Ապրիլի 29, 2024

Մեկնարկել է կոմիքսների ամառային երկշաբաթյա դասընթացը

By Անի Աբաղյան Հուլիսի 11, 2022

Ստեփանակերտում մեկնարկել է պատկերապատումների ամառային անվճար դասընթացը։ Կրթամշակութային նոր ծրագիրն «Արցախն ապրում է» խորագիրն է կրում։ Այն Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի և «Ինքնահռչակ նկարիչ» դպրոցի համատեղ նախաձեռնությունն է։ Երեկ Hub Artsakh-ում առաջին դասընթացն էր, ներկա էր 12 մասնակից։ Ծանոթանալով պատկերապատում՝ կոմիքս ասվածին, նրանք ներկայացրել են իրենց հում, բայց հետաքրքիր պատմությունները, որոնցից շատերը մշակվելուց հետո կհրատարակվեն նոր գրքով։ Պատկերապատումների կամ, որ ավելի հայտնի է, կոմիքսների առաջին դասն է․ գրքերը, թղթերը, մատիտներն ու արևի շողերը գրասեղանին են, շուրջը՝ մասնակիցներ՝ նկարչությանը մոտ ու հեռու, մասնագետներ՝ հմուտ ու վարժ։ Դիմորդների մեծամասնությունն աղջիկներ են, Վանիկ Մեժլումյանն է միակ տղա մասնակիցը, որ մանկության երազանքի հետևից է եկել այստեղ։ 

«Միշտ ցանկացել եմ ներքին հույզերս, էմոցիաներս նկարչության, արվեստի միջոցով արտահայտել և տեղեկանալով այս դասընթացի մասին՝ ցանկացա մասնակցել ու նոր բնագավառում փորձել ընդունակություններս և ինչու ոչ՝ հմտանալ»։

 Վանիկի պատմությունը զվարճալիների շարքում է․ թիթեռների «անիծված կյանքի» ու այդ թուղթուգիրը քանդելու մասին է պատմելու Վանիկը, ամենայն հավանականությամբ, արցախյան բարբառով։ Մինչ նոր մասնակիցները նոր պատմություններ են հորինում, նախորդ դասընթացի մասնակիցներից Յանան ընկերուհու հետ մտովի նախկին աշխատանքներն է վերհիշում։ Անցյալ տարի էլ երկշաբաթյա դասընթացի են մասնակցել, արդյունքում պատկերապատման նոր գիրք են հրատարակել։ Գրքի համահեղինակ Յանա Բեգլարյանն է պատմում․ 

«Այն երկու շաբաթվա ընթացքում ես շատ գիտելիքներ ստացա, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս շարժվել առաջ նոր ոլորտում։ Այստեղ ձեռք բերեցի նոր ընկերներ ու կարողացա ֆանտաստիկ մտքերիս պատկերում տալ»։

 Դասընթացի շրջանակներում լույս տեսած առաջին կոմիքսների գիրքը ոգևորել է նաև պատկերապատումների մասնագետ Տիգրան Մանգասարյանին․ եթե կրթամշակութային նախորդ ծրագիրը արդյունք չտար, այժմ նորից սկսելու իմաստ չէր լինի։ 

«Մենք ստեղծում են մի ֆորմատ, որտեղ մեր մասնակիցները կկարողանան իրենց պատմությունները ստեղծել, մտքերը արտահայտել։ Պատկերապատումների լեզուն սովորելով՝ մեր երեխաները հնարավորություն են ստանում ազատ զբաղվել ժամանակակից մասնագիտություններում՝ և՛ ծրագրավորման, և՛ անիմացիոն ֆիլմերի ստեղծման»։

 Նախորդ տարվա համեմատ այս անգամ դիմորդները ավելի շատ են՝ տեղեկացնում է մասնագետը։ Արցախցի երիտասարդների պատկերներում պատերազմի թեման բացակայում թեման էր, ինչը ուրախացնում է Տիգրան Մանգասարյանին։ 

«Ասեմ ինչ առումով է սա ուրախացնում ինձ․ ես Արցախը որպես պատերազմական գոտի չեմ տեսնում, այլ մի վայր, որտեղ կա շատ սեր, ջերմություն, անեկդոտներ, կյանք։ Երեկ երեկոյան, երբ մենք քայլում էինք քաղաքում, տեսանք՝ ինչքան շատ են երիտասարդները, ինչը ոգևորիչ է շատ։ Այս ծրագրի նպատակներից մեկը երիտասարդներին այստեղ պահելն է նաև»։

 «Արցախն ապրում է» խորագրով պատկերապատումների վարպետության դասերի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն նաև մուլտֆիլմի տեսակները, կծանոթանան կոմիքսների ստեղծման փուլերին։ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի PR պատասխանատու Աննա Սարգսյանը ծրագրին միանալու և Արցախում կազմակերպելու պատճառներն է պատմում։ 

«Ծրագրի նպատակն է արցախցի երիտասարդներին սովորեցնել պատկերների լոզու, որի շնորհիվ էլ նաև հենց այդ ժանրով կկարողանան աշխարհին ցույց տալ ապրող Արցախը»։

 Պատկերապատումների հերոսները՝ թիթեռները, Փանոսը, կյանքի բացասական հերոսներն ու սիրահար զույգերը սպասում են իրենց գունավորված ու լեզու առած կերպարներին, իսկ սպիտակ թուղթն ու պարապ մատիտը՝ նկարող ձեռքին։ 12 երիտասարդներ 12 օր կաշխատեն՝ սովորելու կյանքի արատավոր երևույթները կոմիքսների՝ հումորի ու ծաղրի ուժով ներկայացնելու արվեստը։

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022 14:06
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ