Մայիսի 03, 2024

Կայացել է «Դրախտիկ. Եդեմի փոքրիկ մասունք» գրքի շնորհանդեսը

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 09, 2022
Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից տեղահանված բնակիչներին երեկ մի հարկ է տակ է հավաքել «Դրախտիկ. Եդեմի փոքրիկ մասունք» գիրքը: Հայրենի գյուղի մասին պատմող գիրք ունենալու գաղափարը Մանվել Հովսեփյանը վաղուց ուներ։ Հավաքագրելով ու կատարելով ուսումնասիրություններ՝ Դրախտիկի 4-18-րդ դարի պատմությունը սկսեց թղթին հանձնել դեռ պատերազից առաջ, «երբ չէին էլ պատկերացնում, որ կարող է մի օր լքեն սիրելի գյուղը»։ 
 
«Գիրք գրելու գաղափարն  ինձ մոտ ծագել էր դեռևս 2017-2018թթ։ Սկսել եմ հավաքել գյուղի մասին փաստեր ու տեղեկություններ։ 2019թ-ի վերջին սկսեցի աշխատել գրքի վրա։ 44-օրյա պատերազմի նախօրյակին արդեն պատրաստ էր գյուղի 4-18-րդ դարի պատմությունը»:
 
 Սիրելի գյուղի կարոտով է ապրում Մանվել Հովսեփյանը: Դրախտս մնաց հեռվում՝ թշնամու կողմից բռնազավթված։ Աղետալի պատերազից հետո դժվար էր նորից գրիչը վերցնել: Բայց ուժ գտա ու որոշեցի կիսատ գործս անպայման ավարտին հասցնել՝ասում է: Մանվել Հովսեփյանը գիրքը բաժանել է մի քանի գլուխների:  
 
«Գիրքը բաժանել եմ գլուխների․«Դրախտիկը 4-6-րդ դարերում», սա համարվում է մեր հայրենի գյուղի ծաղկուն ժամանակաշրջաններից մեկը, «Դրախտիկը արաբական տիրապետության ժամանակաշրջանում», որը Նորքի Շեն կոչվող Դրախտիկի համար եղավ կործանարար, «Մոնղոլ-թաթարների արշավանքը և Դրախտիկը», «Դրախտիկը թուրք-պարսկական պայքարի ժամանակաշրջանում», «Ռուսական կայսրության ժամանակաշրջան», «Դրախտիկը խորհրդային ժամանակաշրջանում», «Արցախյան շարժում»»։ 
 
Գրքում տեղ են գտել նաև Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված դրախտիկցիների կենսագրությունները։ Մանվել Հովսեփյանը հետաքրքիր զուգադիպություն է նկատում. 44-օրյա պատերազմին Դրախտիկից մասնակցել է 44 զիրվորական։ Այս վերջին պատերազմը ստիպեց արագացնել գրքի լույսընծայման գործընթացը՝ ասում է Հադրութի շրջվարչակազմի կրթության բաժնի վարիչ Արթուր Մինասյանը։
 
 «Այս գիրքն անհրաժեշտ է դպրոցում սովորող դրախտիկցի փոքրիկին, անհրաժեշտ է այն փոքրիկին, որը վաղն է ծնվելու: Յուրաքանչյուրը, որ  կթերթի գիրքը, կիմանա Դրախտիկի հերոսական պատմությունը»: 
 
Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Ղուլյանը ցավի ու տառապանքի միջից հպարտությամբ է խոսում հայրենի գյուղին նվիրված գրքի մասին: Պատմում է զգացողությունների մասին, երբ իմացել են, որ Մանվել Հովսեփյանը տեղեկություններ է հավաքում ՝գիրք գրելու մասին: 
 
«Երբ հեղինակը գիրքը գրելու մասին ասաց, մենք բոլորս ոգրևորվեցինք, ուրախացանք։ Բայց վրա հասավ 2020թ սեպտեմբերի 27-ը, անավարտ մնացին մեր բոլոր ծրագրերը, թշնամուն մնաց Հադրութը, գեղատեսիլ Դրախտիկը։ Դրախտիկի պատմության անավարտ էջերն էլ մնացին Դրախտիկում»։
 
  Մանվել Պետրոսյանի աշխատանքը մնայուն արժեք է: Այս գիրքը շատ կարևոր է եկող սերնդի համար՝վստահ են միջոցառման մասնակիցները։ Շնորհանդեսի վերջում հեղինակը գրքեր է նվիրել հարազատ գյուղի պաշտպանության համար նահատակված դրախտիկցիների հարազատներին ու ներկաներին։ Միջոցառումն ամփոփվել է Հադրութի արվեստի դպրոցի սաների գեղեցիկ կատարումներով։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ