Մայիսի 04, 2024

Հանդիպում-քննարկում անկախության շրջանի գրողների հետ

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 29, 2022

Հուսիկ Արան է, անկախության շրջանի հայ գրականության անվանի գրողներից մեկը։ Ասմունքել սիրում է, իր գրվածքները, սակայն, չի մտապահում։ Հուսիկ Արայի ստեղծագործություններում գերակշռում են սիրո, հայրենիքի  ու հոգևոր արժեքներին նվիրված թեմաները։ Իսկ Արցախյան գոյապայքարի թեման կարմիր թելի պես է  անցնում նրա բանաստեղծություններում։ 

«Առաջին գիրքս վերնագրել եմ «Մարդու որդիներ», այնտեղ նկարագրված է ազատամարտը, պայքարը, պատերազմը։ Ունեի նաև այլ բանաստեղծություններ, որոնց գիրքը «Սևագրություններ» եմ վերնագրել։ Ժամանակն այնպիսին էր, որ հիմնական թեման պատերազմն էր, Արցախյան գոյամարտը, Շարժումը»։

 Մտավորականին հատուկ անհանգստությամբ է խոսում Հուսիկ Արան, իսկ գրողի կերպարը ծխախոտն է ամբողջացնում։ Մտահոգ տեսք ունի բանաստեղծը, ասում է, որ իրենց սերնդին կորած սերունդ էր համարում, բայց 44-օրյա պատերազմը փոխեց նրա համոզմունքը։ 

«2020 թ․ պատերազմում կորավ մի ամբողջ ոսկե սերունդ։ Ինձ համար ամենակարևորն այդ սերունդն է։ Միակ բանը մահն է, որի մեջ հույս չկա, վերադարձի հույս չկա։ Հույս կա, որ Շուշին հետ կբերենք, Հադրութը հետ կբերենք, բայց մեր զոհերին հետ բերել չենք կարող»։

 Նկատելի էր ներկաների հետաքրքրվածությունը։ Ներողություն են խնդրում և ընդմիջում գրողի խոսքը՝ հարցերի համար։ Գրողի՝ սիրո մասին ստեղծագործությունները առանձնակի շքեղություն ունեն՝ ասում է գրականագետ Զարինե Սառաջյան ու հետաքրքրվում՝  այդպիսի հանճարեղ գործերը ծնվում են անհասանելի սիրո՞ւց, թե՞ սիրո օբյետկին հասնելուց հետո։ 

«Ե՛վ, և՛․․․ եթե ամբողջությամբ հասնես քո սիրո օբյեկտին, բանաստեղծություն ինչպե՞ս պիտի գրես։ Սերը մեկն է լինում, բայց թիրախներն են փոխվում, բայց երբեք նախկինը չի մոռացվում կամ չի արժեզրկվում»։ 

Երիտասարդ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը ստեղծագործում է տարբեր թեմաներով։ Հանդիպում-քննարկման ընթացքում գրողն իր հայացքների ու համոզմունքների մասին է խոսել։ Պատերազմի մասին խոսելիս հուզվում է։ Ստեղծագործությունից մի հատված է ընթերցում։ 

Քննարկումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով՝ շոշափելով հոգևոր, սոցիալ-կենցաղային, պատմական, քաղաքական հարցեր։ Ընդգծել  գրքի, ընթերցանության   կարևորությունը  սերունդների դաստիարակության գործում։ Նրանք հույս են հայտնել, որ նման հանդիպում-քննարկումները շարունակական  կլինեն։

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 01 Հուլիսի 2022 08:21
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ