Ապրիլի 14, 2024

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վաղը կտոնի Սուրբ Հարությունը

By Վիկտորյա Սարգսյան Ապրիլի 08, 2023

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ, ինչպես այն ավելի հայտնի է, Սուրբ Զատիկը  շատերի սիրելի տոնն է, որին սպասում են թե փոքրիկները, թե մեծերը։ Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Զատիկը կնշի վաղը՝ ապրիլի 9-ին։ Քրիստոնյայի համար Հարության տոնը մեծ, հոգևոր հաղթանակ է՝ ասում է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։ 

«Մենք՝ քրիստոնյաներս, մեծ ոգևորությամբ ենք պատրաստվում տաղավարաց այս հրաշալի՝ Սուրբ Հարության տոնին: Հիսուս Քրիստոսի հարությունը մեզ համար մեծ ու հոգևոր հաղթանակ է: Բոլորս մեծ հույսով և սպասումներով առաջնորդվում ենք, որպեսզի այդ տոնին վայելենք օրհնությունը, իրար ասելով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», և ստանանք պատասխանը՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

 Մարդն ապրում է, որպեսզի հաղթի մահվանը և մեղքին՝ ասում է Տեր Մինասը։ Այս տոնի խորհուրդը կայանում է նրանում, որ Տերը եկավ, մեզ համար իր սիրով չարչարվեց, խաչվեց, թաղվեց և ապա հարություն առավ՝ դրանով իսկ հաղթելով մահվանը, մեղքին ու դժոխքին։ Հոգևոր հոր խոսքով՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը քրիստոնյաների համար նաև համախմբման օր է: 

«Ժողովուրդն այդ տոնին պատրաստվում է 50 օր, որից 40-ը գտնվում է Մեծ պահքի մեջ, իսկ դրանից հետո առաջնորդվում է Ավագ շաբաթվա խորհուրդներով: Այնուհետև մարդիկ հաղորդակից են լինում Հիսուս Քրիստոսի աշխարհիկ չարչարանքներին, նեղություններին: Եթե սիրով կարողանում են հաղթահարել աշխարհի բոլոր փորձությունները, ապա գալիս է Հարությունը, որը մեզ համար կյանք է և մեծ հաղթանակ»։ 

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն զատկական տոնի նախապատրաստություններում գրավում է ամենակարևոր տեղը, քանի որ անմիջականորեն առնչվում է տոնի ծիսական գաղափարախոսության հետ: Ձուն հայոց ավանդական կենցաղում համարվել է գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության խորհրդանիշը, քանի որ իր մեջ պարունակում էր վերածննդի գաղափարը: Իսկ երեխաների ամենասիրելի ձվախաղի իմաստը հինը տապալելու և նորին անցնելու գաղափարն ունի:

«Զատկական խորհրդանիշներից է նաև ձու ներկելը։ Մարդիկ ձուն ներկում են տարբեր գույներով՝ հիմնականում կարմիր։ Կարմիր գույնը պայքարի և հաղթության և նաև Հարության խորհրդանիշ է։ Սա ժողովրդական սովորություն է, մարդիկ ձուն բերում են և օրհնություն ստանում»։ 

Ըստ եկեղեցական կարգի՝ այսօր երեկոյան կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Այս ավետիսով էլ ավարտվում է Մեծ Պահքը:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ