Մայիսի 19, 2024

Մարտակերտում «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց է բացվել

By Անի Աբաղյան Նոյեմբերի 14, 2022

Մարտակերտում «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցի բացումը մեկնարկել է սաների փափուռի պարով: Աշխատանոցը բացվել է Մարտակերտի քույր քաղաքի՝ ֆրանսիական  Սարսելի և  տեղի հայ համայնքի միջոցներով։ Այստեղ կարող են սովորել 14 տարեկանից բարձր տղաներն ու աղջիկները՝ մանրամասնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։ 

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ավելի բարձր փուլն է: Եթե «Արմաթը» բոլոր դպրոցներում է լինելու, այս աշխատանոցը՝ բոլոր քաղաքներում: Այստեղ կարող են հաճախել Մարտակերտի շրջանի գյուղերի աշակերտները: Մեկ տարվա դասընթաց է լինելու, որի ընթացքում աշակերտները կսովորեն թռիչքներ կառավարել և տեսական գիտելիքներ ստանալ ԱԹՍ-ների վերաբերյալ, ինչպես նաև պատրաստ լինել իրականացնել ԱԹՍ-ների տեխնիկական պատրաստում: Աշխատանոցը միայն տղաների համար չէ նախատեսված, կարող են նաև աղջիկներ հաճախել, բայց այն տղաները, որոնք ժամկետային ծառայության կանցնեն, ստացած գիտելիքները կկիրառեն ծառայության ժամանակ»:  

«Արմաթ» ծրագրի իրագործումը հատկապես հետպատերազմյան շրջանում կարևոր ու նշանակալի իրադարձություն է՝ ասում է  Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: Նա «Արմաթ» ծրագրի մեծ ջատագովներից է։

«Մեր կարիքներն ու հնարավորությունները շատ ավելի մեծ են: Արցախում շատ արագ պետք է ընդլայնել «Արմաթ»-ի աշխարհագրությունը և «Արմաթ»-ում ընդգրկված երեխաների քանակը: Սա մեծ հնարավորություն է, որի մասին բոլորս երազում ենք, բայց հնարավորությունները լավ չենք պատկերացնում: Եվ ես համոզված եմ, որ այստեղ՝ Մարտակերտում, ստացած գիտելիքներն ու կարողությունները տարիներ անց երեխաները կիրառելու են տարբեր ոլորտներում: Սա ուղղակի հիմքն է դառնալու մեր երեխաների հետագա զարգացման, գիտնականներ դառնալու և անվտանգության ոլորտում ներդրումներ ու լուծումներ գտնելու համար»:

 Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը շնորհավորանքի և շնորհակալական խոսք է հղել «Արմաթն օդում» ծրագրի կազմակերպիչներին ու աջակիցներին:

«Հուսանք, որ մենք մեր հայրենիքը կկարողանանք պահպանել ու նմանատիպ լաբորատորիաները կլինեն այն հիմնաքարը, որով կկարողանանք ունենալ այնպիսի սերունդ, որ կարողունակ կլինի պաշտպանել ու պահպանել մեր Արցախ աշխարհը: Հաջողություն մեր ապագա սերնդին այդ հարցում»:

«Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցի բացմանը ներկա էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Մարտակերտի վարչակազմի ղեկավարն ու պաշտոնատար այլ անձիք:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ