Ապրիլի 29, 2024

Ի՞նչ վիճակում է գտնվում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Կոռնիձոր-Տեղ ճանապարհահատվածը

By Դավիթ Եղիազարյան Մարտի 30, 2023
Հայաստանի Հանրապետության Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ Վարչապետը խոսել է երթուղու փոփոխության մասին։ Նրա խոսքով՝  ըստ նախնական պայմանավորվածության Բերձորի միջանցքով անցնող Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու ժամանակավոր հատվածով երթևեկությունը նախատեսվում էր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը, ինչից հետո Ստեփանակերտ-Գորիս մայրուղով երթևեկությունը Արցախի և Սյունիքի սահմանային հատվածում պիտի տեղափոխվեր Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհ․
 
 «Ինչպես տեղյակ եք, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի պետական սահմանի պահպանությունը»։  
 
Ի՞նչ վիճակում է գտնվում Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհից մինչև  Հակարի գետի կամրջի հետ  հատման  ճանապարհահատվածը։   Գործառական ի՞նչ վիճակում է գտնվում Կոռնիձոր-Տեղ հատվածը  և արդյոք հանարավո՞ր է դրանով լիարժեք հաղորդակցության կազմակերպումը։ Եթե նախապես հայտնի էր, որ երթուղու փոփոխությունը նախատեսվում է ապրիլի 1-ից, ապա ինչու՞ Արցախում բնակչությունը չէր տեղեկացվել այդ մասին, ինչն էլ պատճառ է դարձել ադրբեջանական զորքերի երեկվա տեղաշարժի տարատեսակ մեկնաբանությունների։  Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից  մեր այս հարցերին չպատասխանեցին՝   «Քանի դեռ ճանապարհը փակ է, նախարարությունը նպատակահարմար չի համարում այդ հարցերին պատասխանել» հիմնավորմամբ։  «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի տնօրեն Գոռ Ավետիսյանը նշում է, որ այս պահին Կոռնիձոր-Տեղ հատվածով արդեն հնարավոր է իրականացնել մարդկանց և բեռների տեղափոխում, սակայն  այդ հատվածում աշխատանքները նախատեսվում է լիարժեք ավարտել ապրիլի 30-ին․ 
 
«Ճանապարհի 11,4 կիլոմետր ընդհանուր երկարությունից շուրջ 10,8 կիլոմետրն արդեն ասֆալտապատ է։ Շուրջ 9 կիլոմետրից ավելին արդեն երկշերտ ասֆալտապատ է, իսկ երրորդ շերտը կտեղադրվի ապրիլի վերջերին։ Այս պահին ունենք շուրջ 700 գծամետր երկարությամբ գրունտային ճանապարհ, որի վրա տեղադրվել են ենթահիմքն ու հիմքը, ասյինքն՝ ամբողջությամբ պատրաստ է ասֆալտապատման, կարծում եմ այս երկու օրվա ընթացքում այդ հատվածը նույնպես կասֆալտապատվի և մինչև ամսի մեկը մենք կունենանք ամբողջապես ասֆալտապատ ճանապարհ։ Եթե չէ՝ այն բոլոր տեսակի մեքենաների համար երթևեկելի ճանապարհ կլինի։ Երթևեկելի մասի վրա կատարվելիք ճանապարհաշինական աշխատանքներից մնալու է միայն ասֆալտապատման երրորդ շերտի տեղադրումը, որը երթևեկությանը չի խոչընդոտի։ Ապրիլի մեկից հետո նախատեսում ենք 20-25 օրվա ընթացքում տեղադրել այդ ամբողջը և ամսվա վերջին մի քանի օրվա ընթացքում ասֆալտապատումն անել»։ 
 
Ըստ ՆԳՆ տարածած հաղորդագրության, նոր երթուղով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ