Մայիսի 03, 2024

Ստեփանակերտի Վիքիակումբը 7 տարեկան է

By Անի Աբաղյան Հունվարի 15, 2022
Անծանոթ բառ, արտահայտություն կամ տերմին լսելու դեպքում մեր ծնողները ժամանակին բացում էին հաստափոր բառարաններն ու հանրագիտարանները։ Մեզ օգնության է գալիս վիքիպեդիան։  21 տարի առաջ կամավորների մի խումբ՝  Ջիմմի Ուելսի և Լարի Սանգերի գլխավորությամբ է սկսել վիքիպեդիա նախագիծը։ Կարճ ժամանակում կամավորների բանակը համալրվեց։ 7 տարի առաջ էլ նախագծին կամավորագրվեցին Արցախից։ Այսօր կարևոր աշխատանքն Ստեփանակերտի վիքիակումբում կատարում են հիմնականում դպրոցահասակ երեխաները։
 
«Ես Ղազարյան Անիտան եմ, վիքիակումբ եմ այցելում արդեն 3 ամիս։ Վիքիպեդիան շատ կարևոր տեղեկատվական կայք է ինչպես ամբողջ աշխարհում,այնպես էլ Արցախում ու Հայաստանում ։ Մեր նախընտրած թեմաներով հոդվածներ ենք ստեղծում, հետո տեղադրում կայքում»։ 
 
Հիմա Ստեփանակերտի վիքիակումբի գլխավոր նախաձեռնությունն Արցախի գյուղերի մասին հոդվածների բարելավումն է։ Անցած 3 ամսվա ընթացքում նրանք խմբագրել, ճշգրտումներ են կատարել 30 հոդվածում։ Դեկտեմբեր ամսում Անիտան շատ հոդվածներ ու թարգմանություններ է արել։ Իր ամենաընթերցված հոդվածը «Խաչմաչ» գյուղի մասին է։ 
 
«Այդ դիտումները ինձ ավելի ոգևորեցին, և ես հիմա ուզում են ավելի շատ գրել Արցախի գյուղերի մասին»։ 
 
Ստեփանակերտի վիքիակումբի համակարգող Սոֆի Աբրահամյանը կարծում է, որ Արցախում ոչ ֆորմալ կրթությունը կարելի է լրացնել վիքիպեդիայի օգնությամբ։ 
 
«Վիքիպեդիան վայր է, որտեղ կարող ես զարգացնել քո քննադատողական ու վերլուծական հմտություններ, քո ստեղծարար միտքը։ Վիքիպեդիայում խմբագիրները տարբեր թեմաներ են ընտրում, դժվարանալու դեպքում էլ ես օգնում եմ նրանց»։
 
 Ստեփանակերտի վիքիակումբը տարբեր ավանդույթներ ունի։ Օրինակ՝  ամսական ընտրում են մեկ երկիր և հավաքում տեղեկություններ այդ երկրի քաղաքական ու տնտեսական, մշակութային ոլորտից, ուսումնասիրում նրանց հեղինակավոր գրողների, երգիչների, դերասանների կյանքն ու գործունեությունը։ Մյուս ավանդույթը մասնակիցներին ոգևորելու հատկություն ունի, պատմում է ակումբի ամենափոքր կամավոր Անգելինա Հայրիյանը ։ 
 
«Ըստ մեր ավանդույթի՝ ակտիվ կամավորները ստանում են «լավագույն խմբագիր» կոչումը և գիրք։ Կոչմանը ես էլ եմ արժանացել և ստացել Մարկ Արենի՝ «Սուրբծննդյան հրեշտակ» վիպակը»։ 
 
տեփանակերտի վիքիակումբն իր շուրջն է հավաքել ավելի քան 18 կամավորների։ Համակարգիչների պակաս ունեն,  հերթափոխով են այցելում ակումբ։ Այսօր էլ 8 հոգով են նշելու Վիքիպեդիայի համաշխարհային օրը։ 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ