Ապրիլի 26, 2024

Հայ-վրացական «Բարեկամությունը» կես դար վերանորոգման կարիք չի ունենա

By Գիտա Էլիբեկյան Հուլիսի 25, 2022
Հայաստանի և Վրաստանի դարավոր բարեկամական կապն ամրապնդվեց նոր «Բարեկամություն» կամրջի կառուցմամբ: Այսուհետ սահմանին գործող նեղ, հին կամրջի փոխարեն Վրաստան-Հայաստան ելումուտը տեղի կունենա նոր կամրջով՝ մոտ 200 մետր երթուղին պատված Հայաստանի և Վրաստանի դրոշներով։ Ծրագիրը հայ-վրացական դարավոր բարեկամության ևս մեկ կարևոր խորհրդանիշն է, վստահեցնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն՝ նշելով․ «Մենք դեռ շատ կամուրջներ ու ճանապարհներ պիտի միասին կառուցենք, որպեսզի հայերն ու վրացիները լավ ապրեն»։ Բարեկամություն կամուրջը Հայաստանն ու Վրաստանը հիմնական կապող անցակետում է՝ Բագրատաշեն-Սադախլոյում․ այն երկու երկրների միջև և ուղևորափոխադրումների, և բեռնափոխադրումների առումով հիմնական օգտագործովող անցակետն է։ Ավելին՝ Հայաստանի հյուսիսային ուղղությունը՝ Վրաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների հետ անցնում է հիմնականում հենց այս անցակետով ու այս կամրջով։ Ամենաինտենսիվ շահագործվող ուղղությունն է, նաև դեպի Լարս տանող ճանապարհը։ Արդյունքում ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ, դյուրին առևտուր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև՝ ասում է կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը։ Երկու երկրներում էլ նշում են՝ սահմանային ենթակառուցվածքի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի, որ նպաստելու է հարևան պետությունների միջև փոխգործակցությանն ու զարգացմանը։ Սա նման մասշտաբի և ծավալի առումով տրանսպորտի ոլորտում հայ-վրացական համատեղ առաջին գործակցությունն է, ընդգրկված էր նաև Վրաստանի կառավարության առաջնային նախագծերի շարքում՝ դիտարկվելով երկու երկրների առևտրաշրջանառության աճի սկիզբ։ Ի դեպ, Հայաստանն ու Վրաստանը մինչև համավարակը նշաձող էին սահմանել երկկողմ առևտրաշրջանառության ծավալը միջնաժամկետում հասցնել տարեկան 1 միլիարդ դոլարի, համավարակի ընթացքում՝ վերջերս էլ վերահաստատեցին որոշումը՝ 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառությանը հասնել մինչև 2026 թվականը։ Նշվում է, որ «Բարեկամություն» կամրջի շահագործումը ևս լավագույնս կնպաստի այդ նպատակին։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ