Ապրիլի 29, 2024

«Կին ձեռներեցներ» ծրագիրն արցախցիների համար ավարտեց աշխատանքը․ դրամաշնորհ կստանան ոչ միայն հաղթողները

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 11, 2023

Ամփոփվեցին ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակում արցախցիների համար մայիսին մեկնարկած ձեռնարկատիրական դասընթացները՝ երրորդ խմբի մասնակիցների համար:
Ծրագրի շրջանակներում 20 կին ձեռներեցներ Արցախի տարբեր շրջաններից ծանոթացել են բիզնեսի վարման ձեռնարկատիրական հմտություններին։ նրանցից 16 հոգի, անցել են դրամաշնորհի փուլ։ Այսօր ՀԲԸՄ-ն հայտարարեց հաղթողների անունները և արցախյան գրասենյակի պատասխանատուները մասնակիցներին հանձնեցին ավարտական հավաստագրերը։ Սրբուհի Վանյանն է ներկա գտնվել ավարտական միջոցառմանը։

 Հարցազրույցի փուլն անցած 20 մասնակից կանայք, գրեթե 3 ամիս, անտեսելով Արցախում օրեցօր ծանրացող ճգնաժամը, հաղթահարելով սթրեսը, ընտանիքի ու բիզնեսի առջև ծառացած դժվարությունները, մասնակցել են ՀԲԸՄ կողմից կազմակերպված «Կին ձեռներեցներ» ծրագրի դասընթացներին։ Շրջափակման պատճառով` դասընթացներն առցանց էին ընթանում։

ՀԲԸՄ հայաստանյան թիմը, որ այս ամիսների ընթացքում համբերատար աշխատում էր մասնակիցների հետ՝ աջակցելով ցանկացած հարցով, առցանց միացավ միջոցառմանը՝ կիսելով արցախցի ձեռներեց կանանց ուրախությունը։ Ծրագրի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը ներկայացնում է նրանց, ում հետ ծրագրի մասնակիցներն այս ընթացքում սերտ կապի մեջ էին, բայց դեմքով չէին ճանաչում։ Ծրագրի պատասխանատու Տաթևիկ Մանուկյանը տվեց ավարտական միջոցառման մեկնարկը։

«Դրամաշնորհը սահմանված է երեք շահառուի համար և այն որոշվում է ըստ ձեր գնահատականների։ Սկսած ձեր ներկայությունների գնահատումից, բիզնես պլանի ու ավարտական թեստի գնահատականներից։ Բոլոր Ձեր գնահատականները տեսնում եք, շուտով նաև ձեր պրեզենտացիայի գնահատակնները կլինեն։ Դուք կտեսնեք նաև ձեր վերջնական գնահատականը»։

Հաղթողներից երրորդ մրցանակը` 1 միլիոն 600 հազար դրամ, Մարտա Դանիելյանինն էր, ով ձեռագործ աքսեսուարներ է պատրաստում ամենափոքրերի համար։ Էլեն Գևորգյանը կստանա 1 միլիոն 800 հազար դրամ, Էլենը հրուշակագործ է։ Առաջին մրցանակը Ռիմա Հայրապետյանինն է, ով պատերազմից հետո ջերմոցային տնտեսություն է հիմնել, ստացած 2 միլիոն դրամ դրամաշնորհն օգտագործելու է ջերմոցում հովացման համակարգ տեղադրելու նպատակով։

«Մենք կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները, գնել հողատարածք, ջերմոց կառուցել, որտեղ աճեցնում ենք մթերքներ, որոնք մատակարարում ենք տեղական շուկա»։

Հայ բարեգործական ընդհանուր միության Արցախի գրասենյակի աշխատակից Ռոզա Սայադյանը ծրագրի ընթացքի, հաղթողների ընտրության սկզբունքների մասին մանրամասներն է ներկայացնում։

«Մեր կանանց ուզում եմ շնորհակալությւոն հայտնել, որ չկոտրվեցին, չհանձնվեցին, այլ մասնակցեցին ծրագրին մինչև վերջ՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։ Ի սկզբանե դիմել են ծրագրին 60 հոգի, սկզբում մասնակցել 23, ապա 20 հոգի։ 16 հոգի մասնակցել են դրամաշնորհային փուլին։ Այս անգամ պարտվող չունեինք։ Ֆինանսավորվելու են բոլոր մասնակիցները։ Չնայած դրան մրցանակային տեղերը պահվել են»։

Հայ բարեգործական ընդհանուր միությունն Արցախի հետ է` նրա և՛ լավ, և՛ վատ օրերին, միշտ իր ծրագրերը հարմարեցնում է ստեղծված իրավիճակին։ Այս անգամ էլ կազմակերպությունը ոչ ստանդարտ լուծման գնաց:

Նման լուծումը ստեղծված իրավիճակն է թելադրել, նաև՝ մասնակիցների տոկունությունն ու նման պայմաններում ինչ որ արժեք ստեղծելու, չկոտրվելու կամքը։ Հետաքրքիր ու ուշադրության արժանի բիզնես նախագծերը շատ էին, բայց ժյուրիի ընտրության սկզբունքները, ենթադրվում է՝ ոչ դասական էին․ հաղթողներին զուգահեռ դրամաշնորհներ կստանան մյուս մասնակիցները ևս։

Հայ բարեգործականը շարունակելու է Արցախի թիկունքին լինել․ կգանք՝ հենց որ ճանապարհ լինի, անհամբեր սպասում ենք այդ օրվան, կարոտում, ասում են ծրագրի կազմակերպիչները, և ներկայացնում նոր ծրագիրը, որը շուտով մեկնարկելու է արցախցիների համար։

«Շուտով Արցախի համար կձևավորվի նոր խումբ՝ սննդի անվտանգության թեմայով դրա համար տեղեկացրեք ձեր ծանոթներին, մտերիմներին, ովքեր զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, կամ սննդի արտադրությամբ, ներգրավվելու մեր ծրագրին»։

Իսկ դրամաշնորհի ստացման ընթացակարգը դեռ չի ավարտվել և ՀԲԸՄ-ը շարունակելու է աշխատել կին ձեռներեցների այս խմբի հետ։ Առջևում համագործակցության նոր փուլն է, և արդեն կայացած փաստ է, որ արցախցի 20 կին արդեն ՀԲԸՄ մեծ ընտանիքի անդամ է և այսուհետ նրանց հոգածության ներքո է գտնվելու։ Իսկ ժամանակի ընթացքում իրենք էլ ավելի կվարպետանան ու նեցուկ կլինեն սկսնակներին։

Last modified on Կիրակի, 20 Օգոստոսի 2023 08:32
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ