Մայիսի 17, 2024

Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարի առաջին հատորը

By Էրիկ Հակոբյան Դեկտեմբերի 14, 2021
 Ընթերցողի սեղանին է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարի առաջին հատորը: Այն Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի, «Մշակութային ժառանգության պահպանության» հանրային խորհրդի, ինչպես նաև «Գոլոս Արմենիի» թերթի համատեղ աշխատանքի արդյունքն է: Մատենաշարի թողարկումը նախատեսված էր մինչև 44-օրյա պատերազմը: Այն նպատակ ուներ հանրահռչակելու հայկական պատմամշակութային ժառանգությունը տարբեր լեզուներով: Չստացվեց, պատերազմը խմբագրումներ արեց ծրագրերում: Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ասում է, որ մատենաշարը համալրվեց պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնը վկայող նոր հանցագործություններով: Հետևաբար փոխվեց նաև մատենաշարի նյութը:
 
«Պատերազմի ընթացքում մեր ծրագրերը փոքր-քիչ փոփոխության ենթարկվեցին և որոշեցինք առաջնահերթությունը տալ այն մշակութային ժառանգությանը, որը գտնվում է Արցախի օկուպացված տարածքներում՝ ժամանակավորապես»: 
 
Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործությունները մատենաշարում տեքստային տարբերակով ներկայացնելուց զատ, նաև  լուսանկարներով են լրացվում: Այդ նկարներում պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների ու վանքերի նախկին և ներկա վիճակն է պատկերաված: Հովիկ Ավանեսովի խոսքով՝ դրանք անհերքելի փաստեր են, որոնց ուշադրություն պետք է դարձնի նաև միջազգային հանրությունը: 
 
«Այս նախագծի շրջանակներում մենք պարբերաբար անդրադառնալու ենք ոչ միայն Արցախի օկուպացված բնակավայրերում մեր պատմա-մշակութային ժառանգության հիմնախնդիրներին, այլև՝ 1918 թվականին արհեստածին Ադրբեջան պետություն կոչվածի ստեղծման ժամանակվանից սկսված մինչև մեր օրեր Ադրբեջանի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները տեղ են գտնելու առաջիկայում թողարկվող մատենաշարերի հատորներում»: 
 
Մատենաշարի վերնագիրն ընտրելիս հաշվի են առել նաև այն դեպքերը, երբ Ադրբեջանը ձևափոխել, վնասել կամ ոչնչացրել է այլ ազգերի մշակույթին պատկանող պատմա-մշակութային հուշարձաններն ու սրբավայրերը: Հովիկ Ավանեսովը օրինակներով է  ապացուցում ասվածը:
 
«Վառ օրինակ է Շուշիում գտնվող մզկիթը, որը Ալիևի ապօրինի այցերի ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները գովազդում և ներկայացնում են որպես ադրբեջանական, պատերազմի օրերին թիրախավորվել է ադրբեջանցիների կողմից, ընդ որում՝ մի քանի անգամ: Նպատակն էր պայթեցնել մզկիթը և բարդել այդ հանցագործությունը հայկական կողմի վրա»: 
 
Նույն ձեռագրով առաջնորդվում են նաև այսօր՝ օկուպացված տարածքներում: Քանդում են ադրբեջանական գերեզմանները, վերագրում՝ հայկական կողմին:
 
«Խորհրդային ժամանակահատվածում տվյալ բնակավայրերում նաև ադրբեջանցիներ են ապրել և գերեազմաններ են ունեցել: Եվ, երբ 2020-ի պատերազմից հետո ժամանակավորապես այդ բնակավայրերը անցել են իրենց օկուպացիայի տակ, սկսել են քանդել այդ գերեզմանները, վերագրելով՝ հայերին»: 
 
Քաղաքակրթություն ու Ադրբեջան հասկացություններն անհամատեղելի են, կարծում է Հովիկ Ավանեսովը: Ասում է՝ նրանք պատրաստ են ամեն քայլի, պատմությունը խեղաթյուրելու, ձևափոխելու համար: Հիշում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ուղղությամբ գերճշգրիտ զենքով կրակելու դեպքը: Մատենաշարի կազմի համար էլ հենց վիրավոր Ղազանչեցոցի պատկերն են ընտրել: Տեղեկատվական պատերազմում պետք է գործել ավելի ակտիվ, կարծում է Հովիկ Ավանեսովը:  Հիշում է, խորհրդային ժամանակաշրջանում տարվող ավղանականացման քաղաքականությունը: Ադրբեջանը փորձում էր համոզել աշխարհին, որ Գանձասարը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը ավղանական ծագում ունեն: Այսօր էլ առաջնորդվում է՝  «կրկին փորձիր» սկզբունքով:
 
«Վերջին ժամանակահատվածում ավղանականցման քողի տակ են փորձում առնել նաև Ամարասի վանական համալիրը, Հադրութի շրջանի բոլոր պատմաճարտարապետական հուշարձանները: Ընդ որում, երբ որ օկուպացիայից հետո Ադրբեջանի ռազմական հանցագործը այցելել է Հադրութի և մնացած օկուպացված շրջանները, հրամայել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հեռացնել հայկական բոլոր արձանագրությունները հայկական   հուշարձաններից: Տեսագրությունը կա և տարածվել է մի քանի լեզուներով: Սա ևս անհերքելի փաստ է»: 
 
Միջազգային համապատասխան կառույցները պարզապես չեն ուզում նկատել բոլոր այդ փաստերը: Առաջնորդվում են երկու գործոնով. քաղաքականություն և գումար: Դրա վառ ապացույցը Ադրբեջանի ընդգկումն է  ՅՈՒՆԵՍԿՕ-յի  պատերազմի և զինված հակամարտությունների ընթացքում պատմամշակութային ժառանգության պահպանության  հանձնաժողովում:
 
«Մենք հստակ հասկանում ենք, որ այդ կառույցները առաջնորդվում են ֆինանսական ռեսուրսներով, այլ ոչ թե մշակութային ժառանգության պահպանության առաքելությամբ: Որոշ կառույցներ անգամ վերածվել են քաղաքական հարթակների»: 
 
Լրագրողներն էլ կարևոր անելիք ունեն այստեղ: Պետք է պարբերաբար խոսել ու ներկայացնել մեր մշակույթն ու հարուստ ժառանգությունը: Հովիկ Ավանեսովը «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամին» մատենաշարը համեմատում է զենքի հետ, որով պետք է ճիշտ կրակել հենց տեղեկատվական պատերազմում: 
 
«Եթե ամենօրյա պարբերականությամբ, օկուպացված բնակավայրերի հետ կապված, հուշարձանի հետ կապված ներկայացնենք հակիրճ եռալեզու կամ քառալեզու տեղեկատվություն, խնդիրը հանրայնացնելն ու միջազգայնացնելը լինելու է ավելի հեշտ»: 
 
Մատենաշարը թարգմանվելու է մի քանի լեզուներով: Այն հասենելի է ոչ միայն թղթային տարբերակով, այլև էլեկտրոնային տարբերակով՝ Արցախի էլեկտրոնային գրադարանում:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2021 11:50
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ