Ապրիլի 29, 2024

«Նաիրի» ամառային ճամբարի շրջափակված առօրյան

By Մարգարիտա Ղուշունց Օգոստոսի 16, 2023

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն արդեն երրորդ տարին է կազմակերպում է ամառային ճամբար Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, անհետ կորած և վիրավորված մասնակիցների ընտանիքների զավակների համար: Յուրաքանչյուր տարի «Նաիրի» ճամբարն անց էր կացվում Հանքավանում։ Արցախում բնակվող շահառուները նույնպես հնարավորություն էին ունենում ՀՀ-ում մասնակցել ճամբարին։ Այս տարի, սակայն արցախաբնակների համար ճամբարի անցկացման վայրն ու ձևաչափը տարբեր էր։ Մարգաիրտա Ղուշունցն է ծանոթացել ճամբարի առօրյային։

Ժպիտներ, ոգևորվածություն, սեր ու հոգատարություն, «Նաիրի» ամառային ճամբարում ենք, հասցեն է փոխված. արցախցի շահառուներն այս տարի Ստեփանակերտում են հավաքվել։ Չնայած բազմաթիվ խնդիրներին ու սահմանափակ հնարավորություններին, այնուամենայնիվ կազմակերպվեց ճամբարը, ասում է Արցախում ՀԲԸՄ ծրագրերի ղեկավար Սասուն Բաղդասարյանը:

«Այս տարի մինչև վերջին պահը սպասում էինք, որ ճանապարհը վերաբացվի և հնարավորություն կունենանք երեխաներին տեղափոխել Հանքավան: Քանի որ դա չեղավ, մենք որոշեցինք անցնել պլան Բ-ին՝ այստեղ կազմակերպել ճամբարը։ Սովորաբար ճամբարը 10-12-օրյա տևողությամբ է անցկացվում, սակայն սննդամթերքի սղության պատճառով ստիպված օրերը կրճատել՝ դարձրել ենք հնգօրյա»։

Միայն սննդի սղությամբ չէր պայմանավորված ճամբարի ձևաչափի փոփոխությունը` ասում է Սասուն Բաղդասարյանը։ Տրանսպորտի բացակայության հետևանքով առաջացած խնդիրների պատճառով շատ երեխաներ չեն կարողացել մասնակցել ճամբարին։

«Ի սկզբանե քաղաքաբնակ երեխաների համար նախատեսված էր ցերեկային ճամբար եռանգամյա սննդով, նաև գիշերակացով, բայց տրանսպորտի բացակայությունը դա էլ փոխեց։ Շահառուներից շատերը տրանսպորտի պատճառով չեն կարողացել գալ շրջաններից։ Մենք նախապես բոլոր ծնողներին հարցրել ենք՝ հնարավորություն ունե՞ն երեխաներին բերելու ճամբար: Այս պայմաններում ծնողներ կան, որ հնարավորություն են ունեցել բերելու, ոմանք էլ չկարողացան բերել, նույնիսկ քաղաքում կա խնդիրը, ծայրամասից եկող երեխաների համար էլ դժվար է մինչև այստեղ հասնելը»։

Սասուն Բեկնազարյանն արդեն երրորդ տարին է, ինչ «Նաիրի» ճամբարի մասնակից է։ Եկել է Մարտակերտից, ասում է՝ չնայած գիտեր, որ նախորդ տարիների նման չի անցկացվելու, սակայն հին ընկերներին տեսնելու և նորերը ձեռք բերելու համար արժեր գալ։ Հիշում է նախորդ տարիների ճամբարական օրերը, կիսվում՝ տպավորություններով: 

«Սպորտային խաղեր էինք կազմակերպում, մի անգամ ֆուտբոլային խաղի հաղթողը մեր թիմը ճանաչվեց։ Նաև կավե տարբեր կուժեր էինք պատրաստում, նույնիսկ դրանցից մեկը մայրիկիս համար ինձ հետ բերել էի։ Ճամբարն ինձ նոր ծանոթությունների, կարողությունների բացահայտման հնարավորություններ է տալիս։ Եթե հաջորդ տարի էլ կազմակերպվի թեկուզ այս ձևաչափով՝ ես անպայման կմասնակցեմ»։

Սասունի ճամբարական ընկերը՝ Մաքսիմ Սաղյանն, ուրախ է տեսնել հին ընկերներին, ասում է՝ վերջին տարին է, որ մասնակցում է այս ճամբարին, հաջորդ տարի կլրանա 14-ը։

«Երեք տարի է գնում եմ «Նաիրի» ճամբար, երկու տարի Հանքավանում անցկացրինք: Երբ իմացա, որ այստեղ են անցկացնելու, էլի մեծ սիրով եկա մասնակցելու»։

Ճամբարի անցկացման ծրագիրը հարմարացվել է ներկա իրավիճակին, ասում է ՀԲԸՄ Արցախի ծրագրերի ղեկավարը։ Հինգ օրվա ընթացքում, երեխաների համար կազմակերպվել են տարբեր աշխատարաններ և հետաքրքիր ժամանց. ձեռագործ աշխատանք, մարզական, ինտելեկտուալ և ուսուցողական խաղեր, լող, հայկական ազգային երգ ու պար, մուլտֆիլմերի ու ֆիլմերի դիտումներ և քննարկումներ։ Ճամբարականներն ու կազմակերպիչները լիահույս են, որ «Նաիրի» ամառային ճամբարի բոլոր մասնակիցները հաջորդ տարի հիշարժան օրեր կանցկացնեն միասին՝ հենց Արցախում։

Last modified on Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023 13:30
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ