Հունիսի 06, 2023

Ինչպե՞ս կարող են զարգանալ իրանա-իսրայելական հարաբերությունները, և ի՞նչ ազդեցություն դրանք կունենան Հայաստանի վրա

By Դավիթ Եղիազարյան Մարտի 16, 2023

Իրանի և Իսրայելի հարաբերություններն ունեն շատ հետաքրքիր և բազմահյուս պատմություն: 2000-ական թվականների սկզբից այդ հարաբերություններն սկսել են կտրուկ վատանալ՝ վերջիվերջո վերածվելով միջնորդավորված պատերազմի: Վերջին տարիներին իրանա-իսրայելական հակամարտությունը շատ սերտ փոխկապակցված է նաև հայ-ադրբեջանական հակամարտության հետ: Իսրայելական «Հաարեց» պարբերականը մարտի 6-ին հրապարակեց մի հոդված, որում նշվում է, որ վերջին յոթ տարիների ընթացքում Իսրայելից Ադրբեջան կատարվել է ռազմամթերք տեղափոխող բեռնատար 92 չվերթ: Այդ ընթացքում հայ-ադրբեջանական բոլոր ռազմական բախումներից առաջ և հետո նշված չվերթներն ավելի են հաճախակիացել: Արդյոք, իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ուղղված է միայն իրանա-իսրայելակա՞ն հակամարտությանը։ Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի կարծքով հարցը բազմաշերտ է.


«Առաջին հերթին Իսրայելը «փքում է» Ադրբեջանին, որպեսզի Իրանի շուրջ ստեղծի լարվածության կետ: Բայց, բնականաբար, ստեղծվում է իրավիճակ, երբ Հայաստանի և Իսրայելի շահերը, համենայն դեպս, Հարավային Կովկասում, չեն համընկնում, շատ հարցերում էլ՝ բախվում են: Իսրայելը Հայաստանին ընկալում է որպես Իրանի մերձավոր գործընկեր, երբեմն նույնիսկ հռչակում է որպես դաշնակից, բայց այդ հարաբերությունները չունեն այնպիսի բնույթ, ինչպիսին է, օրինակ, իսրայելա-ադրբեջանականը: Բայց պնդելը, թե Իսրայելի գործողությունները թելադրված են այն բանով, որ Հայաստանը համագործակցում է Իրանի հետ, չափազանցություն կլիներ, նաև այն պատճառով, որ Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը, ըստ էության, ավելի խորն է, բացառությամբ քաղաքական և դիվանագիտան ճգնաժամի, որի ականատեսն ենք հիմա»:


Իրանը վերջին շրջանում սկսել է բարելավել հարաբերությունները Պարսից ծոցի արաբական երկրների հետ: Մեկ շաբաթ առաջ Իրանը և Սաուդյան Արաբիան հասան հաշտության: Երկու երկրների հարաբերությունները թեև երբեք էլ հարթ չեն եղել, սակայն վերջին տարիներին դրանք շատ լարված էին: Թեև Սաուդյան Արաբիան ևս չունի դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ, բայց եղել են դեպքեր, երբ չի խոչընդոտել, որ վերջինի ռազմական ինքնաթիռներն անցնեն իր օդային տարածքով և հարվածներ հասցնեն Իրանի տարածքում: Իրանագետ Ժաննա Վարդանյանը կարծում է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավումը թեև չի բացառի վերջինի տարածքի օգտագործումն Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար, բայց կնվազեցնի դրա հավանականությունը և Իրանին որոշ չափով թույլ կտա ապահովագրել իր թիկունքը՝ այլ ուղղություններով կենտրոնանալու համար.


«Իրանի շուրջ այս լարված իրադրության պայմաններում, երբ անընդհատ կա Իսրայելից Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ տարբեր դիվերսիաների և փոքր հարձակումների վտանգ, շատ կարևոր է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որովհետև եթե Իրանի դեմ լինեն ինչ-որ ռազմական գործողություններ, որոնք կլինեն ավելի մեծ մասշտաբի, ապա Սաուդյան Արաբիան ևս դաշնակից երկրների կողմից, մասնավորապես՝ Նահանգների կողմից կարող է դիտարկվել որպես հակաիրանական կարևոր կենտրոններից և օջախներից մեկը, ինչի հավանականությունն այդ հարաբերությունների կարգավորման դեպքում եթե ոչ վերանում, ապա՝ գոնե նվազում է, որովհետև Իրանը և Սաուդյան Արաբիան շարունակում են ունենալ շատ խնդիրներ»։


Սերգեյ Մելքոնյանը վստահ է, որ չնայած Հայաստանի և Իսրայելի բարդ հարաբերություններին, Հայաստանը կարող է փորձել ազդեցության լծակների միջոցով նվազեցնել Իսրայելի բացասական ազդեցությունը տարածաշրջանում.


«Հայաստանը կարող է օգտվել քաղաքական-դիվանագիտական գործիքակազմից, որպեսզի գոնե ինչ-որ չափով զսպի իսրայելական ակտիվությունը, որն ուղղված է անմիջականորեն Հայաստանի դեմ: Օրինակ, առաջարկել այն մոդելը, որը ժամանակին Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկել էր Ուկրաինային. որ իրենք կմատակարարեն սպառազինություններ, որոնք Ուկրաինան կօգտագործի այն տարածքում, որին հավակնում է, բայց ոչ այն տարածքում, որը Ռուսաստանի Դաշնությանն էր պատկանում մինչ հակամարտության սկիզբը, այսինքն՝ սահմանափակելով աշխարհագրությունը, որպեսզի չդառնալ գլոբալ էսկալացիայի պատճառ: Այստեղ կարող է լինել նույնը: Այինքն, եթե Հայաստանն իր գործընկերների, դաշնակիցների միջոցով կարողանա դա հասցնել Իսրայելին, որովհետև, բնականաբար Իսրայելը հաշվի չի նստի Հայաստանի հետ այդ հարցում, ապա՝ այդ դեպքում կստացվի որոշակիորեն նվազեցնել բացասական այն ազդեցությունը, որը Հարավային Կովկասում Իսրայելն ունի Հայաստանի վրա»:


Հայաստանի և Իրանի հարաբերությունները թեև բարիդրացիական են, սակայն մասնագետները վստահ են, որ դրանց ներկա մակարդակը բավարար չէ․ այդ հարաբերությունների  խորացումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի:

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ