Մայիսի 03, 2024

Ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ. Արտակ Բեգլարյան

By Արցախ լրատվական Օգոստոսի 18, 2023

Բերձորի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը երեկ 17:55-ին կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Արցախի մասնագետները ռուսաստանյան խաղաղապահների հետ միասին երեկ երեկոյան փորձել են մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել:

«Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը:», նշել է Բեգլարյանը:

«Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ: Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել է շուրջ 130 անձ` 27 երկրից: Այժմ` Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո», գրել է Արտակ Բեգլարյանը:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ