Ապրիլի 27, 2024

Մրցույթ-ստուգատես շրջափակման պայմաններում․ արվեստը հնարավորություն է ամենը հաղթահարելու

By Անի Աբաղյան Հուլիսի 09, 2023

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մեկնարկել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական ամենամյա մրցույթ-ստուգատեսը: Հանրապետության երաժշտական ու արվեստի դպրոցների համար շփման ու համագործակցության ևս մեկ առիթ է այս մրցույթը, որին մասնակցում է 135 հոգի՝ 6 մասնագիտություններով։ Մասնակիցներից 48-ն անհատ կատարողներ են: Ամենամյա մրցույթ-ստուգատեսի արդյունքները կամփոփվեն առաջիկայում։

Դուդուկ, շվի, դհոլ, քանոն, թառ ու ժողովրդական երգ։

 Հանրապետությունում ազգային նվագարանների ու ժողովրդական երգի ամենամյա մրցույթ-ստուգատեսն է։

Ստեփանակերտից ու համայնքներից մասնակիցներն անհամբեր սպասում են իրենց ելույթներին։ 8-ամյա Արփին Ճարտարից է եկել։ Առաջին անգամ պետք է երգի անծանոթ բեմում, ու ինչպես ինքն է ասում, հաղթի։

«Ես ներկայացնելու եմ «Քելե-քելե» «Հանիկ նինար» ստեղծագործությունները։ Միշտ մտածել եմ, որ չեմ կարողանալու, բայց ընկեր Ավանեսյանն ինձ այնքան է հույս տվել, որ հիմա վստահ եմ՝ կարողանալու եմ լավ երգել ու հաղթել»։

Լարված մասնակիցները փորձում են մեկը մյուսին հանգստացնել, ոգևորել։

«Կարինա Վլադիմիրին եկել է Ճարտար, մեզ հետ պարապել, որ այսօր կարողանանք այստեղ գալ։ Ես ներկայացնելու եմ «Կռունկն» ու «Հպարտ աղջիկը» »։

«Ճիշտն ասած, շատ լարված էինք, մտածում էինք չենք կարող երգել, բայց երբ եկանք ու տեսանք մյուսներն ինչպես են ելույթ ունենում, համոզվեցինք, որ մենք նույնպես կարող ենք»։

Նախորդ տարվա համեմատ մասնակիցների թիվն ավելացել է, գոհացնող ելույթները նույնպես՝ նշում է հանձնախմբի նախագահ Լևոն Սարդարյանը։

«Մասնակիցները փոխվում են, ոմանք ավարտում են, ոմանք գալիս են։ Կան նաև մասնակիցներ, որ 2-րդ դասարանից սկսել են ու արդեն մինչև 4-րդ, 5-րդ դասարանը մասնակցում են։ Իհարկե, փոփոխությունը, աշխատանքի արդյունքը նկատելի է»։

Աշակերտները մինչև մրցույթն ինտենսիվ պարապմունքներ են անցկացրել։ Բոլորն ուզում են լավ արդյունքներ գրանցել։ Դհոլի ուսուցիչ Ավետ Սարգսյանը համատեղությամբ աշխատում է Հակոբ Գյուրջյանի անվան և Մարտունու՝ Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցներում։ Մրցույթին երկու խումբ է ներկայացրել։

«Մենք միշտ ինտենսիվ պարապմուքներ ենք անցկացնում։ Չհաշված դասաժամերը լրացուցիչ էլ ենք պարապում։ Բարձր մակարդակի համար ենք պատրաստել և շատ լուրջ ենք մտադրված։ Մտածում ենք, որ պետք է հաղթենք»։

Այս տարի մրցույթ-ստուգատեսի ծրագիրն ու անվանումը փոխվել է․ մրցույթում հաղթելու են ոչ միայն մասնակիցները, այլ դպրոցները։ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Գալյա Ավանեսյանն է մանրամասնում։

«Սա նաև դպրոցների կատարած աշխատանքի հաշվետվությունն է։ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո պարզ կդառնա՝ որ դպրոցներն են ավելի արդյունավետ գործում, որոնք թերանում։ Մրցանակային տեղեր կզբաղեցնեն նաև դպրոցները։ Երեք լավագույն դպրոցը կարժանանան նախարարության դիպլոմների, կնվիրաբերվեն երաժշտական գործիքներ»։

Գեղարվեստական կրթության ու կատարողական արվեստի զարգացումը մշակութային քաղաքականության կարևոր բաղադրիչներից է՝ նշում է ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհանիսյանը։ Ամենամյա մրցույթի ժյուրիի կազմում հրավիրվում էին մասնագետներ նաև ՀՀ-ից։ Շրջափակման պատճառով այսօր ժյուրիի կազմում միայն Արցախի արվեստի ներկայացուցիչներն են: Բացի դրանից այս շրջանում ՀՀ-ից հրավիրված մասնագետները վարպետության տարբեր դասընթացներ էին անցկացնում։ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` ՀՀ մասնագետների կարիքը զգացվում է։

«Մենք ինչ-որ ձևով կարողանում ենք այդ ամենը փոխլրացնել։ Կան թե՛ ազգային, թե՛ դասական արվեստի զարգացման հետ կապված խնդիրներ։ Եվ ՀՀ-ից հրավիրված մասնագետների կարիքը այսպես թե այնպես զգացվում է»։

Մասնակիցները փորձում էին շրջափակման հոգեբանական ազդեցությունը թաքցնել իրենց ելույթներում։ Լևոն Սարդարյանը կարծում է՝ աշակերտները այդ հարցում հաջողել են։

«Իրենք եկել են իրենց աշխատանքը անելու, արվեստը ներկայացնելու։ Բնականաբար հոգեբանական ազդեցություն կա, բայց համոզված եմ, որ արցախցին ամուր է, պինդ է, դժվարություններն էլ անցողիկ են, կհաղթահարենք»։

Մրցույթ-ստուգատեսը նպատակ ունի տաղանդավոր մասնակիցներին բացահայտելու, արվեստի դպրոցների միջև համագործակցությունը սերտացնելու, ինչու չէ՝ նաև ստեղծված իրավիճակում ստեղծագործելը շարունակելու, արվեստով դժվարությունները հաղթահարելու համար։

Last modified on Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023 18:31
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ