Ապրիլի 27, 2024

50-րդ օրը 30 ընտանիք վերամիավորվեց

By Սրբուհի Վանյան Հունվարի 30, 2023

6 տարեկան Միլենան մեկ ժամից ավել է՝ սպասում է մայրիկին, հայրիկին ու 11 ամսական եղբորը։ Մայրը՝ Արմինեն,  ընդամենը մեկ օրով էր պլանավորել Երևան գնալ՝ բուժման ընթացիկ հետազոտությունն անցնելու։ Չէր էլ պատկերացնի, որ ավելի քան 50 օր 6 տարեկան դստերը ստիպված է լինելու թողնել թոշակառու ծնողների խնամքին։ 

«Գնացել ենք հիվանդանոց, ամսի 11-ին, 12-ին պիտի հետ գայինք։ Արդեն փակ էր ճամփան։10 օր մնացինք Երևանում, ապա եկանք Գորիս, դիմեցինք Կարմիր Խաչին, երբ իմացանք, որ կա նման ծրագիր։ Ամեն օր անհամբեր սպասում էինք, որ մենք էլ հետ գանք։ Երեկ զանգեցին»։ 

Տոնական փուչիկները ձեռքին փոքրիկ Միլենան վազում է դեպի մոտեցող ավտոմեքենան՝  րոպե առաջ գրկելու մայրիկին ու եղբորը։ Նա այսօր տոնական է հագնվել, նույնիսկ փայլիկներով շրթներկ է քսել․ մայրիկն իրեն շատ գեղեցիկ պիտի տեսնի։ Հարցերին ի պատասխան մի բան է անընդհատ կրկնում. 

«Շատ կարոտալում»։ 

Շրջափակված Արցախում բաժանված ընտանիքներն այս պահին շատ են։ Դրանց մի մասը, ԿԽՄԿ ծրագրի շնորհիվ, այս օրերին վերամիավորվել է։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը փաստում է՝ բաժանված ընտանիքների ցուցակը բավականին երկար է։ 

«Հունվարի 30-ին, հերթական անգամ, ԿԽՄԿ օժանդակությամբ մեր ավտոմեքենաներով, մի խումբ մարդիկ, 19 հոգի Լաչինի ճանապարհով տեղափոխվել են Հաաստան, նույն ճանապարհով 17 հոգի վերադարձվել Լեռնային Ղարաբաղ՝ վերամիավորվելու իրենց ընտանիքների հետ»։ 

Առաջին նման միջոցառումը տեղի է ունեցել հունվարի 20-ին: Հունվարի 30-ի դրությամբ՝ 36 մարդ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, 59-ը՝ վերադարձել Արցախ։ Էթերի Մուսայելյանի խոսքով՝ ԿԽՄԿ-ն պատրաստակամ է շարունակելու գործունեությունն այս ուղղությամբ, որպեսզի բոլոր տարանջատված ընտանիքները հնարավորություն ունենան վերամիավորվելու։  Ռոմելա Ղազարյանն էլ երկու տարեկան որդուն և ամուսնուն թողել է Արցախում և մեկնել Երևան՝ իր մայրիկի վիրահատության նպատակով։ 53 օր հետո է կարողացել վերադառնալ։ 

«Շատ դժվար էր, սկսզում դիմանում էի, հետո արդեն ոչ ես, ոչ երեխան արդեն չէինք դիմանում։»

Էդիտան մորաքրոջն էր դիմավորում. հուզված է։ Չնայած այս պահին Արցախում ավելի դժվար է՝ սոցիալական բազմաթիվ խնդիրների պատճառով, այնուամենայնիվ, հարազատներին չեն կարողացել համոզել, որ մնան Երևանում մինչև ճանապարհի ապաշրջափակումը։ 

«Սպասում եմ մորաքրոջս, և իր փոքրիկին, ում մոտ 2 ամիս չենք տեսնում։Շնորհակալ ենք Կարմիր խաչին, օժանդակության համար։ Հույզերը շատ են, երջանիկ ենք որ գալիս են,սկզբում մտածում էինք՝ լավ է, որ մնացել են այնտեղ, այստեղ դժվար կլինի, բայց սպասումն ու կարոտը խեղդում էին»։

 Տարանջատված ընտանիքների անդամները բազմաթիվ խնդիրների են բախվել՝ ֆինանսական, բնակարանային։ Այդ ամենին, ասում են, կարելի էր դիմակայել, դժվարը հոգեբանական կողմն էր։ Կարոտն արդեն անտանելի էր դառնում՝ ասում են զրուցակիցներս։ Այսօր շուրջ 30 ընտանիքում ուրախություն կլինի։ Շրջափակման պատճառով «գծի»-ի այս ու այն կողմում մնացած ընտանիքի անդամները մոմի լույսի տակ (հայտնի պատճառներով)  կզրուցեն ավելի քան 50 օր իրենց հետ տեղի ունեցածի, 50 օրվա կարոտի ու մտահոգությունների մասին. ասելիքը, վստահաբար, վերջ չի ունենա։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ