելով հանրությանը։  Նաև գոյություն ունի դիտանցում իրականցնող աշխատակիցների տվյալների միասնական հարթակ, որը օպերատիվ գործելու հնարավորություն է տալիս։  ՀԾՏՄ կարգավորող հանձնաժողովից   Լիլիթ Սարգսյանն է մանրամասներ հայտնում։

 

 « Հանձնաժողովի, հարկային մարմնի և կոմտեի կողմից առևտրային օբյեկտների ցանկերին համապատասխան  համագործակցելով համայնքների ղեկավարների ու վարչակազմերի հետ,  անցկացվում են դիտանցումներ։  Նախքան վաճառք իրականցնելւ տնտեսվարողները գները համաձայնեցնում են հանձնաժողովի հետ, ապա դրանց մասին կազմվում է փաստաթուղթ, և փակցվում վաճառքի կետում։  Կարգը խախտողները պատասխանատվության են ենթարկվելու»։

Կառավարության կողմից նախաձեռնած այս երկու համակարգերն իրար հետ հակասության մեջ չե՞ն, արդյոք,   որքանո՞վ է  համադրելի   կառավարության այս որոշումը  կտրոնային համակարգի հետ։  Կառավարուփյան այս որոշմանը զուգահեռ Կշարունակի՞ գործել կտրոնային համակարգը, թե՝ ոչ: Եթե այո, ապա երբ պիտի տրամադրվեն նոր կտրոնները:  Զինա Գասյանն է պարզաբանում։  

«Գնագույացման վերահսկման նոր միջոցառումների ծրագիրը  Բնակկոմիտեի հետ կապ չունի, դրանով Կոմիտեն չի զբաղվում։ Նոր կտրոնների տրամադրման վերաբերյալ այս պահին հաստատված կառավարության որոծում չկա,  եթե լինի, լրացուցիչ կհայտարարվի»։

Մինչդեռ խնդիրները շրջափակման հետևանքով առաջացած պարենի ու առաջին անհրաժեշտության  այլ ապրանքների հետ կապված շարունակում են տեղ գտնել մեր իրականությունում։  Ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ համայնքներում բողոքներ են արձանագրվում այն մասին, որ տրամադրված կտրոններն օգտագործել չեն կարողանում, իսկ գները  շարունակում են  մնալ կայուն բարձր։ Կառավարությունը հորդորում է խնդիրների արձանագրման դեպքում զանգել թեժ գիծ։  Կնպաստի՞  քաղաքացու զանգը խնդիրների լուծմանը, թե՞ ընդամենը  նյութ կապահովի  սոցցանցային նոր  քննարկումների համար։  

Արցախի հանրային ռադիո
Last modified on Երեքշաբթի, 14 Մարտի 2023 17:44

Related items