Մայիսի 15, 2024

Ինչպե՞ս են գործում Ստեփանակերտի մանկապարտեզները առանց գազի

By Անի Աբաղյան Մարտի 10, 2022

Փայտը, վառարանի ճրճտյունն ու թեյնիկի թշշոցը համար 3  մանկապարտեզի բակում 90-ական թվականների կոլորիտն են ստեղծում: Այսօրվա ճաշի պատրաստությունը  խոհարարները երեկվանից են սկսել: Երեկ միսն են եփել, այսօր՝ ապուրը: Խոհարար  Անյա Հակոբյանը վստահ է, որ այսօրվա ճաշն ավելի համեղ է լինելու նախօրդներից: 

«Երեկ տնօրենի խնդրանքով եկել ենք միսը  եփել, պատրաստել, որ այսօր հասցնենք: Ինչպես ասում են, վառարանի վրա եփած  կերակուրն ավելի  համեղ է լինում՝ ծխի հոտով համեմված»: 

 Խմբասենյակներում մեկական  ջեռուցիչ են միացնում, բայց, միևնույնն է, ցուրտ է: Մանկապարտեզում տաք ջուր էլ չկա: Տնօրեն Լարիսա Ասրյանն ասում է, որ նախաճաշից առաջ երեխաներին լվացարան տանել չէին ուզում․ ջուրը սառն է: 

«Ըստ իս, այս պայմաններում երեխա պահելը մեղք է, որովհետև ինչքան էլ փորձում ենք տաքացնել սենյակները, միևնույն է ջերմաստիճանը նորմալ չէ: Ճաշ պատրաստելու խնդիր էլ ունենք: Այսօր երեխաներին սովորականի պես ապահովվելու ենք տաք ճաշով, որ ցուրտը շատ չզգան»:

 Սովորաբար  մանկապարտեզ հաճախում են 120-130 երեխա, իսկ այսօր ներկա են  64-ը: Դաստիարակները երեխաներին տաքացնելու այլընտրանքային միջոցներ էլ ունեն. ավելի շատ են մարմնավարժություն անում, երգում, պարում. այնքան, որ  թշիկներն էլ են կարմրում: Մանկապարտեզի տնօրենն այլընտրանքների մասին է մտածում, բայց հուսով է, որ կարիքը չի լինի: Համար  3 մանկապարտեզի բակում այգեպանը բակի ծառերի չորացած ճյուղերից 3-4 օրվա վառելափայտ է կուտակել: Չնայած գազամատակարարման խափանման հետևանքով մայրաքաղաքում հացի արտադրամասերից մի քանիսը չեն գործում,   մանկապարտեզները բավարար քանակությամբ հաց է մատակարարվում: Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանն ասում է՝  կթօջախները փակելու խնդիր առայժմ չի քննարկվում։

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 11 Մարտի 2022 06:16
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ