Print this page

Պարենային ապահովություն․ գյուղնախարարության աջակցության թիրախային ծրագրերը

By Սրբուհի Վանյան Ապրիլի 13, 2023

 Պարենային անվտանգության ապահովման համար կարևոր է, որ ճիշտ կազմակերպվի անասնաբուծության ոլորտը։ Տեղական գյուղմթերքով, մասնավորապես մսամթերքով ու կաթնամթերքով տեղական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով պետական աջակցության մի շարք ծրագրեր են իրականացվում՝ ասում է ԱՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը։   

«Մարդու սննդակարգում անասնապահական ծագման  մթերքները կարևոր նշանակություն ունեն։ Մինչ շրջափակումը որևէ խնդիր անանսապահական մթերների տեսակետից հանրապետության տարածքում  չկար, բավարարում  էր, և տեղում էինք  արտադրում, և ներմուծում էինք»։

 Ոլորտի պատասխանատուների համար գերակա է այդ աջակցությունների նպատակային ու հասցեական օգտագործումը, այդ իսկ պատճառով  գրեթե բոլոր ծրագրերը կամ դրանց մեծ մասը սուբսիդավորվում են միայն աշխատանքները կատարվելուց հետո։ Անասնապահության վարման տեսանկյունից անասնաբուծության ոլորտում պատերազմից հետո լուրջ խնդիրներ են առաջացել․ կրճատվել են արոտները, ռիսկեր են առաջացել    հայկական բնակավայրերին մոտեցած շփման գիծը անասունների կողմից հատելու առումով, իսկ կերային բազա և անհրաժեշտ այլ նյութեր ու ապրանքներ ձեռք բերելը դժվարացել է շրջափակման պատճառով։ 

«Անանասնագլխաքանակ բավարար չափով  ունենք, խնդիրը կերն է․ համակցված կերը ներմուծվում էր, հիմա դժվարություններ են առաջացել։ Պետական աջակցություն նախատեսվում է, եթե կերի արտադրությամբ զբաղվելու ցանկություն հայտնող քաղաքացիներ լինեն»։

 Բեռնափոխադրումների հետ կապված հսկայական դժվարություններ կան, ասում է Տիգրան Առստամյանը, այս ամենը չի կարող չազդել ոլորտում աշխատանքերի համակարգմանը, բայց Գյուղատնտեսության նախարարությունը շարունակում է հաստատված ծրագրերի իրականացումը․

«Անասնապահության խթանման ծրագրի շրջանակում  անասնաֆերմաների պայմանների բարելավում է իրականացվում,  էլեկտրաֆիկացվում ու  ջրամատակարարում է անցկացվում»։

Արդեն երկար տարիներ նախարարությունն իրականացնում է տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը՝ միտված տեղական նախիրի բարելավմանն և մթերատվության բարձրացմանը։ Տիգրան Առստամյանը ներկայացնում է ծրագրի շահառու դառնալու կարգը։ 

«Հայտատուն իր համայնքը սպասարկող անասնաբույժին է ներկայացնում հայտ՝ նշելով գործունեության իրականացման վայրի, պայմանների ու տոհմային կենդանիների պահանջարկի մասին տեղեկությունները, որոնք ԱՀ անասնաբուժական սպասարկման կայանների կողմից ներկայացվում են նախարարություն»,-ասում է:

«50 տոկոսը տրամադրվում է պետության կողմից, իսկ մյուս 50 տոկոսը, միանվագ  վճարում է հայտատուն»։

 Իր 50 տոկոսը հայտատուն վճարում է միանվագ՝ ընկերություններին, առուվաճառքի պայմանագրերը կնքելու պահին՝ պարզաբանում է փոխնախարարը: Իսկ թե ինչ ընկերությունների մասին է խոսքը, Տիգրան Առստամյանը պարզաբանում է՝ Արցախում կան տոհմային կենդանիների բուծում իրականացնող ընկերություններ, որոնցից էլ շահառուն ձեռք է բերում կենդանիները։

«Բարձր մթերատու կենդանիներ ունենալու համար ունենք արհեստական սերմնավորման ծրագիր, որի շրջանակում դրսից ձեռք ենք բերում բարձր մթերատու կենդանիների  սերմնահեղուկ, տեղական նախիրը բարելավելու համար։ Հանրապետությունում գործում է 2 տոհմային տնտեսություն, որը արտոնյալ պայմաններով ֆերմերներին տրամադրում է տոհմային կենդանիներ, պետությունն էլ 50 տոկոս սուբսիդավորում է կատարում։ Ծրագրի շնորհիվ հանրապետությունում առկա անասնագլխաքանակի միջին կաթնատվությունը բարձրացվել է գրեթե կրկնակի»։

 Գյուղնախարարությունը ծրագրի շահառուներին որոշակի պայմաններ է առաջադրում․ շահառուն պարտավորվում է տոհմային կենդանիների համար ապահովել փակ պահվածք՝ երկու տարի ժամկետով, ընդ որում տոհմային կովը այդ ընթացքում պիտի սերունդ տա։ Իսկ եթե շահառուն ձեռք է բերում տոհմային հորթ, տոհմային մատղաշ և (կամ) տոհմային երինջ՝ պարտավոր է ապահովել երեք տարի փակ պահվածք։ Պայմանների խախտման և անփութության հետևանքով տոհմային կենդանու անկման դեպքում հայտատուների կողմից տոհմային կենդանու արժեքի սուբսիդավորված մասը ենթակա է վերադարձման պետական բյուջե՝ բացատրում է փոխնախարարը հավելելով, որ փակ պահվածքի դրույթը չի տարածվում աբերդին անգուս և հոլովեյ ցեղատեսակներին պատկանող տոհմային կենդանիների վրա: Խոսելով այն մասին, թե շրջափակումից հետո անասնաբուծության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող ցանկացողների թիվը չի աճել, Տիգրան Առստամյանն ասում է, որ հայտատուները քիչ չեն։

«Ձկնաբուծարանների առումով հայտ եղել է, բայց չեն ընթացքավորել։ Այս տարի կան դիմորդներ Գիշի համայնքից, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից։ Նաև սնկարաններ հիմնելու  համար հայտեր կան։ Հայտերի մեծ մասը անասնաֆերմաների  պայմանների բարելավման մասով է»։

 Կառավարությունը այս ծրագրերից բացի ընթացիկ տարում կիրականացնի արոտների կառավարման, բարելավման ծրագիր։ Անցած ձմեռը ցույց է տվել, որ ցնցումային իրավիճակներին պարենի ապահովման տեսակետից պատրաստ չենք։ Պետք է առնվազը կարողանանք ապահովել պարենի ներքին պահանջարկը՝ ասում է փոխնախարարն ու վստահեցնում՝  այս ծրագրերի նպատակային ու հետևողական իրականացման դեպքում արդյունքներ կլինեն։

Artsakh Public Radio

Related items