Ապրիլի 28, 2024

Պարենի խիստ սղությունն ու պարենային անվտանգությունը Արցախում

By Անի Աբաղյան Օգոստոսի 19, 2023

 Շրջափակման առաջացրած պարենային անբավարարությունն ամռանը որոշ չափով մեղմվում է տեղական բերքի շնորհիվ: Սակայն, ուշ աշնանն ու ձմռանն իրավիճակը կարող է փոխվել։ Քաշաթաղի միջացքի ապաարգելափակման հարցը դեռ անորոշ է: Իսկ այս պահին Արցախում արդեն գրանցվում են թերսնման և սովամահության դեպքեր։ Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար ի՞նչ է հնարավոր անել, ինչպե՞ս ապահովել եղած պարենի գրագետ պահեստավորումը և ինչպե՞ս բարձրացնել պարենային անվտանգությունն Արցախում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ։

— Ստեղծված պայմաններում պարենի պահեստավորման ի՞նչ հնարավորություններ կան։

— Այսօր, երբ սովի սպառնալիքը խիստ առարկայական է, երբ դրսից պարենի մուտքի բոլոր ճանապարհները փակ են, ուղղակի հերոսական պետք է բնութագրել, որ Արցախը մտածում է ոչ միայն առօրյա հացի, այլ նաև վաղվա համար պարենի պահեստավորման մասին․ դրա հնարավորություններն առավել սահմանափակ են, բայց սպառված չեն։ Նախ անհրաժեշտ է օգնել քաղաքաբնակներին, որ իրենց բնակարանային պայմաններում զբաղվեն արագաճ ուտելի բույսերի մշակությամբ։ Այսինքն՝ պետք է արագ զարգացնել քաղաքային գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է անհապաղ խորհրդատվություն իրականացնի այս ուղղությամբ։ Հատկապես արդյունավետ է ուղղահայաց տեխնոլոգիաների կիրառումը, որոնց վերաբերյալ համացանցում շատ տեղեկություններ կան։ Երկրորդ կարևոր ուղղությունն այն է, որ քաղաքաբնակները պետք է պարենի, հացահատկի, ալյուրի, կարտոֆիլի, հատիկաընդեղենի, պանրի, կարագի, յուղի պաշարներ ձեռք բերեն գյուղից։ Բացի այդ պետք է վերապրոֆիլավորել ջերմոցային տնտեսությունները և դրանք կիրառել հասունացման կարճ տևողությամբ մշակաբույսերի աճեցման համար։

— Վաղ 90֊ականների նմանատիպ փորձից ի՞նչ դասեր են քաղվել կամ կարող են քաղվել։

— Կարծես թե պատմությունը կրկնվում է։ Հայաստանում էներգետիկ ու պարենային ճգնաժամի պայմաններում բնակչությունը բավականին փորձ էր կուտակել դրանց դիմակայելու առումով։ Հատկապես կիրառվում էր տնային պայմաններում ցորեն աղալն ու հաց թխելը, պահածոյացումը։ Այնպես որ մեր հնարամիտ տնային տնտեսուհիները գիտեն սովի սպառնալիքը հաղթահարելու շատ ձևեր»։

— Արդյոք հնարավո՞ր է սերմացուի պահեստավորումը նման պայմաններում։

— Կարևոր հարցադրում է սերմացուի պահեստավորման հարցը։ Սերմացուի պահեստավորումը գյուղատնտեսության նախարարության առաջնային խնդիրն է և կարծում եմ՝ այն հնարավորինս լուծվում է։ Բայց սերմացուի պահեստավորմանը պետք է ներգրավել նաև գյուղացիական տնտեսություններին․ այդ նպատակով նրանց պետք է տրամադրել կանխավճար ու շահագրգռման այլ միջոցներ։

—Հնարավո՞ր է բերքառատ սեզոնում նվազեցնել անասնապահական արտադրանքի (միս, ձու) մթերումը, հատկապես ձմռանը և վաղ գարնանը գլխաքանակի բարձրացման նպատակով։

— Կարևոր խնդիր է նաև մսի և մսամթերքի պլանավորված արտադրությունը, հատկապես որ մսի հետ կապված նման հնարավորություն կա, այսինքն՝ պետք է նպատակային ձևով պլանավորել կենդանիների սպանդը, իսկ ամենակարևորը՝ թե՛ գյուղերում, թե՛՝ քաղաքներում պետք է ավելացվի հավերի գլխաքանակը։ Ինչու՞ հավերի, որովհետև այս թռչունն ուտելիքի նկատմամբ քիչ պահանջկոտ է և համարյա ամեն օր հավկիթ է ածում, որը կարևոր սպիտակուց է խոհանոցի համար։ Նպատակահարմար է նաև ճագարաբուծության զարգացումը․ այս կենդանիները շատ արագ են բազմանում և սնվում են շատ էժան ու տարբեր կերերով։ Հետևաբար՝ նմանատիպ զբաղմունքն աջակցություն է սովի հաղթահարման գործում։

— Անտառային ուտելի բուսատեսակների հավաքչության և որսի ու ձկնորսության միջոցով ինչքանո՞վ է հնարավոր մեղմացնել պարենային անբավարարությունը։

— Իհարկե, լրացուցիչ ու կարևոր պաշարներ են նաև անտառային ուտելի բուսատեսակների հավաքչությունը, որսի և ձկնորսության զարգացումը։ Դրա հնարավորություններն Արցախում բավականին մեծ են։ Կարծում եմ՝ պետք է լայնորեն օգտագործել այն։

Last modified on Շաբաթ, 19 Օգոստոսի 2023 16:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ