Print this page

Կառավարությունը սոցիալական աջակցության նոր միջոցառումների ծրագիր է քննարկում

By Սրբուհի Վանյան Ապրիլի 25, 2023
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումից հետո շրջափակված Արցախի առաջ նոր անվտանգային ու հումանիտար մարտահրավերներ են ծառացել։ Ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ և սահմանափակումներ է առաջ բերել բնակչության կարիքների բավարարման տեսանկյունից։ 
 
«Անվտանգության խորհրդի հայտարարությունից հետո սպասում ենք պատասխանատուի կողմից որոշակի գործողություններ պիտի ձեռնարկվեն։ Որոշ գործընթացներ արդեն կան, հուսանք դրական արդյունքներ կլինեն։ Ինչ վերաբերում է հումանիտար բեռնափոխադրումներին, ապա վերջին օրերին լրիվ խափանվել է դրանց ներկրումը։ Հույս ունենք, այսօրվանից ռուս խաղաղապահների միջոցով կկարողանանք վերականգնել դրանց տեղափոխումը նույն ծավալով։  Լրացուցիչ սահմանափակումները Ադրբեջանի կողմից հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության: Արդյունքում, չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը՝ դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից»։ 
 
Արդեն երրորդ օրն է՝ կասեցված են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կատարվող բեռնափոխադրումները, ասել է պետնախարարը, հավելելով, որ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով Արցախի Հանրապետության քաղաքացիների հրատապ տեղաշարժի սկզբունքների մասով լրացուցիչ հստակեցումներ պետք է կատարվեն։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի, նշել  է Գուրգեն Ներսիսյանը։ Հումանիտար խնդիրները հատկապես սուր են Շուշիի շրջանի չորս համայնքների բնակչության համար , քանի որ շրջափակված լինելով երկու կողմից՝ Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետի հատվածներում, այդ համայնքերի բնակիչները լիովին զրկված են պարեն ու անհրաժեշտ այլ ապրանքներ նույնիսկ հումանիտար ուղիներով ստանալու հնարավորությունից։
 
«Այս օրերին բոլորս պետք է ավելի բարձր պատրաստակամությամբ ու զգոնությամբ կատարենք մեր աշխատանքը՝ շուրջօրյա ու օպերատիվ ռեժիմով: Եվ երբ որոշակի հստակ տեղեկություն է լինում, անպայմանորեն անհրաժեշտ է պատշաճ կերպով իրազեկել հասարակությանը, քանի որ  այս իրավիճակում մեր հասարակությունը սպասում է տեղեկությունների և պարզաբանումների»: 
 
Բայց կարևոր է, որ քաղաքացիները ևս ըմբռնումով մոտենան․ ստեղծված իրավիճակն ու ձևավորված անորոշությունները թույլ չեն տալիս բավարար տեղեկություններ տրամադրել՝ տեղի ունեցող գործընթացները հավելյալ ռիսկի չենթարկելու համար՝ ասում է պետնախարարը։ Պետական նախարարն անդրադարձ է կատարել նաև կտրոնային համակարգին․ մատակարարվող ապրանքների քանակին ու որակին։ Չնայած կառավարությունը քննադատվում է, բայց կանխատեսելով այս և ավելի վատ իրավիճակներ, այնուամենայնիվ, կարողացել ենք պարենի որոշակի պաշարներ պահուստավորել՝ ասել է Գուրգեն Ներսիսյանը։ Առկա խնդիրները բացառելու համար որոշում է կայացվել հրաժարվել պարենային ապրանքների մատակարարման տենդերային համակարգից և այդ գործընթացն ամբողջովին իրականացնել պետության կողմից։
 
«Այստեղ ևս կա խնդիր։ Մի կողմից ընդունվում են կառավարության որոշումներ, որ դրական են ընդունվում, մյուս կողմից  էլ դրանք ժամանակին տեղ հասցնելու խնդիր է առաջանում։ Հաճախ այն այնքան երկար է տևում, որ անհնար է լինում մեղմել քաղաքացու սոցիալական բեռը։  Դա հաճախ պայմանավորված է լինում լիարժեք  տվյալների բազայի  բացակայությամբ։ Անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել տվյալների բազաների ստեղծման ուղղությամբ, իսկ մինչ այդ կառավարության որոշումները պետք է մշակել այնպես, որ հնարավոր լինի արագորեն կազմակերպել դրանց գործնական կիրառությունը»: 
 
Սոցիալական ծրագրերի շուրջ ունեցած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել   աշխատանք ու բավարար եկամուտ չունեցող բոլոր անձանց ցուցաբերել դրամական աջակցություն։ Կառավարությունը մշակում է աջակցության տրամադրման նոր միջոցառումների ծրագիրը։
 
 
Artsakh Public Radio

Related items