Print this page

Ասկերանի և Մարտակերտի շրջաններում կարկուտը մեծ վնասներ է տվել

By Սրբուհի Վանյան Մայիսի 01, 2023

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հայկ Ավանեսյանը ներկայացնում է այս պահին առկա տեղեկատվությունը։ 

«Ապրիլի 30-ին կարկուտ է տեղացել հանրապետության Մարտակերտի շրջանում։ Վնասը դեռ ճշտվում է, բայց նախնական տեղեկություներով տուժել են ցանքատարածությունները, ավտոմեքենաներ, ջերմոցներ, արևային ջրատաքացուցիչներ, բնակելի տան տանիքներ, անասնաֆերմա։ Սելավից մի քանի խոշոր անասուններ քշվել են դեպի ձորը։ Առավոտ 8։30-ից կարկուտ է տեղացել նաև Ասկերանի շրջանում»։

 Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը ներկայացնում է, թե որ համայնքերն են առավելապես տուժել․ մեր զրույցի պահին կարկուտն ու սելավը դեռ շարունակվում էին և վնասի չափը որոշելու հնարվորություն դեռ չկա։ 

«Այսօր առավոտից կարկուտ և սելավներ են Ասկերանում։ Հիմնականում ՝Պատարա, Խանցք, Հիլիս, Խնձրիստան, Խաղկաշատ, Ռև համայնքներում։ Այս պահի դրությամբ վնասի չափը ճշտվում է։ Համայնքները սպասարկող գյուղատնտեսների ու համանքի ղեկավարների հետ կապի մեջ ենք, սելավները դադարելուց հետո կուսումնասիրենք իրավիճակը։» 

Ասկերանի շրջանում տուժել են հիմնակնում ցանքատարածությունները և որոշ համայնքային ճանապարհներ՝ տեղեկացնում է Համլետ Ապրեսյանը։ Խաչեն Համայնքի ղեկավար Վրեժ Ստեփանյանը ասում է, որ կարկուտը տեղացել է ավելի քան մեկ ժամ, ոչ շատ խոսշոր տրամաչափի, բայց վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը։ Մեզ մոտ էլ հիմնակնում դաշտերն են տուժել՝ ասում է Խնձրիստան համայնքի ղեկավար Ալեքսեյ Ավանեսյանը։ 

«Շատ առատ է տեղացել, հիմնականում գյուղի վերին զոնայում։ Դաշտերի 20-30 տոկոսը տուժել է»։ 

 Խանցք համայնում ավելի շատ սելավներն են վնաս տվել՝ համայնքի ղեկավար Առնոլդ Աբրահամյանն է տեղեկացնում։ 

«Կարկուտն այնքան չէ վնասել, ինչքան սելավները։ Կարկուտը փոքր տրամաչափի է, բայց սելավները կարտոֆիլի և այլ ցանքսերը լրիվ վնասել են։ Վիճակը շատ վատ է, ճանապարհներ էլ են վնասվել։ Լիազոր մարմիններին տեղեկացրել ենք, անջրևը դադարի, անցնենք վնասի գնահատման աշխատանքերին»։

 Պատարայի համայնքի ղեկավար Վալերի Ղահրամանյանի խոսքով կարկուտը 4 փուլով տեղացել է, սելավներն այս պահին դադարած չեն․ վնասի մասին խոսելը վաղ է համարում։ Կարկուտը նյութական մեծ վնասներ է պատճառել Մարտակերտի շրջանի բնակիչներին։ Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի մի շարք համայնքներում։ Բնական աղետից տուժել է նաև Չլդրան համայնքը։ Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։ Համայնքներում ամբողջությամբ գույքագրում են կրած վնասների չափը՝ ասում է համայնքի ղեկավար Աշոտ Ղուլյանը։ 

«Բանջարանոցներն ու ճանապարհները ամբողջովին քշել է անձրևը, վնասի չափերը մեծ են լինելու»։

 Ճանկաթաղում իրավիճակն ավելի լուրջ է․ համայնքի ղեկավար Սասուն Վանյանը ասում է, որ տուժել են տներ, մեքենաներ, ցանքատարածություններ։ 

«Մեքենաներ են վնասվել, տների տանիքները, որոնք ավելի թույլ են, կոտրատվել են։ Վնասվել են նաև արևային ջրատաքացուցիչներ, ջերմոցներ»։

 Տեղումներ, այդ թվում և՝ կարկուտ, սպասվում է նաև հանրապետության այլ համայնքներում նույնպես։ Հայկ Ավանեսյանն է ներկայացնում կանխատեսումները։ 

«ԱՀ այլ տարածքներում էլ մայիսի 1-3-ը սպասվում են տեղումներ, քամի, հնարավոր է նաև՝ կարկոտ։ Առանց տեղումների եղանակ սպասվում է մայիսի 5-ից հետո։» 

Տարածքային կառավարման նախարարության և պետական լիազոր այլ մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները: Պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ:

Artsakh Public Radio

Related items