Ապրիլի 28, 2024

Քանի դեռ անվտանգության խնդիրը լուծված չէ՝ Արցախում նոր եկեղեցիներ չեն կառուցվելու

By Անի Աբաղյան Ապրիլի 28, 2022
Քանի դեռ անվտանգության խնդիրը լուծված չէ՝ Արցախում նոր եկեղեցիներ չեն կառուցվելու Artsakhpress.am

Պատերազմից հետո թշնամին ժամանակ առ ժամանակ թարմացնում է այն հրապարակումները, որտեղ լավ երևում են հայկական սրբավայրերը, եկեղեցիները, գերեզմանները, որոնք այսօր անճանաչելի են, ավերված ու պղծված: Վերջին հրապարակումը Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցուց էր. գմբեթից հանել են խաչը, ջնջել հայկական արձանագրությունը: Ծանոթ ձեռագիր, որն արդեն  «տեսնում ենք» անգամ արտերկրում կառուցված հուշակոթողների վրա. վերջին դեպքը Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողի պղծումն էր:Պատերազմից հետո հաճախ է քննարկվում հայկական հուշակոթողների վանդալիզմի ենթարկվելու թեման, որն այսօր դրված է  Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի սեղանին:

«Ապրելով 21-րդ դարում՝ հեշտ է ուսումնասիրել և տեսնել՝ ինչեր է անում Ադրբեջանը բռնազավթած տարածքներում՝ մեր եկեղեցիներում. ավերում է, ձևափոխում է, քրիստոնեական վավերագրեր ջնջում, որի առաջնորդը ինքը՝ Ադրբեջանի նախագահն է։  Նա անձամբ է  ցույց  տալիս քրիստոնեական եկեղեցիների ինչպես ոնչացնելը»:

Մայր Աթոռում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ է բացվել: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ Մայր Աթոռը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, համաշխարհային եկեղեցական կազմակեպություններին, քույր եկեղեցիներին՝ աջակցելու  Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային կոթողները ոչնչացումից  փրկելու համար: Դիմում են, բայց, արդյոք, արձագանք ստանու՞մ են:

«Եվրոպական երկրները լսում են մեր բողոքները, բայց լուրջ քայլեր չեն ձեռնարկում: Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք, խուլ ականջներին լսելի դարձնենք Արցախում կատարվող իրադարձությունները»:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսել է նաև վերջերս տեղի ունեցած Դադիվանքի ուխտագնացության մասին, որը կազմակերպվել է զատկական պատարագին ընդառաջ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, անդրադարձել նաև վերանորոգվող եկեղեցիների աշխատանքներին: Արցախում նոր եկեղեցի կկառուցվի՞, թե՞՝ ոչ․  եպիսկոպոսը պատասխանում է.

«Արցախում նոր եկեղեցի չի կառուցվելու, հնարավոր է վերանորոգվեն լուրջ պատմական վանքերը: Կարծում եմ՝ հիմա ավելի կարևոր է ապահովել ֆիզիկական անվտանգությունը, կենտրոնանալ սահմանամերձ գյուղերի ամրացման աշխատանքների  և մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի հզորացման վրա՝ այս ամենը համեմելով միասնական աղոթքով»:

Մարմնի որևէ հատված ցավելու դեպքում մարդիկ շտապում են հիվանդանոց, դիմում համապատասխան բժշկի, բայց այդ նույն մարդկանցից շատերը մոռանում են եկեղեցու ճանապարհը, որտեղ բժիշկը, ըստ եպիսկոպոսի, քահանան է: Ինչու՞ է հասարակությունը հեռացել եկեղեցուց: Քարոզչությու՞նն է պակասել: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝  եկեղեցի-հասարակություն կապն ամրացնելու համար պետք է առաջին հերթին ուժեղացվի քրիստոնեական քարոզչությունը. դպրոցներում՝ ուսուցիչների, եկեղեցիներում՝ հոգևորականների, հասարակության մեջ՝ ԶԼՄ-ների միջոցով:

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ