Ապրիլի 28, 2024

Անկախության տոնը՝ Արցախի սահմաններից դուրս

By Մարգարիտա Ղուշունց Սեպտեմբերի 02, 2023

Օրվա առթիվ Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում կազմակերպվում է ընդունելիություն: Հաջակցություն Արցախի նախատեսվում են իրազեկման համազգային ակցիաներ հայկական մի շարք քաղաքներում և արտասահմանում: Մարգարիտա Ղուշունցի անդրադարձը։

Անկախության 32 տարիների ընթացքում, առաջին անգամն է, երբ սեպտեմբերի 2-ին Արցախը հյուրեր չի կարողանում ընդունել։ Երեք տասնամյակ և ավելի աշխարհի տարբեր ծայրերից, այս օրը նշելու համար Արցախ էին գալիս բազմաթիվ հայեր և ոչ միայն։ Արցախ հասնելու անհնարինության պատճառով հազարավոր մարդիկ այսօր հավաքվել են Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։ Նախաձեռնությունը հասարակական գործիչ Թևան Պողոսյանին է։ Տոն օրն Արցախում նշել չեն կարող, սակայն գոնե այսօր 24 ժամ Արցախով ապրել կարող են, համոզված է Թևան Պողոսյանը։

«Ցավոք առաջին տարին է, երբ հնարավորություն չունենք Արցախ մեկնել, տոնել ազատ, անկախ Արցախի օրն Ստեփանակերտում կամ համայնքներից մեկում, ընկերական, բարեկամական շրջանակներում։ Քանի որ Հայաստանում ունենք ներկայացուցչություն և այն այսպես ասած՝ փոքրիկ Արցախն է, գաղափար առաջացավ կոչով դիմել, այստեղ անցկացնելու օրը»։

Կոչին արձագանքեցին հազարավոր մարդիկ, ասում է Թևան Պողոսյանը։ Առավոտյան 10:30-ից՝ Արցախով ապրողների հոսքը ներկայացուցչություն չի դադարում, ասում է։

«Իմ պատկերացմամբ՝ այս օրն ունի 24 ժամվա խորհրրդանիշ։ Մարդիկ դեռ կարող են գալ-գնալ, նկարվել, նշել, պարզապես մոտենալ, քաղցր խոսք ասել, կիսվել որևէ մեկի հետ և ընդհանուր գաղափարը դա է, որ Արցախը միշտ կարողացել է միավորել մարդկանց։ Բոլոր նրանք, ովքեր եկել են այստեղ նշելու և իրենց բարի խոսքն ասելու և իրենց աջակցությունը հայտնելու Արցախին և Արցախում ապրող իրենց հայրենակիցներին, որոնք կրում են անմարդկային զրկանքներ, բայց հանուն ցանկացած հայի պատվի, գլխավորը հենց դա է։ Հուսամ, որ իսկապես մենք այլևս չենք չափի այս տեսակի գաղափարները քանակներով»։

Թևան Պողոսյանը նաև կոչ է անում սոցցանցերի միջոցով այս օրը դարձնել Արցախի օր, թեկուզ՝ հեշթեգերի միջոցով: Արցախի անկախության օրվա հետ են համընկել նաև Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում կազմակերպվող բողոքի ցույցերը հաջակցություն Արցախի։ Համայն աշխարհը համախմբվել է՝ կանխելու Ադրբեջանի կողմից իրականացվող հայերի ցեղասպանությունն Արցախում, նախատեսվում է Լոս Անջելեսից դեպի Ֆրեզնո իրականացնել հարյուրավոր մեքենաների երթ՝ հրավիրելու ուշադրությունը դեպի Ալիևի հանցագործությունները մարդկության դեմ։ Համաժողովրդական երթը կմեկնարկի տեղական ժամանակով առավոտյան 8։00-ին, Գլենդեյլի Վերդուգո այգուց և կշարժվի դեպի հայկական «Արարատ» և «Մասիս Արարատ» գերեզմանատները՝ հարգանքի տուրք մատուցելու այդտեղ հանգչող ականավոր հայերին՝ Անդրանիկ Օզանյանին, Վիլյամ Սարոյանին, Սողոմոն Թեհլիրյանին և այցելելու ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանին՝ ասում է ակցիայի կազմակերպիչներից Տիրան Անթափլյանը։

«Սա համաժողովրդական ակցիա է, մենք համայն հայությանը կոչ ենք անում՝ ոտքի կանգնել, միանալ մեզ՝ հանուն Արցախի մեր ընկերների։ Նրանք պետք է իմանան, որ մենք իրենց կողքին ենք»։

Նմանատիպ հանրահավաքներ են նախաձեռնել հայկական սփյուռքի համայնքները՝ տասներեք երկրի տասնյոթ քաղաքներում, որոնց թվում են՝ Նիդերլանդները, Կիպրոսը, Գերմանիան, Անգլիան,Դանիան, Շվեյցարիան և այլն։ Հավաքներ կազմակերպողները՝ Արցախի այսօրվա իրավիճակով անհանգստացող, սրտացավ սփյուռքահայերն են։ Նրանց համախմբողն Արցախն է, ասում է Տիրան Անթափլյանը։

«Կուսակցության անդամ չենք, չենք պատկանում որևէ քաղաքական թիմի, մենք պարզապես սրտացավ մարդիկ ենք, որոնք ուզում են աջակցել Արցախին»։

Ակցիայի մասնակիցները կոչ են անում միջազգային հանրությանն ու դերակատարներին՝ անտարբեր չլինել, օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները բացելու Քաշաթաղի միջանցը, ապաշրջափակելու Արցախը, պատժամիջոցներ կիրառելու ալիևյան ռեժիմի վրա, դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող միջազգային օգնությունը։ Կարևոր է, որ քաղաքակիրթ աշխարհը մերժի և ոչ լեգիտիմ ճանաչի ուժի կիրառման միջոցով Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակը։ Ակցիաների մասնակիցները շարունակելու են պայքարել, որպեսզի միջազգային համայնքը ճանաչի Արցախի անկախությունը։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ