Ապրիլի 28, 2024

Ջազի միջազգային օրն Արցախում սպասվածից ուշ կնշվի

By Անի Աբաղյան Ապրիլի 30, 2022

Ջազի հնչյուններն առաջին անգամ լսել են Նոր Օռլեանի աղքատ թաղամասերում ու արվարձաններում, հետո,  ինչպես ջազի ավանդությունն է պատմում, շոգենավերով հասել է աշխարհի տարբեր հարուստ ու աղքատ փողոցներ: 1920-ին էլ՝ Երևանի փողոցներ:

Երաժշտության արվեստանոցը տարբեր «պահարաններ» ունի: Ջազի պահարանի վրա մեծ տառերով գրված է «իմպրովիզների արքա», որի շնորհիվ էլ աշխարհի ջազային նվագախմբերը տարբերվում են միմյանցից: Թե ի՞նչ իմպրովիզներ է ի հայտ բերել Արցախի պետական ջազ նվագախումբը և ինչպես է փորձում տարբերվել մյուսներից, պատմում է նվագախմբի առաջին շեփոր, փորձավար Ավետ Բադալյանը:

«Մենք տարբերվում ենք նրանով, որ փորձում ենք մեզ ժառանգություն հասած հին հայկական երգերին տալ ջազային մշակում ու կատարել մերը»:

Արցախի պետական ջազ նվագախումբը երգեր մշակելուց բացի ստեղծում է նորերը: Զրուցակիցս նույնպես ստեղծագործում է, բայց իր գաղտնի օրագրում: «Երբ ստեղծագործություններիս մեջ գտնեմ այն, ինչ փնտրում եմ, կբացեմ օրագրիս կողպեքը», -  ասում է: Ավետի շեփորը վերջին անգամ հնչել է 2021թ․ մայիսին:

«Մենք համերգային ծրագրով ներկայացանք առաջինը Երևանում, հետո` Ստեփանակերտում: Իրականում շատ դժվար էր պատերազմից հետո նորից նվագելը, բայց դա միակ միջոցն էր աշխատանքում չլճանալու և ցույց տալու՝ մենք կանք»:

Այսօր ջազի սիրահարները սպասում էին հարազատ նվագախմբին, բայց որոշ հանգամանքներով պայմանավորված` համերգը հետաձգվել է: Արցախի պետական ջազ նվագախմբի տնօրեն Տիգրան Սուչյանն ասում է.

«Մենք պատրաստվում ենք մոտ ժամանակներս, կարծում եմ` հունիսին, նոր ծրագրով հանդես գալ»:

Արցախի պետական ջազ նվագախումբը աշխարհի տարբեր երկրներում հանդես էր գալիս համերգային ծրագրերով: Նրանց մշտապես  ուղեկցում  էին  արկածները` որպես հավատարիմ ընկեր: Արցախի ջազ բենդը հետաքրքիր ներքին խոհանոց ունի` ասում է Ավետն ու մեզ հետ կիսում Սոչիից ստացած հիշողությունները:

«Ամեն տեղ մի հետաքրքիր դեպք էր մեզ հետ պատահում: Մեզ հրավիրում են Սոչիում կայանալիք ջազի փառատոնին: Պետք է մեկնեինք Սոչի, մեկ օր հանգստանայինք, հետո նվագեինք, բայց այնպես ստացվեց, որ հենց ինքնաթիռից իջանք , ասեցին՝ այսօր է մեր ներկայանալու օրը: Հոգնած էինք շատ, բայց, ինչևէ, նվագեցինք: Ստացվեց այնպես, որ մենք առաջին օրը նվագեցինք ու հաջորդ 5-6 օրերին վայելում էինք աշխարհահռչակ ջազ երաժիշտների կատարումները»:

Սևամորթ ստրուկների թախծոտ երգերի և անգլիական ժողովրդական մեղեդիների փոխազդեցությամբ ստեղծված ջազը քանդում է բոլոր տեսակի հանգույցներն ու լսելի դառնում սև ու սպիտակների համար:  Արցախի ջազ բենդն էլ  միախառնում է  թախիծն ու  վիշտը, հավատով նայում ապագային։  

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ